«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ Արցախեան շարժման 25-ամեակին նւիրւած հանդիսութիւն

«ԱԼԻՔ», Կ. Դաւթեան – Արցախեան շարժման 25-ամեակը: Ամեակ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի նորօրեայ պատմութեան ամենամեծ սխրագործութիւնը: Այս առիթով, նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան, երէկ՝ դեկտ. 8-ի երեկոյեան, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում կազմակերպւել էր հանդիսութիւն:

Artsakh-Hoosk-2013Արցախի օրհներգով մեկնարկած ձեռնարկը զուգադիպել էր հայ ժողովրդի պատմութեան սեւ էջերից՝ Հայաստանի ահաւոր երկրաշարժի 25-րդ տարելիցին, որի զոհերի յիշատակը ներկաները յարգեցին մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ:

Հանդիսութեան յայտագիրը յագեցած էր բանախօսութեամբ, գեղարւեստական ծրագրով, երգչախմբային կատարումներով եւ ֆիլմի ցուցադրութեամբ:

Կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսքով, նաեւ հաղորդավարութեամբ հանդէս եկաւ Մելան Սեֆեանը եւ հրաւիրեց օրւայ բանախօսին:

«Ալիք» օրաթերթի խմբագրութեան անդամ բանախօս Արամ Շահնազարեանը բովանդակալից տողերով ներկայացրեց Ղարաբաղեան շարժմանը յանգեցրած դրդապատաճառները, հետագայ զարգացումները եւ ներկայ կարգավիճակը: Նա ընդգծեց. «Կարեւոր է այն, որ Արցախեան շարժման արդիւնքում ստեղծւեց նոր որակի հայ մարդ: Հայ մարդ, որի համար բացարձակ արժէքներ էին՝ անկախութիւնը, ազատութիւնն ու ժողովրդավարութիւնը»:

Ձեռնարկի գեղարւեստական բաժնում ոգեշունչ կատարումներով բեմ բարձրացաւ «Մաշտոց» քառաձայն երգչախումբը. գեղարւեստական ղեկավար եւ դիրիժոր՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեան, դաշնակահար՝ Արին Աւանէսեան: Խումբը կատարեց նաեւ «Ղարաբաղ» երգը, որի տողերը պատկանում են իրանահայ Սերոժ Մարգարեանին, իսկ երաժշտութիւնը մշակել է Ռազմիկ Օհանեանը:

Այնուհետեւ հրաւիրւեց արտայայտւելու Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Նա իր արատայայտութիւնների ընթացքում ասաց. «Արցախցին պայքարը մեզ խօսքով չսովորեցրեց, այլ՝ կեանքով: Արցախցին մեզ դաս տւեց, չասաց՝ սիրեցէք Ձեր հայրենիքը, ինքը սիրեց եւ արիւնը թափեց իր հայրենիքի համար»:

Jivan-Masis
Ծրագրի յաջորդ բաժնում հանդիսատեսը, դիտելով արցախցի ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Ընդհատւած մանկութիւն» վաւերագրական տեսաֆիլմը, ապրեց Արցախեան պայքարի՝ ցասումի, յուզումի, տառապանքի պահերը: Ֆիլմ, որը մասնակցել է Կաննի կինոփառատօնին եւ «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի մրցանակակիր է:

Ֆիլմի ցուցադրութիւնից առաջ՝ Հայաստանից ժամանած «Համազգային»-ի Կենտրոնական վարչութեան անդամ Մասիս Բաղդասարեանը հակիրճ տողերով ներկայացրեց ռեժիսորին եւ ցուցադրւող ֆիլմը: Նա ասաց. «Ֆիլմը մեր մասին է, մեր նորօրեայ կենսագրութեան մասին է… … Այսպիսի ֆիլմ կարող է ստեղծել միայն յաղթանակած կողմը: Նրանց համար, ովքեր ապրել են այդ ժամանակները, ֆիլմը հնարաւորութիւն է տալիս մէկ անգամ յիշելու, խորհելու եւ դրանով իմաստաւորելու իրենց ապրածը, տեսածն ու լսածը»:

Ֆիլմի ցուցադրութիւնից յետոյ՝ շնորհակալութեան ու երախտիքի արտայայտութիւն ունեցաւ ֆիլմի ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը՝ ուղղւած երեկոն կազմակերպողներին ու հանդիսատեսին, որը խրախուսական ներկայութեամբ գնահատում է իր արւեստը՝ ամենուր:

Վերջում կադրեր ցուցադրւեցին ռեժիսորի յաջորդ ֆիլմ «Թեւանիկ»-ից, որը դարձեալ պատկերում է Արցախեան ազատագրական պայքարը:

Նշենք, որ միջոցառմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորները, ազգային իշխանութեան, մարմինների, «Ալիք» հաստատութեան եւ միութիւնների ներկայացուցիչները: