Բաքվի ցեղասպան քաղաքականությունը դադարեցնելու միակ տարբերակը նրան ռազմական օժանդակությունից զրկելն է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց ANCA հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը:
«ԱՄՆ Սենատի ՝ «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագծի ընդունումը հստակ պատգամ է՝ ուղղված Բաքվին և Բայդենի վարչակազմին: Ըստ Սենատի՝ Բաքվի ցեղասպան քաղաքականությունը դադարեցնելու միակ տարբերակը նրան ռազմական օժանդակությունից զրկելն է: Դա պետք է լինի ոչ թե վերջին, այլ առաջին պատժամիջոցը, որ ամերիկյան կառավարությունը կարող է անել Բաքվի շարունակական հարձակվողական քաղաքականության դեմ: Թեև այս ամենը պետք է լիներ այն ժամանակ, երբ Ադրբեջանը տասը ամիս շարունակ շրջափակել էր Արցախը՝ մարդկանց ենթարկելով սովի»,- ասաց Չուլջյանը:
Նա ընդգծում է, որ շրջանցելով ռազմական օժանդակությունից զրկելու օրենքը՝ ամերիկյան կառավարությունը մեղսակից է դարձել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը:
«Նախագահ Բայդենը խոստացել էր հարգել 907-րդ բանաձևը, չշրջանցել օրենքը և Ադրբեջանին զրկել ռազմական օժանդակությունից: Բայց շարունակելով ռազմական աջակցությունը՝ ամերիկյան կառավարությունը մեղսակից դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը: Սենատը ոչ է ասում Բայդենի վարչակազմին և շեշտում, որ պետք է կարճ ժամանակում կանխել ամերիկյան ռազմական օժանդակությունը դեպի Ադրբեջան: Սա Սենատի առաջին քայլն էր, բայց նրանք պայքարելու են այլ պատժամիջոցների ևս հասնելու համար:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այսօր անում է ամեն ինչ, որ ընդլայնվի Արցախի հայության հումանիտար օժանդակությունը, մինչև ապահով կվերադառնան հայրենիք: Շատ կարևոր է, որ կրճատվի Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը, բայց պետք է անել ավելին, քանի որ Ալիևի կառավարությունը շարունակում է իր հանցագործությունները՝ հայ ռազմագերիներին ազատ չարձակելով: Պատժամիջոցները տեղին են, և ռազմական օժանդակությունից զրկելը առաջին քայլը պետք է լինի, որպեսզի կարողանանք հստակ ազդանշան ուղարկել ամերիկյան կառավարությանը՝ ցույց տալով, որ որևէ երկիր չի կարող նման ցեղասպան քաղաքականություն վարել և անպատիժ մնալ»,- եզրափակել է Չուլջյանը: