Երեկ ԱՄՆ հերթական նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 50 նահանգներից 49-ը ճանաչում են 1915թ.-ին հայերի նկատմամբ կատարած ոճրագործությունը: Միայն Միսիսիպի նահանգն է, որ դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց, որ ԱՄՆ առանձին նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական ազդակ է, ոչ իրավական, և եթե Միսիսիպին էլ ճանաչի 1915թ.-ի եղելությունը, դա չի նշանակում, որ նախագահ Դոնալդ Թրամփը «հաջորդ օրը ճանաչելու է ցեղասպանությունը»:
«49 նահանգի ճանաչումն ամեն դեպքում քաղաքական իմաստով որոշակի ճնշում է գործադիրի վրա, որ իրենք ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Սրանք քաղաքական քայլեր են, կա քաղաքական կշռի հարց: Վաղը Հայաստանը հավելյալ ինչ-որ բան չի ստանալու սրա համար, բայց սա օգտագործվելու է Հայաստանի օգտին: Սա մկանի նման է: Երբ հաճախ ես մկանն օգտագործում, այն մնում է ձիգ: Սա քաղաքական ուժ է որոշակի հարցեր լուծելու համար»,- ասաց Կիրո Մանոյանը:
Բացի դրանից, ՀՅԴ-ականն ասաց, որ սա ԱՄՆ կողմից Թուրքիայի վրա ճնշում է՝ «անկախ նրանից՝ Թուրքիան ընդունում է, թե ոչ»:
«Իրավական պարտադրանք չկա, որ պետությունը ճանաչի, եթե նահանգները ճանաչել են: ԱՄՆ-ում արտաքին քաղաքականության իրավասուն գործադիրն է: Այնպես չէ, որ Նահանգներն իր տեսակետն արտահայտեց, գործադիրը կընդունի, կամ որ Միսիսիպին էլ ճանաչեց, հաջորդ առավոտ Թրամփը ստիպված կլինի ճանաչել Ցեղասպանությունը: Սա ճնշում է՝ Թուրքիայի ու ԱՄՆ գործադիրի վրա»,- ասաց նա: