Կայացաւ «Հայ Դատն այսօր» 11-րդ խորհրդաժողովը՝ Թեհրանում: Խորհրդաժողովի բանաձեւ-յայտարարութիւնը:

«ԱԼԻՔ», Կ. Դաւթեան – Արդէն 11 անընդմէջ տարիներ է, ինչ Հայ Դատի Թեհրանի յանձնախումբը նախաձեռնում է «Հայ Դատն այսօր» խորագրով խորհրդաժողով, որը ժամանակի պահանջի թելադրանքով ամէն տարի տարբեր թեմաներ է ամփոփում: 11-րդ խորհրդաժողովի խորագիրն էր՝ «Միացեալ Հայաստան. հնարաւորութիւններ-հեռանկարներ»:
Խորագիր՝ որը իր մէջ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին պարփակում էր յստակ նպատակ: Ինչպէս Թեհրանի Հայ Դատի գրասենեակից Արամ Շահնազարեանը իր բացման խօսքի մէջ նշեց. «Տարելից, որը մեզ յուշում է, որ մենք ունենք նոր անելիքներ, նոր հորիզոններ, որոնք պէտք է նւաճենք: …Իսկ, երբ անցում ենք կատարում ճանաչումից՝ պահանջատիրութիւն, ուրեմն այդ պահանջատիրութիւնը պէտք է յստակօրէն սահմանւի: Իսկ թէ ո՞րն է պահանջատիրութիւնը, եւ ո՞րն է մեր վերջնական տեսլականը….»:
Այդ հիմնական տեսլականի շուրջ էր, որ նոյ. 20-ին եւ 21-ին երկօրեայ քննարկումներ տեղի ունեցան Թեհրանի Հայ ակումբի սրահում կայացած 11-րդ խորհրդաժողովի ընթացքում:
Թւով 11 զեկուցաբերներ հրաւիրւած՝ Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից եւ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի պատասխանատուն, ինչպէս նաեւ զեկուցաբերներ Իրանից՝ մանրամասն անդրադարձան Հայ Դատի իրականացման ճանապարհին առկայ մարտահրաւէրներին, դրանց յաղթահարման ելքերին ու հնարաւորութիւններին, որոնք գոյութիւն ունեն աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում:
Խորհրդաժողովի նախագահողներն էին՝ Սեւան Պետրոսեանը, Սուրիկ Աբնուսեանը եւ Արբի Մարթինը: Բացման նիստին հրաւիրւեց արտայայտւելու Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:
Նա իր խօսքում կարեւորեց իրաւական ու քաղաքական դաշտում նման քննարկումների անհրաժեշտութիւնը:

Ապա հրաւիրւեց արտայայտւելու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Լեւոն Մկրտչեանը: Նա ողջունելով խորհրդաժողովի գումարման փաստը՝ յաւելեց, որ. «Այս խորհրդաժողովի գումարումը ինքնին այս տարածաշրջանում, իսլամական աշխարհի կարեւորագոյն երկրներից՝ Իրանում, նշանակալի երեւոյթ է»: Նա շարունակելով խօսքը՝ նշեց. «Ուրախալի է, որ այս նւիրւած համայնքում է, որ ձեւաւորւում է տեսիլքից դէպի գործնական լուծումներ որոնող գիտական աշխատանքների նման փուլը»:
Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի աշխատանքների մասին ծաւալուն բացատրութիւններ փոխանցելու համար, հրաւիրւեց նոյն գրասենեակի պատասխանատու Գասպար Կարապետեանը, որը մատնանշեց Եւրոպայի Հայ Դատի գրասենեակների աշխատանքների դիմաց ծառացած այն դժւարութիւնները եւ անելիքները, որոնք այսօր գոյութիւն ունեն ու անդրադարձաւ գրասենեակի մէկամեայ աշխատանքներին:
Սիրիայի Հայ Դատի յանձնախմբի անդամ Արամ Աւագեանը, հակիրճ բացատրութիւններ տւեց սիրիահայութեան ներկայ իրավիճակի մասին՝ նշելով, որ Սիրիայում եւս այս պահին ընթանում է Հայ Դատի լսարան՝ 10 զեկոյցներով:

Թեհրանի Հայ Դատի գրասենեակի ծաւալուն աշխատանքների մասին զեկուցեց Արամ Շահնազարեանը:
Հայ Դատի գրասենեակների աշխատանքների մասին զեկուցումներից յետոյ, լսարանը ունկնդրեց գլխաւոր թեմային առնչւող զեկոյցները, որոնցից առաջինը ներկայացրեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը հետեւեալ թեմայով՝ «Միացեալ Հայաստանի մեկնութիւնը՝ «Հայ Դատ» հասկացութեան մէջ եւ Միացեալ Հայաստանի գաղափարի իրագործման հեռանկարները»:
«Միացեալ Հայաստանի գաղափարի իրաւական պայմանները» թեմայով բանախօսեց «Մոդուս վիւենդի» կենտրոնի ղեկավար եւ ժամանակին Կանադայում Հայաստանի դեսպան Արա Պապեանը:
Երկրորդ օրւայ զեկուցաբերներն էին՝ Թեհրանի «ՀՈՒՍԿ» հաստատութիւնից՝ Իսակ Իւնանէսեանը, որը խօսեց «Հայկական Հարցը Թուրքիայի պետական, քաղաքական, հասարակական եւ մտաւորական շրջանակների տեսանկիւնից» թեմայի շուրջ: «Անկախ Քուրդստանի տեսլականն ու դրա հնարաւոր ազդեցութիւնը Միացեալ Հայաստանի ստեղծման վրայ» թեման շօշափեց Արամ Շահնազարեանը:

Զեկուցաբերներից էր՝ Լիբանանի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ եւ «Ազդակ» օրաթերթի շրջանային ու միջազգային լուրերի խմբագիր Վահրամ Էմմիեանը, որի թեման էր՝ «Արաբական աշխարհի արձագանգը՝ Մերձաւոր Արեւելքի քաղաքական զարգացումներին եւ դրանց հնարաւոր ազդեցութիւնը Հայկական Հարցի վրայ»:
Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի զեկոյցի թեման էր. «Իրանի արձագանգը Մերձաւոր Արեւելքի քաղաքական քարտէզի հնարաւոր փոփոխութիւններին»:

«Եւրոմիութեան հաւանական արձագանգը՝ Միացեալ Հայաստանի ստեղծման հեռանկարին» թեմայով բանախօսեց Գասպար Կարապետեանը: Հայաստանից հրաւիրւած քաղաքագէտ, բարձրագոյն կրթութեան փորձագէտ Նւարդ Մանասեանն էլ, իր զեկոյցը կառուցել էր «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հաւանական արձագանգը՝ Միացեալ Հայաստանի ստեղծման հեռանկարին» թեմայի շուրջ: «Անկախ Հայաստանի դերն ու նշանակութիւնը՝ Միացեալ Հայաստանի ստեղծման գործընթացում» թեմային անդրադարձաւ ՀՀ ազգային ակադեմիայի պատմութեան ինստիտուտի Հայկական Հարցի եւ Հայոց Ցեղասպանութեան բաժնի վարիչ դոկտ. Արմէն Մարուքեանը: «Արցախի դերն ու նշանակութիւնը Հայ Դատի համար տարւող պայքարի գործընթացում» թեմային անդրադարձաւ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:
Յատկանշական է, որ իւրաքանչիւր զեկուցաբերի ելոյթից յետոյ լսարանին առիթ էր տրւում հարցումների եւ տեսակէտների արտայայտման, որոնց արդիւնքում ընթանում էր բուռն քննարկումներ:
Խորհրդաժողովի վերջում հրաւիրւեցին արտայայտւելու Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի յանձնախմբի նախագահ Արմենուշ Առաքելեանը, որը զեկուցեց յանձնախմբի աշխատանքների մասին եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Գեւիկ Մկրտչեանը:
Խորհրդաժողովին ներկայ էին նաեւ՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ դեսպանութեան աշխատակազմը, Թ. Հ. թեմի ազգային իշխանութեան, մարմինների ու միութիւնների, Ատրպատականի եւ Սպահանի հայոց թեմերի ներկայացուցիչները:

«Հայ Դատն այսօր» 11-րդ խորհրդաժողովի բանաձեւ-յայտարարութիւնը

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ ս. թ. նոյ. 20-ին եւ 21-ին տեղի ունեցաւ «Միացեալ Հայաստան. հնարաւորութիւններ-հեռանկարներ» վերտառութեամբ «Հայ Դատն այսօր»՝ 11-րդ խորհրդաժողովը, նպատակ ունենալով վեր հանելու բոլոր մարտահրաւէրները, դրանց յաղթահարման ելքերը, հնարաւորութիւններն ու առիթները, որոնք առկայ են Հայ Դատի վերջնական տեսլականի՝ Ազատ, Անկախ, Միացեալ Հայաստանի ստեղծման գործում:

«Հայ Դատն այսօր»՝ 11-րդ խորհրդաժողովը լսելով ներկայացւած զեկոյցները, ծաւալւած քննարկումներն ու հնչեցրած մտքերը գտնում է.
– Հայ Դատի լուծման վերջնական տեսլականը եղել եւ մնում է Միացեալ Հայաստանի ձեւաւորումը, առանց որի դժւար է պատկերացնել հայ ժողովրդի լիարժէք կենսագործունէութեան ապահովումը՝ աշխարհաքաղաքական բարդ իրադարձութիւնների եւ զարգացումների համատեքստում:
– Միացեալ Հայաստանի սահմանումը բնորոշւում է Սեւրի պայմանագրով, եւ վիլսոնեան Իրաւարար վճռով:
Սրանք այն փաստաթղթերն են, որոնք չեն կորցրել իրենց այժմէականութիւնը եւ շարունակելու են պահպանել իրենց իրաւական ուժը, եթէ մենք օր առաջ քայլեր ձեռնարկենք դրանց կեանքի կոչման կապակցութեամբ:
– Անհրաժեշտ է ազգովի գալ այն համոզման, որ անկախ հաւատամքի, լեզւական եւ ապրելավայրի տարբերութեան, հայ ժողովրդի բոլոր մասնիկների ու բեկորների հաւաքական եւ համատեղ ջանքերի շնորհիւ է միայն, որ մեզ կը յաջողւի կեանքի կոչել Միացեալ Հայաստանի գաղափարը:
– Վերոնշեալ սահմանումից ելնելով, իւրաքանչիւր հայկական բեկոր կամ համայնք, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններն իրենց պետական համակարգերով պէտք է նպաստեն միջազգային հանրութեան կողմից Միացեալ Հայաստանի գաղափարի ընկալման եւ դրա կեանքի կոչման շուրջ դրական կարծիքի ձեւաւորման գործին:
– Միացեալ Հայաստանի գաղափարի կենսագործման համար անհրաժեշտ է մշակել ազգային, գաղափարախօսական-նպատակային ընկալում, որը կը նպաստի այս կապակցութեամբ ռազմավարութեան մշակման, որի հիմամբ հնարաւոր կը լինի վեր հանել բոլոր մարտահրաւէրները, այդ թւում Հայոց Ցեղասպանութեան հիմնահարցի համատեքստում 100-ամեայ պահանջատիրութեան պայքարի յստակ սահմանումն ու հիմնաւորումը, ճշտել դրանց յաղթահարման ուղիները, սահմանել հնարաւորութիւններն ու առիթները:
Հաւատում ենք, որ Միացեալ Հայաստանի եւ Միացեալ հայութեան տեսլականները միանգամայն իրատեսական եւ իրականանալի գաղափարներ են, որոնց շնորհիւ էլ, երաշխաւորւելու են հայութեան գալիք սերունդների բնականոն կենսագործունէութիւնը քաղաքակիրթ մարդկութեան ընտանիքում:

Թեհրան
21 նոյեմբերի
2014 թ.