ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին և և առաջադրված խնդիրներին։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը շարունակում է աշխատանքները՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակությունը կասեցնելու և Արցախին 250.000.000 դոլարի հասնող հումանիտար օժանդակություն տրամադրելու համար։
Հայ դատի գրասենյակից հայտնում են, որ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ռազմական գնումների գործակալության նկատմամբ ՝ որպես պատիժ ռուսական С-400 հրթիռային համակարգի գնման համար: Պատժամիջոցներն արգելում են Միացյալ Նահանգներից արտահանման բոլոր տեսակի արտոնագրերի ու թույլտվությունների տրամադրումը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահությանը: Նախագծով նաև սառեցվում են թուրքական գերատեսչության ակտիվները և սահմանափակում են դրա նախագահի և երեք այլ բարձրաստիճան պաշտոնյաների վիզաները:
Սսենատոր Անգուս Քինգի կողմից ԱՄՆ Սենատում շրջանառության մեջ է դրվել թիվ 755 բանաձևի նախագիծը, որով Պետդեպարտամենտին կոչ է արվում զեկույց պատրաստել Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների և բռնաճնշումների վերաբերյալ և դրանցում պարզել ԱՄՆ անվտանգային օժանդակության դերը: Այդ զեկույցի արդյունքերը հիմք կծառայեն Էրդողանի ռեժիմին ԱՄՆ անվտանգային օժանդակության և զենքի վաճառքի սահմանափակման կամ կրճատման համար, ինչը Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի հիմնական քաղաքական գերակայություններից մեկն է:
Եվրոպա
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակից հայտնում են, որ դեկտեմբերի 15-ին Եվրոպական Խերհրդարանի երեք պատգամավորների՝ Ֆրանսուա Ալֆոնսիի, Սիլվի Գիյումի և Պետեր Վան Դալենի կողմից նախաձեռնվել է «Լեռնային Ղարաբաղի բարեկամության և համերաշխության» խորհրդարանական խմբի ստեղծումը, որի նպատակն է լիարժեք աջակցություն ցուցաբերել Արցախի հայ ժողովրդին, որը տառապում է բռնաճնշումներից և իր պատմական տարածքի բռնազավթումից։ Եվրախորհրդարանի բոլոր անդամներին հղված նամակով բարեկամության խմբի հիմնադիրները անդամակցության են հրավիրել բոլոր այն պատգամավորներիին, ովքեր մտահոգված են Արցախում հայերի անվտանգությամբ և գոյատևմամբ։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ամենօրյա աշխատանքային կապի մեջ է ինչպես բարեկամության խմբի ստեղծումը նախաձեռնած պատգամավորների, այնպես էլ Եվրախորհրդարանի այլ պատգամավորների հետ՝ խմբի հետագա ընդլայնումն ապահովելու համար։
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոտ Էնգելը և հանրապետական Միշել Մըք Քաուլը տարածել են հայտարարություն, որում իրենց խորը մտահոգությունն են հայտնել Էրդողանի օրոք Թուրքիայի գործողությունների կապակցությամբ, որոնք վտանգում են ՆԱՏՕ-ի դաշինքը, առավել լայն տարածաշրջանը, ինչպես ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Թուրքիայում:
Կանադա
ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչները դեկտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանում և Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերի հետ։ Հայ դատի հանձնախմբի անդամներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում կանադական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննության հետ կապված, ինչպես նաև քննարկել են Հայաստանում և Արցախում ընթացիկ հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր։
Դեկտեմբերի 16-ին Կանադայի Հայ դատի հանձնախումբը ներկայացրել է Արցախի Հանրապետության անկախության ճանաչման իրավական ամփոփագիր, որը կազմվել կանադացի իրավաբանների կողմից։ 48 էջանոց փաթեթը վերնագրված է «Կանադայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը ՝ որպես պաշտպանության պատասխանատվության միջոց /The Case for Canada’s recognition of the Republic of Artsakh as a measure of the responsibility to protect/»։
Փաթեթին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://anccanada.org/legalbrief/։
Ավստրալիա
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը նույնպես աշխատանքների գերակշիռ մասը կենտրոնացրել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վրա և շարունակում է Ավստրալիայի պետական իշխանության մարմինների վրա ճնշումներ գործադրել՝ օգտագործելով նաև ավստրալիահայ համայնքի ներուժը։ Նախորդ շաբաթվա բողոքի գործողություններից և բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներից հետո՝ հանձնախումը քաջալերում է, որպեսզի համայնքի բնակիչները շարունակեն Արցախի ճանաչման հարցով ավսրալիական խորհրդարանին ուղղված խնդրագրի զանգվածային ստորագրումները։
Լիբանան
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը դեկտեմբերի 15-ին նամակ է ուղարկել Լիբանանում հավատարմագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին՝ ուշադրություն հրավիրելով Արցախում ստեղծված կացությանը և դատապարտելով իսլամիստ վարձկաններով և Թուրքիայի ներգրավվածությամբ ռազմական ագրեսիան։
Նամակի մէջ նշվել է, որ թշնամական արարքները կասեցնելու համաձայնությունը գոյացել է ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս, որը հակամարտության լուծման միջնորդության լիազորություն ունեցող միջազգային միակ մարմինն է: Ընդգծվել է, որ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև կնքված համաձայնությունը հետևանք է ուժի ապօրինի կիրարկման և ոչ թե ՄԱԿ-ի կողմից նշված լիարժեք և հավասարակշռված բանակցությունների, և ըստ էության, այդ համաձաևնությունը պատմական ժառանգության ու հազարամյակներ ի վեր հայերով բնակեցված տարածքի բռնի փոխանցում է: Նամակում Արցախի ներկա կացության, անվտանգային, քաղաքական, հումանիտար, մշակութային և սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ ներկայացվել է համապարփակ տեղեկատվություն։ Իբրև ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք՝ համանախագահ երկրների կառավարություններին կոչ է արվել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները մեծ թափով շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք արդեն իսկ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունումների։
Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից շարունակվում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, որպեսզի նրանք տեղում ծանոթանան առկա իրավիճակին և առավել առարկայորեն կարողանան օգտակար լինել և/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաությանը։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ