Բրյուսելում բացվել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նոր գրասենյակը

ԲՐՅՈՒՍԵԼ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը Բրյուսելում նոր գրասենյակ է բացել։ Գրասենյակի բացման արարողությունը տեղի է ունեցել մարտի 24-ին։

Բացման արարողությանը ներկա էին գրասենյակի գնման համար անհրաժեշտ գումարը նվիրաբերած բարերար ամուսիններ Էվելինա եւ Մայք Սարյանները, ԵՄ-ում ՀՀ առաքելության ներկայացուցչի տեղակալ Վարդան Սարգսյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Ֆլանդրիայից եւ Վալոնիայից քաղաքական ու հասարակական գործիչներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը բացման ելույթում նշեց՝ 2002 թվականին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հիմնադրումից ի վեր՝ սա գրասենյակի պատմության ամենանշանակալից իրադարձությունն է։ «Հայ դատին նվիրածս 55 տարվա գործունեության ամենաերջանիկ օրն է։ Սա մեր բոլորի տունն է, Հայ դատի պայքարը շարունակելու օրրանը։ Խորհրդանշական է, որ մեր գրասենյակի դիմաց Հայաստանի դեսպանությունն է։ Մեզ համար կարեւորը պետությունն է եւ հայ ժողովրդի բարեկեցությունը, դրա համար էլ մեր գործունությունը միշտ միտված է պետականամետ օրակարգերի», – նշեց Գասպար Կարապետյանը։

ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ 15 տարի առաջ, երբ իր գործունեությունը սկսեց պետական կառույցներում, Սփյուռքի նախարարությունում զբաղվում էր հենց Բելգիայի հայ համայնքով եւ առիթ ունեցել է աշխատելու Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի հետ։ «Ձեր գործունեության քսան տարիների ընթացքում դուք իսկապես իրագործել եք կարեւոր եւ ազգանվեր գործունեություն՝ փորձելով բարձրաձայնել հայկական հարցերի մասին եւ միեւնույն ժամանակ պահպանել հայկական ինքնությունը, մշակույթն ու պատմությունը։ Շատ կարեւոր է Սփյուռքի հետ կապերի հզորացումը, քանի որ այս բազմաշերտ համագործակցությունն ունի ահռելի ներուժ եւ այն պետք է ճիշտ օգտագործել», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս օրերին, երբ Հայաստանը  լուրջ մարտահրավերների առջեւ է եւ  պայքարում է իր ինքնիշխանության,  անկախության, անվտանգության ու ժողովրդավարության համար, չկա այլ ընտրություն, քան միավորվելը։

Լեռնային Ղարաբաղի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե դը Բյուսն իր խոսքում նշեց՝ մեծ երջանկություն է մասնակցել գրասենյակի բացման արարողությանը։ «Ուղիղ 11 տարի առաջ  մենք ծանոթացանք այս հանձնախմբի եւ Գասպար Կարապետյանի հետ։ Նրանց ջանքերով ու նախաձեռնությամբ բախտավորություն ունեցանք ստեղծելու Արցախի հետ բարեկամության ֆրանսախոս խումբը եւ այցելել Արցախ։ Բացահայտեցինք այդ հրաշալի երկիրն ու բնությունը եւ սիրահարվեցինք։ Մենք միշտ ձեր կողքին կլինենք»,- ասաց Անդրե դը Բյուսը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ Բրյուսելը շարքային տեղ չէ, այլ Հայ դատի եվրոպական բոլոր նախաձեռնությունների իրագործման կենտրոնն է։ «Արցախի հարցը մեզ համար կորած չէ, եւ արցախահայության ինքնորոշման իրավունքը շարունակում է մեր պայքարի կիզակենտրոնում լինել։ Մենք շարունակելու ենք հարցը միջազգային օրակարգում պահել», – ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝  հավելելով, որ այս աշխարհը օրենքի աշխարհ է, եւ, եթե չպայքարենք իրավունքների համար, ապա դրանք շատ շուտ կկորցնենք։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում բելգիացի քաղաքական գործիչները միաբերան նշեցին՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն այն եզակի օղակներից է, որի ջանքերի շնորհիվ քաղաքական շրջանակները հայկական հիմնախնդիրների մասին տեղեկանում եւ հարցը օրակարգում են պահում։ «Հայ համայնքը շատ կարեւոր համայնք  է Բելգիայում եւ, չնայած մի քանի սերունդ հայեր են բնակվում այստեղ, հայ ժողովրդի ապրած ողբերգական եւ աղետալի օրերի մասին մեր քաղաքական դաշտն այդքան էլ տեղեկացված չէր։ Այս գրասենյակի օգնությամբ է, որ մենք տեղեկանում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում։ Նրանց կատարած աշխատանքը կամուրջի դեր ունի», – նշեց Բելգիայի Սենատի փոխնախագահ Գաեթան վան Գաուդզենհովենը։  

«Քաղաքական այս պայքարը Եվրոպայի սրտում՝ Բրյուսելում է իրականացվում։ Մենք՝ բելգիացի քաղաքական գործիչներս, Հայաստանն ու հայ դատը բացահայտեցինք այս գրասենյակի հետեւողական աշխատանքի շնորհիվ։  Բացահայտեցինք բառն եմ օգտագործում, քանի որ իսկապես մշակութային իմացությունից այն կողմ քաղաքական պայքարի ոչ մի նրբություն չգիտեինք, անտեսում էինք գրեթե ամեն ինչ։ Բելգիայի խորհրդարանականներն հարցի հանդեպ ավելի զգայուն դարձան գրասենյակի շնորհիվ», – նշեց Բրյուսելի խորհրդարանի նախկին փոխնախագահ Սերժ դը Պատուլը։  

Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս վան Հուֆի խոսքով՝ գրասենյակն իր զեկույցների եւ հարցադրումների համար անհրաժեշտ, առաջին ձեռքից տեղեկությունների հիմնական աղբյուրներից մեկն է։ «Շատ կարեւորում եմ գրասենյակի գործունեությունն, առանց որի մեր արած աշխատանքն անկասկած թերի կլիներ», – ասաց բելգիացի խորհրդարանականը։

Բոլոր ելույթներից եւ բարեմաղթանքներից հետո ելույթ ունեցավ բարերար Մայք Սարյանը, ով համառոտ ներկայացրեց իր ընտանիքի պատմությունը, որը Հայոց ցեղասպանության օրերին ուղարկվել է Դեյր Զոր անապատ։ «Մեծ ծնողներս չորս ամիս հետո վերադարձել են Ադանա։ Ծնվել է հայրս, ում անվանել են Երջանիկ․ ուրախ էին, որ վերապրեցին ցեղասպանությունը։ Սակայն, շատ չանցած, նրանք նորից հարկադրված էին լքել Ադանան ու տեղափոխվել  Լիբանան, իսկ Լիբանանից՝ ԱՄՆ։ Երբ հասանք ԱՄՆ, 16 տարեկան պատանի էի, գրպանումս հարյուր դոլար հազիվ թե լիներ։ Եւ իմ առաջ խնդիր դրեցի՝ եթե մի օր ավելի շատ փող աշխատեմ, պետք է օգնեմ ազգիս։ Այսօր երջանիկ եմ, որ նպաստում եմ ազգիս պայքարին», – ասաց Մայք Սարյանը։

Նոր գրասենյակի բացումը նշանակալից առաջընթաց է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի համար՝ վերահաստատելով հայ ժողովրդին, հայոց պետականությանը ծառայելու և եվրոպական մակարդակով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները պաշտպանելու հանձնառությունը։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ