«Հայաստանի սահմանին կանգնած զինվորի թիկունքում հայկական երկրորդ բանակն է՝ ՀՅԴ Հայ Դատի ցանցը, որն աշխարհով մեկ պաշտպանում է հայության շահերը»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը։
Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց այն 4 ուղղությունները, որոնց շեշտադրմամբ աշխատում են Հայ Դատի գրասենյակները և որոնք կքննարկի նաև խորհրդաժողովը։
Առաջինը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ուղղությունն է․ Հայաստանի Հանրապետության պարագայում պետականության ամրապնդման աշխատանքին են լծված Հայ Դատի հանձնախմբերը՝ ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Արցախի Հանրապետության պարագայում առաջնահերթությունը նախ՝ ազատագրումից հետո հիմնահարցի լուծում գտնելն է ինքնորոշման իրավունքի կիրառմամբ, մյուս կողմից՝ Արցախի ճանաչման խնդիրը ուղղակիորեն առաջ մղելը․ «Այս աշխատանքը ևս առավել արդյունավետ և նպատակաուղղված առաջ ենք տանելու»։
Միշտ չէ, որ աշխատանքի կոնկրետ արդյունքը մնայուն է․ «Ուրեմն զգոնությունը անհրաժեշտ է պահել, ամենօրյա աշխատանքը անհրաժեշտ է պահել, իսկ մեր գրասենյակները, որոնք ունեն արհեստավարժ Հայ Դատի զինվորներ, որոնք տարին 365 օր, շաբաթը՝ 7 օր, օրը՝ 24 ժամ ապրում ու գործում են Հայ Դատով, նրանք այդ արթուն պահակներն են, որպեսզի մեր ձեռք բերած արդյունքները ամրապնդվեն և նոր հաղթանակներ կերտվեն»։
Երկրորդ ուղղությունը անցյալի դասական օրակարգն է, որն այսօր հաջորդ փուլ է մտել՝ 30-ամյա անկախության շրջան՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրն է մինչև վերջնանպատակ՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչում և պահանջատիրություն․ «Տարիներով հետապնդած մեր պահանջատիրության թղթածրարը որպեսզի կյանք ստանա, օրինական ուսումնասիրությունների դաշտը իսկապես զարգանա, ՀՅԴ-ն որոշեց ստեղծել նաև Հայ իրավական կենտրոն, որը թեև հիմնված է Վաշիգտոնում, բայց հոգաբարձուների խորհրդում ամբողջ աշխարհից ներկայացուցիչներ են։ Նպատակն է առաջ տանել Ցեղասպանությունից բխած, Սևրից բխած մեր պահանջատիրության դատը, ինչպես նաև տեսնել, քննարկել և մեզ այլընտրանքներ ներկայացնել Արցախի հաղթանակի դիվանագիտական ամրապնդման այլընտրանքները»։
Երրորդ ուղղությունը հայապատկան հողերի վրա հայության իրավունքների խնդիրն է։ Հայաստանից աքսորի 70 երկար տարիներին ՀՅԴ-ն աշխատանք է տարել, որպեսզի հայությունը մնա միասնական, հայրենակենտրոն և Սփյուռքում կազմակերպվի նրա աշխատանքը։
«Սրանից բացի վերջին տարիներին կտեսնենք մի դրական երևույթ, որը պետք է մեր ուշադրության առարկան և մեր աշխատանքների կիզակետը լինի․ դա հայության վերադարձն է։ Սփյուռքի տարբեր շրջաններում հայությունից հեռացած, բայց հայության կարոտն ունեցող և դեպի հայություն վերադարձող զանգվածների հետ աշխատանքի կարևորությունն է»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Այս բաժնի վերջին ենթամասը հարաբերություններն են Արևմտյան Հայաստանում գործող այլ ազգային փոքրամասնությունների՝ քրդերի, դերսիմցիների, լեզգիների հետ և նաև աշխարհով մեկ համագործակցությունը այն ժողովուրդների ներկայացուցիչների հետ, որոնք հայերի հետ նմանօրինակ անցյալ են ունեցել և նման ճակատագիր, երբ Օսմանյան կայսրության մաս են կազմել՝ հույն, ասորի, կիպրացի գաղութների մասին է խոսքը։
Չորրորդ և վերջին ուղղությունը հայ ժողովրդի քաղաքականացման խնդիրն է, բայց մանավանդ երիտասարդության քաղաքականացումից հետո տարբեր աշխատանքների մղելը․ «Որպեսզի երբեմն էլ բերդը ներսից գրավենք»։
ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները շարունակական կապի մեջ են արտաքին գործերի նախարարությունների հետ՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պարագայում, որպեսզի թե՛ համադրեն կատարված աշխատանքը, և թե՛, մոտեցումները տարբեր լինելու պարագայում, փոխանակեն տեղեկատվությունը։
«Այս իշխանության օրոք առաջին այդ համադրումի սեմինարը տեղի ունեցավ երեկ և արտաքին գործերի նախարարի ու փոխնախարարների հետ ունեցանք երկու ժամանոց գործակցության և տեղեկատվական փոխանակման սեմինարը, որն ինքնին գոտեպնդիչ էր, որովհետև վերջ ի վերջո բոլորս էլ ծառայում ենք նույն նպատակին, որն է՝ Հայաստանի ամրապնդումը, Արցախի ամբողջական ազատագրումը և Հայ Դատի մեր պահանջատիրության հետապնդումը»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։
Խորհրդաժողովի օրակարգում այս 4 ոլորտներն են, բայց քննարկելու են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, առհասարակ Թուրքիայի և Ադրբեջանի հակահայ պայքարի նոր փուլը, Ջավախի մեր եղբայրների ու քույրերի իրավունքների պաշտպանությունը։
«Ջավախքի պարագայում, բնականաբար, որպես ամբողջովին հայությամբ բնակեցված տարածք, մեր քույրերն ու եղբայրներն այնտեղ պետք է ունենան նվազագույն հնարավորությունը, որպեսզի չմաշի իրենց ազգային նկարագիրը և որպեսզի կարողանան վայելել անհատական և հավաքական իրավունքները, որոնք, երբեմն օրենքով ևս ամրագրված են, բայց ոչ միշտ են կիրարկվում»,-ընդգծեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Ուշադրության առանցքում կլինի նաև պոլսահայության օժանդակության հարցը։
Խորհրդաժողովը համադրելու է մարտավարական քայլերը, քանի որ մեկի կողմից գործադրվող հատուկ ծրագրերը կարող են օգտակար նմուշ լինել մեկ ուրիշի համար։ «Անհրաժեշտ է, որ այդ հաջողված փորձը կարողանանք փոխանակել»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Խորհրդաժողովն աշխատանքը կշարունակի Արցախի Հանրապետության մայրաքաղաքում, նախանշված է նաև հանդիպում նախագահ Բակո Սահակյանի հետ։
Աննա Բալյան
Yerkir.am