Թուրքիան Հայաստանի ներկայիս իշխանությունների միջոցով է փորձում ժխտել Ցեղասպանության փաստերը. Կիրո Մանոյան

Թուրքիան ՀՀ-ի հետ անմիջական բանակցությունների, ինչպես նաև Ադրբեջանի միջոցով ցանկանում է հայ ժողովրդի և միջացգային հանրության օրակարգից հանել մարդկության նորագույն պատմության առաջին ցեղասպանության՝ Հայոց մեծ եղեռնի հարցը։ Չնայած Արցախի Հանրապետությունը բռնի հայաթափված և օկուպացված է, բայց Անկարան չի շտապում բացել Հայաստանի հետ սահմանը, որը փակելիս հենց Արցախի պահանջն էր դրել։ Այս իրավիճակը ավելորդ անգամ փաստում է, որ Անկարայի առաջնային հիմնահարցը մնում է Ցեղասպանությունը և հայկական պահանջատիրությունը։ Հայոց ցեղասպանության 110 տարելիցի համատեքստում համամարդկային այս հիմնահարցի վերաբերյալ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի  գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև.

•Ցեղասպանության տարելիցն այնպիսի առիթ և պահ է, խորհրդանշական արժեք ունի, որ այս պայմաններում հնարավորինս ինչքան միասնականություն կարող է լինել, այնքան էլ կա, հայրենիքում՝ մի քիչ պակաս, քանի որ իշխանություններն այն քաղաքականությունն են վարում, որը լրիվ և՛ հակահայկական է, և՛ հակապետական։  Բայց հայ ժողովրդի մոտ կա միասնականության մի կողմից՝ ցանկություն, մյուս կողմից՝ զգացում։

•Համոզված եմ, որ այս քաղաքական խումբը ինչ-որ առաքելությամբ էր եկել իշխանության, որն այսօր իրականացնում է։ Բայց եթե ոմանց մոտ ինչ-որ կասկած կար, 2018թ-ին, երբ ասում էին, որ գալիս են հողերը հանձնեն, ապա 2020թ-ից հետո այդ կասկածը վերացել է։

•Խնդիրն այն է, որ այս քաղաքական խմբի նկատմամբ անվստահությունը չի վերածվում մեկ այլ հավաքականության, խմբի, կուսակցության, դաշինքի նկատմամբ վստահության աճի, բայց դա էլ ժամանակի հարց է, որովհետև բնությունը չի սիրում դատարկություններ։

•Եվրախորհրդարանն ավելի շատ ժամանակ է հատկացրել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը նշելուն, քան թե կհատկացնի Հայաստանի ԱԺ-ն այս մեծամասնությամբ, մինչև հիմա չի հատկացրել և, վստահ եմ, որ վաղն էլ չի հատկացնի։

 •Ինչպես Արցախի հարցում, այնպես էլ ցեղասպանության հարցում, մենք դրսում հանդիպում ենք նույն խնդիրներին՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականության պատճառով։ Այնտեղ մեզ ասում են՝ ձեր ասածը հասկանալի է, բայց Հայաստանի իշխանություններն էլ սա են ասում։

 •Մենք պետք է շարունակենք մեր պայքարը բոլոր ուղղություններով, նույնիսկ՝ ՀՀ-ի հզորացման ուղղությամբ քայլերը, ինչ-որ տեղ նույնիսկ չխորհրդակցելով ՀՀ իշխանությունների հետ։

 •Այսօր հարցերի մի կարևոր մասի իրական պատճառը Հայաստանի իշխանությունն են։

 •Կա Թալեաթի օրագիր կոչվածը՝ մի սև տետր, որի մեջ ձեռագրով գրված կան տվյալներ ամբողջ պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության մեջ բնակչության տեղաշարժի վերաբերյալ, հատուկ մի զեկույց էլ ունի հայության տեղաշարժի մասին։

•Թալեաթի այս ուսումնասիրությամբ 1917 թվականի սկզբի տվյալներով նա ասում է, որ 1 մլն հայի հետքը չկար։ Հայտնի էր, որ մնացածը մի նահանգից տեղահանվել հասել են այլ նահանգներ, Դեր Զոր և այլ վայրեր, բայց 1 միլիենը չկա։

 •Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում է Ցեղասպանության փաստերը ժխտել, որովհետև այլ առարկություններ չեն կարող լինել։

 •Ինչ-որ բաներ զիջել են Հայաստանի իշխանությունները, բայց, տակավին, թուրքերն իրենց ուզածը չեն ստացել, և իրենք հասկանում են, որ այս իշխանություններն առհավետ չեն մնալու, իրենց խոսքով՝ պատուհանը երկար բաց չի մնալու, և փորձում են այս հնարավորությունից օգտվել և այդ պատճառով էլ շտապում են։  

Հարցազրույցն ամբողջության՝ կցված տեսանյութում։