2020 թվականի Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմից հետո, որի հետևանքով Ադրբեջանը ներխուժեց և բռնագրավեց Արցախի զգալի մասը, 2020 թ․ նոյեմբերին ստորագրված համաձայնագրի բացահայտ խախտմամբ, Ադրբեջանը ուղիղ մեկ տարի առաջ 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ը ձեռնարկեց նոր ռազմական հարձակում: Այն տեղի ունեցավ իննամսյա շրջափակումից հետո, որը սովի էր ենթարկել Արցախի բնակչությանը։
Ռմբակոծվում էին բնակելի տարածքները և դպրոցները, իսկ բնակիչները շտապում էին ապաստարաններ հասնել։ Որոշ գյուղեր արդեն հայաթափվել էին ռազմական հարձակումների հետևանքով, իսկ ադրբեջանական զորքերը փակել էին գյուղերի միջև ճանապարհները՝ թույլ չտալով արցախցիներին վերցնել զոհերի մարմինները։ Վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին՝ փորձելով բենզինի տարաներ լցնել իրենց ընտանիքները տարհանելու համար։
Այսպիսով, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը իրականացրեց էթնիկ զտումներ՝ Արցախը վերցնելով իր վերահսկողության տակ և բռնի տեղահանելով 150 հազար հայ բնակչության։
Ներկայումս ադրբեջանական բանտերում ապօրինի կերպով պահվում են 23 հայ գերիներ, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ավելին, Ալիևի ռեժիմը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը Արցախում՝ ջնջելով հայկական ինքնությունը։ Խիստ մտահոգիչ է, որ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարվող հանցագործությունները քողարկվում են ՄԱԿ-ի COP 29 միջոցառմամբ, որը նախատեսված է 2024 թ․ նոյեմբերին Բաքվում։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը հաստատակամորեն կրկնում է, որ ցեղասպանության, ուժի կիրառման շարունակական սպառնալիքների և ցեղասպանության մշտական ռիսկի պայմաններում խաղաղությունը երբեք չի կարող տարածաշրջանում ապահովել կայունություն և անվտանգություն։ Միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ ղեկավարությունը, պետք է հանձն առնեն ապահովելու կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հիմնված երկարատևության և մարդու իրավունքների, հատկապես Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարգման վրա։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է զսպել Ադրբեջանի ագրեսիան և գործադրել համապատասխան ճնշում՝ Արցախի բնակչության իրավունքները պաշտպանելու նպատակով։
Բացի այդ, մենք Եվրոպական միությանը կոչ ենք անում անհապաղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու Բաքվում ապօրինի կերպով պահվող բոլոր հայ գերիներին։ Նաև կոչ ենք անում ԵՄ ղեկավարությանը և համապատասխան միջազգային կազմակերպություններին միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի հայկական հարուստ մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը կամ յուրացումը։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Արցախի հայաթափման առաջին տարելիցի առթիվ նկատել է․ «Երկու հազարամյակների ընթացքում առաջին անգամ ոչ մի հայ չի մնացել Արցախում՝ իրենց հայրական հողում, քանի որ Արցախն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի բռնագրավման տակ։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը շարունակելու է օժանդակել և պայքարել Արցախի ժողովրդի և իրենց հիմնարար իրավունքների համար, այդ թվում՝ միջազգային երաշխիքներով իրենց հավաքական վերադարձի իրավունքի և իրենց ազատ կամքը արտահայտելու իրավունքի: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, Հայաստանի կառավարության հետ միասին, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ պատանդներին և վերջ դնելու իր շարունակական ռազմական գործողություններին հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ»։