(orer.eu) Սեպտեմբերի 27-28-ը Բուխարեստի Դուդյան Մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությունը Հայոց Սփյուռքի ձեւավորման գործում» գիտաժողովը, որը կազմակերպել էր Ռումինիայի Հայոց թեմը։ Գիտաժողովին ներկա էին տասներեք երկրներից ժամանած փորձագետներ, ինչպես նաեւ հոգեւոր ներկայացուցիչներ, այդ թվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Թեհրանի եւ Դամասկոսի թեմերից։ Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ եպս. Հակոբյանի բացման խոսքից հետո, Շահե վարդապետ Անանյանն ընթերցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը։ Այնուհետեւ ներկաներին ողջունեց Ռումինիայի պատրիարքական փոխանորդ Վարլամ Պլոյեշտանուն՝ փոխանցելով Ռումին Պատրիարքի խոսքը։ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը խոսեց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովրդի կրած տառապանքների եւ թուրքերի իրականացրած բնաջնջման ծրագրի մասին։ Նույն թեմայի շուրջ խոսեցին նաեւ Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, իսկ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի խոսքը փոխանցեց Սոֆիայի ՀԲԸՄ ատենապետ Սոնյա Ավագյան -Պետրոսյանը։
Այնուհետեւ գիտաժողովը շարունակեց իր աշխատանքները՝ անդրադառնալով ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին եւ տարբեր երկրներում Հայկական հարցի հետապնդման եւ լուսաբանման փորձառությանը։ Զեկուցողները ներկայացրին հայկական սփյուռքի ձեւավորման գործընթացը 20րդ դարասկզբից մինչեւ մեր օրերը։ Բուխարեստի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դահլիճում ելույթներ ունեցան Հարութ Սասունյանը (ԱՄՆ), Նիկոլա Դավիթյանը (Բելգիա), Սեպուհ արք. Սարգսյանը (Իրան), Կիրո Մանոյանը (Հայաստան), Հակոբ Կարապետյանը (Բուլղարիա), Արմաշ եպս. Նալբանդյանը (Սիրիա), Միհրան Դաբաղը (Գերմանիա), Շահե վրդ. Անանյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), Հակոբ Տեր-Խաչատուրյանը (Կանադա), Էլիզաբեթ Չուլջյանը (ԱՄՆ), Ժիրայր Չոլաքյանը (Ֆրանսիա), Հակոբ Ասատրյանը (Չեխիա), Տաթեւ եպս. Հակոբյանը, Վարդան Առաքելյանը, (Ռումինիա), Վերա Յագուբյանը (Լիբանան), Հովսեփ Պարազյանը (Հունաստան) եւ Աննիկա Թեորնե (Գերմանիա)։
Գիտաժողովի ավարտին ներկայացվեցին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանի «Զամկա» տպագրատան կողմից թարգմանաբար հրատարակված Հարութ Սասունյանի «100 հոդված Հայոց ցեղասպանության 100 ամյակի առթիվ» ռումիներեն ժողովածուն, ինչպես նաեւ Եվրոպայի Հայ Դատի կողմից պատրաստված ցեղասպանությանը, Ղարաբաղյան հիմնախնդրին եւ Խոջալուին նվիրված գրքույկները։ Ռումիներեն թարգմանությամբ նաեւ ներկայացվեց «Նուվել դը Արմենիի» ամսագրի պատրաստած «Պոգրոմ» փաստավավերագրական հետազոտությունը՝ նվիրված Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի եւ Մարաղայի ջարդերին։
Գիտաժողովի հաջորդ օրը Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, մատուցեց սուրբ եւ անմահ պատարագ, որի ավարտին Սեպուհ Սրբազանը քարոզեց, Արմաշ Սրբազանը խոսեց սրիահայության ներկա տագնապալի վիճակի մասին, իսկ առընթերական Շահե վրդ. Անանյանը փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը։
Պատարագից անմիջապես հետո առաջնորդարանին կից տարածքում բացվեց «Լույս» մանկապարտեզը, ուր այսուհետ կհաճախեն քսանից ավելի հայ մանուկներ։