(armenpress.am) Ավելի քան 30 տարի Արփի Հոջաջանյանը Ուրուգվայի հայ համայնքում զբաղվում է գաղութային, հայապահպան գործունեությամբ:
Նա Ուրուգվայի ՀՅԴ «Վռամյան» կոմիտեի ներկայացուցիչն է եւ վերջին շրջանում գործունեության հիմքում Հայ դատն ու Հայոց ցեղասպանության ճանաչման ու լուսաբանման հարցերն են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հոջաջանյանը ներկայացնում է Ուրուգվայի հայ համայնքի գործունեությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրականացվելիք աշխատանքները:
-Ինչպե՞ս կգնահատեք Ուրուգվայի հայ համայնքի դերը: Ինչո՞վ են զբաղվում եւ ի՞նչ առանձնահատկություններ ունեն:
-Ուրուգվայի հայ համայնքը կայացած է Հայաստան-Ուրուգվայ երկկողմ հարաբերությունների զարգացման արդյունքում: Շնորհիվ դրա, հայ համայնքը ինտեգրված է հասարակության մեջ, հայերն ու Հայաստանը շատ հարգված են տեղի ժողովրդի կողմից: Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունն է, խորհրդարանն էլ ի նպաստ Հայաստանի եւ Հայ Դատի բազմաթիվ կարեւոր որոշումներ է կայացրել: 2012թ. կրկին առաջինն աշխարհում Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահն այցելեց Արցախ: Սրանք կարեւորագույն արդյունքներ են, որ մշակել են Ուրուգվայի հայկական կազմակերպությունները տասնամյակներ շարունակ: Սրանք լավագույն պատասխանն են Ձեր հարցի, թե ինչպիսի դեր ունի հայ համայնքը Ուրուգվայում: Հայ համայնքի դերն ավելի կարեւորվեց, երբ հուլիսին նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Ուրուգվայ եւ երկու նախագահները միասին հանդես եկան հայտարարությամբ:
-Ինչպե՞ս է Ուրուգվայի հայ համայնքը նախապատրաստվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Ի՞նչ նախաձեռնություններով է համայնքը հանդես գալու:
-Շուրջ երկու տարի առաջ գաղութի բոլոր կազմակերպությունների ու եկեղեցիների մասնակցությամբ կազմվեց Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման հանձնախումբ, որն էլ կազմակերպչական ծրագրերով մշակում եւ համակարգում է 2015թ. ծրագրերը: Նախատեսված են բազմաթիվ ձեռնարկներ. ապրիլի 24-ին նախատեսված է համատեղ միջոցառում-ներկայացում, որը տեղի կունենա քաղաքի գլխավոր թատրոնում: Այդ միջոցառումը հարգանքի տուրք է` Ուրուգվայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 50-ամյակին: Ողջ տարվա ընթացքում նախատեսված են գրքերի հրատարակություններ, ցուցահանդեսներ, համերգներ: Տեղի կունենա նաեւ ավանդական երթ մայրաքաղաքի գլխավոր պողոտայում:
-Միջոցառումներին նախատեսվո՞ւմ է նաեւ Ուրուգվայի պետական այրերի մասնակցությունը:
-Երկրի իշխանությունները երկար տարիներ ի վեր ակտիվ մասնակցություն ունեն Հայոց ցեղասպանության ոգեկոչման ձեռնարկներին: Նախագահ, փոխնախագահ, ԱԳ նախարար, բազմաթիվ նախարարներ եւ խորհրդարանականներ կմասնակցեն համայնքի կողմից կազմակերպված բոլոր ձեռնարկներին: Նաեւ 14 տարի ի վեր խորհրդարանն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը միասին կազմակերպում են ապրիլի 24-ի ոգեկոչման ձեռնարկը, որն այս տարի տեղի կունենա խորհրդարանի դահլիճում:
-Ինչպիսի՞ն է Ուրուգվայի հասարակության տրամադրվածությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Արդյո՞ք հարցը քննարկվում է նաեւ Ուրուգվայի քաղաքական-փորձագիտական շրջանակներում:
-Ուրուգվայի հասարակությունը բավական իրազեկ է Հայոց Ցեղասպանության հարցի առնչությամբ, ուստի 100-րդ տարելիցը ընկալում է իբրեւ հայերին աջակցելու թվական: Ինչ վերաբերում է գիտական առումով հարցի քննարկմանը, ապա խորհրդարանն ու կառավարությունը հայ համայնքի հետ տեւական ժամանակ է` քննարկում են Ուրուգվայում Հայոց ցեղասպանության պետական թանգարան բացելու նախագիծը: Դա մեծ նախաձեռնություն է, որն այս պահին մշակման փուլում է:
-Ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալիս տեղի թուրքական համայնքը:
-Այստեղ թուրքական կազմակերպված համայնք կամ թուրքական ծագում ունեցող քաղաքացիական միություններ չկան, կան քիչ թվով անհատներ: Ոուրուգվայում գոյություն չունի նաեւ ադրբեջանական համայնք: Այս տարի հունիսին Ոուրուգվայում Ադրբեջանը դեսպանատուն բացեց, որի գլխավոր նպատակը հակահայկական քարոզչության իրականացումն է: Ադրբեջանի հակահայկական քաղաքականության հիմնական ոլորտները բիզնեսն ու խորհրդարանն են:
-Ի՞նչ գործունեություն է ծավալում հայ համայնքն Արցախյան հակամարտությունը երկրում ներկայացնելու առնչությամբ:
-Ուրուգվայի կառավարությունը բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի առնչությամբ` շեշտելով, որ կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, որին պետք է հասնել բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սակայն 2011թ. սեպտեմբերին Ուրուգվայի ներկայիս ԱԳ Նախարար Լուիս Ալմակրոն հայտնեց, որ Արցախի ապագա կարգավիճակը պետք է լինի կամ անկախ պետության, կամ Հայաստանին միանալու միջոցով: Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտության կարգավորման գործում համայնքի ջանքերին, ապա համայնքը շատ ակտիվ է եւ աջակցում է երկրի դիրքորոշմանը: Այս առումով հայ համայնքը բազմաթիվ ակցիաներ եւ զանգվածային միջոցառումներ է անցկացնում Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ: Բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում նաեւ համացանցում, որոնց նպատակն է Ուրուգվայի հասարակությանը ծանոթացնել Լեռնային Ղարաբաղի պատմությանն ու ներկա իրավիճակին:
Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի