«ԱԼԻՔ», Կ. Դաւթեան – «Ես նման եմ աղաւնու այս հասրակութեան մէջ, որ պէտք է շատ աչալուրջ լինի, ուստի՝ ես ճարպկօրէն պտտում եմ գլուխս աջ ու ձախ, վերեւ ու ներքեւ, որքան հնարաւոր է արագ, որ խուսափեմ շուրջս առկայ վտանգներից… Բայց, ես չեմ սարսափում, քանի որ այս հասարակութեան մէջ աղաւնիներին չեն կրակում»: Այնուամենայնիւ, 2007-ի յունւարի 19-ին թուրք ազգայնականների տմարդի գնդակի զոհ դարձաւ խաղաղասէր աղաւնու, բայց եւ հայ ժողովրդի արդար դատի հարցով արծւի խիզախութիւն ունեցող Հրանտ Դինքը:
Դեկտեմբերին 3-ին Ստամբուլում լոյս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի ժամանակի գլխաւոր խմբագիր, ականաւոր մտաւորական եւ յօդւածագիր Հրանտ Դինքի յիշատակին երեկոյ էր կազմակերպւել՝ նախաձեռնութեամբ՝ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան, նոյն հաստատութեան կենտրոնատեղիում:
Օրւայ դասախօսներն էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Հայաստանից՝ Արեւմտահայաստանի եւ արեւմտահայութեան հարցերի ուսումնասիրութեան «Ակունք» կենտրոնի թուրքերէն բաժնի վարիչ, պատմական գիտութիւնների թեկնածու, թուրքագէտ Մելինէ Անումեանը, որը Թեհրան է ժամանել մասնակցելու «Հայ Դատն այսօր» 10-րդ խորհրդաժողովին:
Միջոցառման սկզբում «ՀՈՒՍԿ»-ի անունից արտայայտւեց Արամ Շահնազարեանը՝ մէջբերումներ կատարելով Հրանտ Դինքի մտորումներից եւ ներկայացնելով դասախօսներին:
Յիշատակի երեկոյին ցուցադրւեց «Սպանւած աղաւնի» տեսաֆիլմը, որը խօսուն պատմում էր Հրանտ Դինքի անցած ուղու, նրա կեանքի եւ գործունէութեան մասին:
Ապա հրաւիրւեցին օրւայ դասախօսները: Մելինէ Անումեանը իր արտայայտութիւնն այսպէս սկսեց. «… Եւ որքան էլ ցաւալի լինէր նրա սպանութիւնը, այնուամենայնիւ, պէտք է արձանագրել, որ Դինքը հազւադէպ հանդիսացող անհատներից մէկն է եղել պատմութեան մէջ, ով շատ բան է փոխել ոչ միայն իր կեանքի ընթացքում, այլեւ՝ մահից յետոյ վերջինը՝ բնականաբար ակամայ….»:
Նա նաեւ անդրադարձաւ 1996 թւականին Դինքի խմբագրապետութեամբ հիմնւած «Ակօս» շաբաթաթերթի հետապնդած նպատակների մասին:
Դասախօսը նաեւ համապարփակ ձեւով ներկայացրեց թուրք ազգայնականների կողմից Դինքի մահափորձին յանգեցրած պատճառները:
Նա իր ելոյթի վերջին բաժնում ասաց. «Որքան էլ աբսուրդ թւայ ասածս, սակայն կարծում եմ՝ Դինքը դեռ ողջ է. նա շարունակում է գործել: Ինչո՞ւ, քանզի նրա գործը եւ նոյնիսկ այն, ինչի մասին նա միայն երազել էր, բայց չէր հասցրել իրականացնել կեանքի օրօք ներկայում շարունակում են նրա ընկերները՝ Հրանտ Դինքի անւան հիմնադրամի միջոցով»: Նա նաեւ աւելացրեց, որ այս տարւայ հոկտեմբերին Երեւանի միջնակարգ դպրոցներից մէկն անւանակոչւել է Հրանտ Դինքի անունով:
Յաջորդ դասախօսը՝ դոկտ. Կարէն Խանլարեանը ասաց. «Հրանտ Դինքը ունէր ե՛ւ գաղափարական, ե՛ւ քաղաքական խոր համոզումներ: Ինքը որպէս պարզ հայ չէր ներկայանում Թուրքիայի քաղաքական դաշտում, այլ ունէր իր յստակ կողմնորոշումը եւ քաղաքական ու յատկապէս գաղափարախօսական անցեալը»: Նա նաեւ անդրադարձաւ Թուրքիայի քաղաքական կեանքում Դինքի գործունէութեանը:
Դասախօսը նշեց. «Դինքը հաւատացած էր, որ Թուրքիայի ժողովրդականացման գործընթացով մէկտեղ պէտք է լուծւի Հայկական Հարցը»:
Դոկտ. Խանլարեանը ապա անդրադարձաւ ժամանակին Դինքի հետ ունեցած իր զրոյցներին՝ կապւած Հայոց Ցեղասպանութեանը եւ Թուրքիայի իրավիճակին:
Նշենք, որ միջոցառմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ազգային իշխանութեան ու մարմինների ներկայացուցիչները, Հայաստանից հրաւիրւած հիւրեր, որոնք մասնակցելու են «Հայ Դատն այսօր» 10-րդ խորհրդաժողովին: