Հոլիվուդի Հայ Դատի Յանձնախումբը Հայոց Ցեղասպանութեան Տարելիցը Նշեց Մշակութային Ձեռնարկով

Հոլիվուդի Հայ Դատի յանձնախումբը՝ «Զարթօնք արուեստի միջոցով» խորագիրը կրող մշակութային ձեռնարկով նշեց Հայոց Ցեղասպանութեան 99րդ տարելիցը:
Ապրիլի 11ի երեկոյեան Հոլիվուդի Հայ կենտրոնի դահլիճը լեցուն էր. տարբեր քաղաքներից այցելած համայնքի անդամները հաղորդակից դարձան ամերիկահայ արուեստագէտների աշխատանքներին ու ներկայացումներին: «Արդէն երրորդ տարին անցկացուող այս ձեռնարկի նպատակն է ցոյց տալ, որ Ցեղասպանութիւնից յետոյ հայ ազգը ոչ միայն յարատեւել է, նաեւ՝ ստեղծագործում է եւ աշխարհին ներկայանում իր տաղանդաւոր արուեստագէտներով, հայկական կրթօջախներից՝ հայ պատանիներով, ովքեր իրենց շնորհքով ապագայում ներդրում են ունենալու նաեւ երկրի մշակութային կեանքում: Այս ձեռնարկը նաեւ առիթ է համախմբելու հայ արուեստի գործիչներին մէկ վայրում եւ նրանց յայտնելու մեր երախտագիտութիւնն ու քաջալերանքը», նշեց Հոլիվուդի Հայ Դատի յանձնախմբի խորհրդի անդամ Լարա Երիցեանը:

Միջոցառման յայտագիրը բազմազան էր. ճանաչուած նկարիչների կտաւները զարդարում էին սրահը, միաժամանակ, սիրուած ու յայտնի երաժիշտների հոգեպարար երաժշտութիւնը հանդիսատեսին տեղափոխում էր հայրենի եզերքներ: «Քեզնով եմ միայն զուարթ, երջանիկ՝ անոյշ հայրենիք, քնքոյշ հայրենիք» սիրուած երգի մեղեդիով ձեռնարկը մեկնարկեց «Էլեմենթ» խմբի հիմնադիր Արա Դաբանջեանը:

Կոմիտասի «Հով արէք» ստեղծագործութիւնը բրազիլացի ճանաչուած երգչուհի Տատեանա Պարայի կատարմամբ եւ հանրաճանաչ դաշնակահար երգահան Վարդան Յովսէփեանի նուագակցութեամբ՝ իւրատեսակ յուզմունք առաջացրեց ներկաների մօտ. օտարազգի երգչուհին ճշդօրէն կարողացաւ փոխանցել մեզ համար այնքան հոգեհարազատ մեղեդին իր ողջ խորութեամբ:

«Հիմնական համերգային գործունէութիւնս թէեւ տեղի է ունենում ամերիկեան երաժիշտների հետ, Միացեալ Նահանգների ու Եւրոպայի տարբեր քաղաքներում, սակայն հայկական հարցերն ու Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը միշտ առաջին տեղում են: Պատիւ է ինձ համար մասնակցել այս երեկոյին, եւս մէկ անգամ ցոյց տալու աշխարհին, որ հայ ազգը ստեղծագործ է եւ շարունակում է ներդրումը ունենալ համաշխարհային մշակոյթում: Միաժամանակ լաւ առիթ է՝ արուեստի միջոցով ներկայացնելու մեր պահանջը», նշեց Վարդան Յովսէփեանը: Համազգայինի «Անի» պարախմբի հեզաճկուն պարուհիները Արամ Խաչատրեանի «Ուզունդարա»ի եւ ժողովրդական «Գիւմրուայ Օրօր»ի անզուգական կատարմամբ եւս մէկ անգամ ընդգծեցին հայկական պարի առանձնայատկութիւնն ու գեղեցկութիւնը: Պարային համոյթին յաջորդեց երգչուհի Անի Քրիսթին՝ «Ես քո զաւակն եմ Հայաստան» երգով: Հարկ է նշել, որ կայացած արուեստագէտների կողքին իրենց ասմունքով ու երաժշտական կատարումներով փայլեցին Արշակ Տիգրանեան ու Ռոզ եւ Ալէք Փիլիպոս ազգային վարժարանների սաները, որոնք ներկայացրին հայ դասականների ստեղծագործութիւններ, իսկ «Էրեբունի Երեւան»ի նրանց կատարմանը ձայնակցում էր ողջ դահլիճը: Հայկական «Քոչարի»ով ձեռնարկը եզրափակեցին Իդա Աղախանեանի էստրադային ստուդիայի սաները:
Հայ դասական եւ ժամակակակից յայտնի արուեստագէտների աշխատանքները ցուցադրում էին Լոս Անջելեսում գործող «Մկրտչեան արուեստի պատկերասրահ»ը, որ ներկայացրեց ճանաչուած նկարիչներ Րաֆֆի Բոյին (Բոյաջեան), Արա Թեւկանցին, Ֆելիքս Եղիազարեանին: «Ինձ համար արուեստի իւրաքանչիւր ցուցադրութիւն տօն է եւ կարծում եմ, որ մշակոյթն է, որ պահում է հայ ժողովրդին: Մասնաւորապէս օտար ափերում, կարիք ունենք մեր երեխաներին, նոր սերնդին կրթելու եւ դաստիարակելու մեր մշակոյթով, որպէսզի տեղեակ լինեն եւ գնահատեն ազգային արժէքները», համոզուած է «Մկրտչեան արուեստի պատկերասրահ»ի հիմնադիր Արմէն Մկրտչեանը: «Սիլվանա» պատկերասրահն էլ ներկայացնում էր Տիգրան Հովումեանի, Ցոլակ Շահինեանի, Գարեգին Պապոյեանի ու Գրիգոր Մակուեցեանի աշխատանքները: Ներկայ էին նաեւ ամերիկահայ երիտասարդ, սակայն արդէն ճանաչում ունեցող նկարիչներ՝ Հայկուհի Թաթարեանը, Լարիսա Սաֆարեանը, Դրօ Արզուեանը, Արփինէ Շաղբանդարեանը, Քրիստինա Վարդազարեանն ու Վրէժ Խալաթեանը:

Հայաստանին ու Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած նորաձեւութեան իր բացառիկ հաւաքածուն ներկայացրեց դիզայնի պրոֆեսոր Մարինէ Բոյաջեանը: «Ցանկանում եմ շնորհաւորել Հոլիվուդի Հայ Դատի յանձնախմբին, որ նման կարգի միջոցառում էր կազմակերպել համայնքի համար եւ շնորհակալութիւն մեր հայ արուեստագէտներին, որ հայրենի հողից հեռու, կարողացել են հայկական շունչն ու ոգին փոխանցել մեզ իրենց ստեղծագործութիւնների միջոցով: Ուրախալի էր այսօր նաեւ համոզուել, որ հայկական ոգին ու ջիղը կրում են նաեւ մեր երիտասարդները», իր տպաւորութիւնները յայտնեց Գլենդելի քաղաքապետարանի Մշակոյթի եւ արուեստի յանձնախմբի անդամ Հրայր Շերիկեանը:

«Շատ տպաւորուած եմ, մասնաւորապէս, որ մեր պատանիների շրջանում հայ երգը, պարը, ասմունքը, գոյները այդքան վառ են ձեւաւորուած, եւ ականատեսը եղանք դրանց արտայայտման: Իսկապէս զարթօնքի էր նման այս օրը, եւ ինքս էլ մեծ յուզումով յիշում ու կրկնում էի մեր երգերն ու բանաստեղծութիւնները», նշեց Յասմիկ Աղաջանեանը: 15ամեայ Մարի Շահմանեանն էլ ուրախութեամբ նշեց, որ լաւ առիթ էր տեղեկանալու Հայ Դատի յանձնախմբի աշխատանքներին ու ծանօթանալու հասակակիցներին: Արմինէ Անտոնեանը ձեռնարկին այցելել էր ընտանիքի հետ. «Արուեստի միջոցով Հայոց Ցեղասպանութեան մասին բարձրաձայնելը շատ իւրօրինակ ձեւաչափ է: Այսպէս՝ մենք օտար ազգերին ներկայացնում ենք մեր վիշտը եւ ցասումը, թէ ինչու մենք չենք կարողանում հանդարտուել: Նաեւ՝ շատ հաճելի էր մի վայրում համախմբուած տեսնել մեր տաղանդաւոր հայրենակիցներին»:
Հայ Դատի Հոլիվուդի յանձնախմբի մշակութային միջոցառումը, կարելի է վստահաբար ասել, համահունչ էր խորագրին:

Ձեռնարկի հովանաւորներն էին «Ասպարէզ» օրաթերթը, «Հորիզոն» հեռուստաընկերութիւնը, Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան «Մուսա Դաղ» մասնաճիւղը, «Փափայա» հրուշակեղէնի խանութը, «Ֆրեշ» հիւթերի մատակարարը, «Սասուն» փուռը:

ԱՍՊԱՐԷԶ – ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ