Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրավական կենտրոնի հովանավորթյամբ, հրապարակել է մանրամասն զեկույց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի երկարատև հակահայկական խտրական քաղաքականությամբ։ Զեկույցը վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական հարձակումը և հաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացված միջադեպեր չեն, այլ հայերի դեմ խորապես արմատացած ինստիտուցիոնալ քաղաքականության գագաթնակետ։
Զեկույցը տարբերակում է «էթնիկ զտումներ» և «ցեղասպանություն» հասկացությունները՝ նշելով, որ թեև ցեղասպանությունը սահմանվում է խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ, էթնիկ զտումները ներառում են որոշակի տարածքից խմբի բռնի հեռացում՝ բռնության և ահաբեկչության միջոցով: Արցախի դեպքում Եվրոպական խորհրդարանը և տարբեր փորձագետներ իրադարձությունները դասակարգել են որպես էթնիկ զտումներ, ոմանք այս դասակարգումը տարածել են նաև ցեղասպանության հանցագործության վրա՝ կապված ծանր պայմանների և համակարգված ոչնչացման սպառնալիքի հետ:
Զեկույցի ներկայացրած ապացույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունը, ներառյալ շրջափակումը և ռազմական գործողությունները, արտացոլում են Արցախի հայկական ներկայությունը արմատախիլ անելու միտումնավոր փորձ: 2022 թ․ դեկտեմբերին սկսված շրջափակումը սարսափելի պայմաններ ստեղծեց՝ սահմանափակելով հիմնական ապրանքների և ծառայությունների հոսքը, ինչը հանգեցրեց սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ պակասի։ Արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը հանգեցրեց համատարած թերսնուցման, առողջության վատթարացման և կրթական ու առողջապահական ծառայությունների խաթարման: Զեկույցը մանրամասնում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը թիրախավորել գյուղատնտեսական աշխատանքները և խոչընդոտել տեղական սննդի արտադրությունը՝ խորացնելով հայ բնակչության տառապանքը։
2023 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական հարձակումը ավելի սաստկացրեց ճգնաժամը։ Զեկույցը փաստում է, թե ինչպես է այդ հարձակումը, որ սկվել է ինտենսիվ մարտերով և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված համատարած վնասներով, հանգեցրել քաղաքացիական բնակչության զգալի զոհերի և տարհանման աշխատանքների լուրջ խափանումների: Ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ խաղաղ բնակչության խոշտանգումների և անդամահատումների մասին հաղորդումները ընդգծում են հարձակման դաժանությունը և այդպիսի գործողությունների նշանակությունը Արցախից հայ բնակչության բռնի տեղահանման գործում։
Զեկույցը նաև ընդգծում է հայկական մշակութային և կրոնական վայրերի շարունակական ոչնչացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք համակարգված ձևով ջնջում են հայկական հետքերը: Այս ավերումը ներառում է եկեղեցիների, պատմական հուշարձանների և խաչքարերի ոչնչացումը, ինչպես նաև հայկական մշակութային հետքերը վերացնելու համար հուշարձանների էության նենգափոխումը։ Զեկույցը պարունակում է արբանյակային պատկերներ և փաստաթղթեր այնպիսի կազմակերպություններից, ինչպիսին է “Caucasus Heritage Watch”-ը, ինչը ցույց է տալիս մշակութային ոչնչացման չափը, որ դատապարտված է միջազգային կառույցների կողմից, ինչպես UNESCO-ն և Եվրոպական խորհրդարանը:
Զեկույցն ընդգծում է, որ մշակութային այս ոչնչացումը և շրջափակման ազդեցությունը արտացոլում են ադրբեջանական հասարակության մեջ հակահայկական տրամադրությունների ավելի լայն օրինաչափություն: Այն նկարագրում է, թե ինչպես է ադրբեջանական պետական հռետորաբանությունը, ներառյալ հակահայկական բռնության հերոսացումը և հայերի նվաստացուցիչ պատկերները, ստեղծել ապամարդկայնացման և խտրականության միջավայր: Այս միջավայրը հավերժացվել է պետության կողմից աջակցվող նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է Բաքվի «ռազմավարի պուրակy» և սոցիալական ցանցերում տարածվող հակահայկական ատելության խոսքը:
Ավելին, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանության տակ գտնվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, ներառյալ քաղաքական դրդապատճառներով Արցախի քաղաքական առաջնորդների կալանավորումը և հակահայկական բռնության շարունակական հերոսացումը, արտացոլում է մարդու իրավունքների միջազգային չափանիշների անտեսումը: Այն ընդգծում է որ հայկական մշակութային ինքնության համակարգված ժխտումը և մշակութային ժառանգության վայրերի ոչնչացումը Արցախում հայկական ներկայությունը վերացնելու Ադրբեջանի ավելի լայն ռազմավարության անբաժանելի մասն է:
Եզրափակիչ մասում զեկույցը կոչ է անում միջազգային գործողություններ ձեռնարկել այս խախտումները վերացնելու համար՝ ընդգծելով տեղահանված հայ բնակչությանն աջակցության անհրաժեշտությունը: Այն նաև ընգդծում է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումների և Ադրբեջանում ինստիտուցիոնալ խտրականության հետ մեկտեղ, շարունակական վտանգ է ներկայացնում արցախահայության համար և ընդգծում է միջազգային միջամտության հրատապությունը՝ կանխելու հետագա վայրագությունները և աջակցելու հայերի իրավունքների և ժառանգության վերականգնմանը։
Զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
28 / 08 / 2024թ․