(yerkramas.org) Մոսկվայում, Ռուսաստանի Հասարակական-քաղաքական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «1918 թ. մայիսի 28. Հայաստանի Հանրապետության քաղաքացու և բանակի ծնունդը» գիտաժողովը, որին հավաքվել էին մոսկովյան մտավորականները` տարբեր տեսակետներ ներկայացնելու այս հարցի շուրջ:
Միջոցառումը, որը կազմակերպել էր «Ռուս-հայկական համագործակցությունը», տևեց հինգ ժամ: Գիտաժողովի նիստերը նախագահում էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և «Արարատ» ընկերության նախագահ Էմանուիլ Դոլբակյանը:
Յուրի Նավոյան. Հայերի ցեղասպանության, Հայաստանի սահմանների հարցերը մինչև այժմ հրատապ են ոչ միայն հայկական օրակարգի, այլ նաև տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության համար
Բացելով գիտաժողովը, Յուրի Նավոյանը նշեց, որ քննարկվող թեման հանդիսանում է պատմաբանների, քաղաքագետների և պետական գործիչների ուսումնասիրության առարկան: Ըստ նրա, Հայաստանի Առաջին Հանրապետության դասերը շատ ուսանելի են: «Եթե զուգահեռներ անցկացնենք Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, ապա շատ նման զարգացումներ կգտնենք և այն ժամանակ և հիմա», նշեց ելույթ ունեցողը:
«Մենք գիտենք, որ Առաջին Հանրապետությունը ծնվեց ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ: 1918 թ. դրվեցին պետականության, հայկական գաղափարի շուրջը ազգային միասնության հիմքերը, – նշեց Նավոյանը: – Գլխավորն այն էր, որ որոշակի ընդմիջումից հետո հայերը կարողացան իրենց տարածքի մի մասի վրա վերականգնել պետությունը` նորից դառնալով իրենց երկրի տերը»:Зинуров и Навоян1
Այսօր, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահի կարծիքով, այս թեման չի կորցրել իր հրատապությունը: Հայերի ցեղասպանության, փոխհատուցման, Հայաստանի սահմանների հարցերը մինչև այժմ հրատապ են ոչ միայն հայկական օրակարգի, այլ նաև տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության համար:
Ուժային կառույցները հանդիսանում են պետական շինարարության գլխավոր բաղադրիչը և պաշտպանության ու անվտանգության կարևորագույն ինստիտուտը
ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, Հայաստանի պատմությանը նվիրված եռահատորյակի հեղինակը պատմեց հայկական «Դաշնակցություն» կուսակցության ստեղծման նպատակների ու խնդիրների և Առաջին Հանրապետության հիմնադրման գործում նրա դերի մասին: «Առաջին Հանրապետությունը ստեղծվեց Դաշնակցության և կազմակերպված ֆիդայիների շնորհիվ: Ֆիդայինները` մահապարտ մարտիկները, իրենց զոհում էին հանուն հայ ժողովրդի ազատության: Անհուսության մատնված հայ բնակչությունը ֆիդայիներով էր պայմանավորում իր փրկությունը», նշեց զեկուցողը:
Ռուսական բանակը զգուշորեն էր վերաբերվում Դաշնակցության ջոկատներին, թեև նրանց հերոսությունը հիացնում էր և՛ ռուս զինվորներին և՛ ռուս գեներալներին: «Հավանաբար նրանք զգուշանում էին, որ ֆիդայիները իրենց զենքը կուղղեն նոր Ռուսաստանի դեմ. կայսրությունները մրցակիցներ չեն սիրում, – նշեց Ռաֆայիլ Զինուրովը: – Բոլշևիկները, տարված համաշխարհային հեղափոխությամբ, վախենում էին, որ ֆիդայիները կխանգարեն իրենց «հաղթարշավին»:
Նրա խոսքերով, իր ստեղծման օրից մինչ այսօր Դաշնակցությունը միջազգային ասպարեզում հետևողականորեն հետապնդում է Հայկական հարցը: Բայց ժամանակակից Հայաստանում այս կուսակցությունը գտնվում է ստվերում, իսկ հայ ժողովրդի շատ փառապանծ զավակներ` ֆիդայիներ անարդարացիորեն մոռացված են, համարում է գիտաժողովի մասնակիցը:
Իր ելույթի ավարտին Ռաֆայիլ Զինուրովը պատմական անարդարություն անվանեց Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման բացակայությունը: Համաշխարհային պատմության ամենաողբերգական էջերից մեկի հարյուրամյա տարելիցի նախօրյակին, ըստ նրա, պետք է ուժեղացնել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքները:
Քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Սվարանցը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց Առաջին Հանրապետության ուժային կառույցների ձևավորման առանձնահատկությունները և նրանց մարտական գործունեությունը հանրապետության ստեղծման նախօրեին, գոյության ընթացքում և հետո:
Հայկական բանակի ձևավորումը և կայացումը ընթանում էր ազգային-ազատագրական շարժման պայմաններում, ինչը հայերին ստիպում էր դիմելու պայքարի ուժային մեթոդների` միաժամանակ չբացառելով այլ ձևեր, նշեց զեկուցողը: Նա պատմեց Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի և մյուս ուժային կառույցների կայացման փուլերի մասին:
Իր զեկուցումում նա նշեց, որ ուժային կառույցների ստեղծումը կապված է պետականության կազմավորման հետ, քանի որ հենց ուժային կառույցներն են հանդիսանում պետական շինարարության գլխավոր բաղադրիչները և պաշտպանության ու անվտանգության կարևորագույն ինստիտուտը: «Հայաստանի բարձր պաշտոնների հավակնողները պետք է շեշտը դնեն Հայաստանի Հանրապետության ուժային բլոկի ուժեցացման վրա», գտնում է Ալեքսանդր Սվարանցը:
Անդրկովկասյան Դաշնային Ժողովրդավարական հանրապետությունը
երկար կյանք չունեցավ
Պատմական գիտությունների դոկտոր Ալլա Տեր-Սարգսյանցի զեկուցման թեման նվիրված էր 1917 թ. հոկտեմբերից հետո Անդրկովկասի իրադրությանը և Հայաստանի Առաջին Հանրապետությանը:
1917 թ. հաստատված Անդրկովկասյան Կոմիսարիատը հռչակեց, որ ստեղծվում է բոլշևիկյան Ռուսաստանի անարխիայի դեմ պայքարելու համար: Այս մարմնի աշխատանքային դժվարությունները պայմանավորված էին նրանով, որ այն ձևավորող հայերի, վրացիների և կովկասյան թաթարների հիմմնական ազգային կուսակցությունների միջև լուրջ հակասություններ կային, որոնք հատկապես արտաքին քաղաքականությանն էին վերաբերվում: Արդյունքում Անդրկովկասը հայտնվեց լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ:
Նոր օրենսդիր մարմինը` Անդրկովկասյան Սեյմը, 1918 թ. ապրիլի 22-ին հռչակեց Անդրկովկասի Դաշնակցային Ժողովրդավարական հանրապետությունը: Նրա կազմ մտած խմբավորումները տարբեր նպատակներ էին հետապնդում, դրա համար էլ նորակազմ պետությունը շատ կարճ ժամանակ գոյություն ունեցավ:
1918 թ. մայիսի 28–ին Հայ Ազգային Խորհուրդը ընդունեց Հռչակագիր, որով իրեն «հայտարարեց հայկական տարածքների բարձրագույն և միակ իշխանությունը», պատմեց Ալլա Տեր-Սարգսյանցը:
Հայերը միշտ աչքի են ընկել իրենց ռազմական վարպետությամբ
Իր հերթին, բժշկական գիտությունների թեկնածու, «Արարատ» ընկերության նախագահ Էմանուիլ Դոլբակյանը պատմեց Առաջին Հանրապետության բանակի ծնվելու և կործանվելու մասին:
«Հայերի ռազմական ավանդույթները հազարամյակների ավանդույթներ ունեն, – ընդգծեց զեկուցողը: – Թեև հայերը ծառայել են տարբեր երկրների բանակներում, բայց միշտ աչքի են ընկել իրենց վարպետությամբ»:
Ռուսաստանի կայսրությանը ծառայելու երկու հարյուր տարվա ընթացքում գրվել են ռուսական բանակի պատմության փառահեղ էջերը: Այդ ընթացքում այնտեղ 150 հայ գեներալ է ծառայել:
Ըստ Դոլբակյանի, Առաջին հանրապետության պարտությունից հետո իր գոյությունը դադարեց նաև բանակը:
Քաղաքագետ Արսեն Մելիք-Շահնազարովը պատմեց հայկական կամավորական գնդերի ստեղծման մասին:
«Վարանդայի տերերը կայսրության ծառայությունում» գրքի հեղինակը, ում նախնիները ծառայել են հայկական կորպուսում, համարում է, որ այդ ռազմական միավորումը դարձավ հայկական բանակի նախատիպը:
Հայկական ժամանակակից բանակի բրիգադները ստեղծվել են ԳՖՀ, ԱՄՆ և ԽՍՀՄ զինված ուժերի փորձի հաշվառմամբ
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի զեկուցումը ամենաէմոցիոնալն էր: Այն կոչվում էր «Առաջին Հանրապետության փորձը և Հայաստանի ժամանակակից զինված ուժերի ստեղծումը»:
Զեկուցողը պատմեց, որ Ադրբեջանը, հենվելով ԽՍՀՄ զինամթերքների հիման վրա, Հայաստանից մեկ տարի շուտ ստեղծեց իր զինված ուժերը:
«Ադրբեջանը ուներ տասնյակ հազար վագոն զինատեսակներ և մարտական բանակ, որին օգնում էր Թուրքիան, այն դեպքում երբ հայկական բանակը ընդամենը երեք դիվիզիա ուներ,- նշեց գեներալ-լեյտենանտը: – Հայաստանի տարածքից դուրս էր բերվել միջուկային ու քիմիական զենքը, զինատեսակները կրջատվել էին: Այդ իրավիճակում առանց Հայաստանի զինված ուժերի ստեղծման հնարավոր չէր որևէ բան անել, հարկավոր էր բանակ ստեղծել»:
Տեր-Գրիգորյանցի խոսքերով, հայկական բանակի ստեղծման համար պահանջվեցին հսկայական ջանքեր: Հայական բանակի բրիգադները, որոնցից մեկը ամբողջությամբ բաղկացած էր ֆիդայիներից, ստեղծվում էին ԳՖՀ, ԱՄՆ և ԽՍՀՄ զինված ուժերի փորձի հաշվառմամբ:
1992-1996 թթ. ընթացքում հայկական բանակը ամբողջությամբ ձևավորվեց: Տեր-Գրիգորյանցը, ով մշակել է Հայաստանի Հնարապետության զինված ուժերի ստեղծման հայեցակարգը և կյանքի կոչել իր ծառայակիցների հետ, բանակի ամբողջական ձևավորման մասին զեկուցել է երկրի ղեկավարությանը և վերադարձել Մոսկվա:
Պետք է պահպանել բանակը` ամենակարևոր և Հայաստանի բնակչության վստահությունը վայելող ինստիտուտներից մեկը
Քաղաքագետ Անդրեյ Արեշևը հիշեցրեց, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Հայաստանը միջազգային հակամարտության թատերաբեմ էր: Ռուսաստանյան ռազմական ղեկավարության, կովկասյան ճակատի հրամանատարության և հայական ազգային շարժման խնդիրները որոշակիորեն համընկնում էին: «Կամավորական գնդերը ստեղծվում էին ռուսաստանյան կայսրության և Կովկասում լուծվող շահերի տրամաբանությամբ, – իր կարծիքը հայտնեց գիտաժողովի մասնակիցը: – Հայակական ազգային շարժումը, իմ կարծիքով, մի փոքր չափազանցված սպասելիքներ ուներ. թվում էր, թե Ռուսաստանը հայկական բանակ է ստեղծելու: Այն պատմական պայմաններում, հավանաբար դրա մասին խոսք լինել չէր կարող: Ապա բոլշևիկյան Ռուսաստանը գրավադրեց քեմալիստների հետ միության վրա, ինչը իրեն չարդարացրեց»:
Արեշևը ժառանգականություն է տեսնում Առաջին Հանրապետության և ներկայիս Հայաստանի միջև, ուր այնկունաքարային են սեփական ժողովրդի շահերը և բնակչության առավել պաշտպանվածության հարցերը:
Նրա կարծիքով, բանակի` իբրև ամենակարևոր և Հայաստանի բնակչության վստահությունը վայելող ինստիտուտներից մեկի պահպանումը կարևոր է ներկա բարդ իրավիճակում: Հայաստանի բանակի մարտունակության պահպանումը Կովկասում խաղաղությունը երաշխավորող կարևոր գործոններից է, գտնում է Անդրեյ Արեշևը:
Հայկական պետականության հիմքը դրել է հայ մտավորականությունը
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի զեկուցումը նվիրված էր հայկական պետականության շարունակականության ապահովման գործում Առաջին Հանրապետության նշանակությանը:
1918 թ. հայկական պետության հիմքը դրեց հայ մտավորականությունը` ժամանակի լավագույն քաղաքական ավանդույթների ոգով: 1918 թ. հոկտեմբերին հռչակվեց ազգային միասնության կառավարություն, իսկ մեկ տարի անց տեղի ունեցան առաջին խորհրդարանական ընտրությունները, պատմեց զեկուցողը: Այս իրադարձությունները տեղի էին ունենում գոյություն ունեցող լուրջ խնդիրների պայմաններում. Ցեղասպանությունից հետո ազգը բզկտված էր, երկրում հարյուր հազարավոր փախստականներ կային: «Աղբյուրները նշում են 340 հազար փախստական Էջմիածնի շուրջ, որոնցից 40 հազարը որբեր էին», նշեց Նավոյանը:
1919 թ. մայիսի 28–ին, Հայաստանի անկախության տարեդարձի օրը հռչակվեց Միացյալ Հայաստանի ակտը, որով կառավարությունը քաղաքական մակարդակում հայտարարում էր բոլոր հայերի համար միասնական պետության կառուցման մասին:
Ժամանակակից Հայաստանը ժառանգել է ոչ միայն Առաջին Հանրապետության խորհրդանիշները, այլ նաև համաշխարհային հայությանը միավորելու ոգին ու դերը:
«Այսօր առկա է նույն աշխարհաքաղաքական մրցակցությունը, ինչը կար քսաներորդ դարի սկզբին: Պետք է ձևավորել սեփական քաղաքական օրակարգը և դրա հիման վրա գտնել Ռուսաստանի հետ ընդհանուր ռազմավարական շահը, – նշեց զեկուցողը: – Դրա հետ մեկտեղ, ոչ ոք չի խանգարում սեփական երկրում կյանքը եվրոպական արժեքների վրա կառուցելուն, ինչպես որ դա փորձում էին անել Առաջին Հանրապետությունում»:
Ելենա Խրուստալևա
Kavkaz-uzel-ի թղթակից