Մտահոգիչ է’ Ղազախստանը հնչեցրել է տեսակետ, եւ հենց դա է ուզում ասել Նազարբաեւը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջեւ ինչ-որ սահմանակետ դրվի. Yerkir.am-ին այսօր ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը’ անդրադառնալով այսօր Աստանայում’ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հնչեցրած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Նազարբաեւն առաջարկել էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում մի կետ ավելացնել այն մասին, որ Հայաստանը դա անում է այն սահմանների շրջանակներում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ում: «Հարց, որը կարելի էր լուծել հետագայում: Այն մեզ համար այնքան էլ հաճելի չէ: Բայց կիրառել այն, ինչ դուք (Հայաստանը) կիրառել եք ԱՀԿ մտնելիս, որպեսզի չգրգռենք մեր մեկ այլ ընկերոջն Ադրբեջանում: (Որ դա արվում է) ՄԱԿ-ում ամրագրված սահմանների շրջանակներում»,- ասել է նա:
Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ, հավանաբար, նաեւ նախորդ անգամ Սերժ Սարգսյանի չմասնակցելը ՄՄ անդամ երկրների նախագահների վերջին ժողովին, երբ ակնկալվում էր նրա մասնակցությունը, կապված էր հենց այդ հարցի հետ:
«Բայց նախ’ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ նման սահմանների հարց չի եղել, ՄԱԿ-ում Հայաստանի սահման չի ամրագրվել, ինչպես որ ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծ մասի սահմանները ՄԱԿ-ում չեն ամրագրվել: Կան մի շարք երկրներ, որոնց սահմաններն ամրագրվել են հենց ՄԱԿ-ի կողմից, բայց Հայաստանի պարագայում այդպես չէ: Երկրորդ’ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը թույլ չի տալիս ԱՀԿ-ին Հայաստանին ասել’ Ղարաբաղի հետ սահմանի վրա մաքսակետ դիր»,- նշեց Մանոյանը’ հավելելով, որ Նազարբաեւը, փաստորեն, փորձում է հիմնավորումներ բերել, որոնք իրականում չկան:
Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ ՀՀ նախագահն էլ, ըստ այդմ, կպատասխանի այդ հայտարարությանը:
Ըստ նրա` պարզ է, որ սա ԼՂՀ-ն Հայաստանից մեկուսացնելու փորձ է, դա է հիմնական նպատակը, եւ Նազարբաեւը չի թաքցնում, որ չի ուզում Ադրբեջանի նախագահին նեղացնել: Բայց նրա հիմնավորումները, ըստ Մանոյանի, անհիմն են: