(armradio.am) ԱՄՆ նահանգներից միայն Ալաբաման և Միսիսիպին են, որ դեռևս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երեկ Ինդիանա նահանգը ընդունեց նման որոշում՝ դառնալով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող ԱՄՆ 48-րդ նահանգը: Քայլը ողջունել է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը:
Այսպիսով ին՞չ կտա այս նոր բաղադրիչը Հայոց ցեղասպանության ճանաչման շղթային: Այս եւ հարակից հարցրի շուրջ մեր գործընկերը զրուցել է ՀՅԴ բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ:
ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը երեկ հատուկ հայտարարություն է ընդունել, որով հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը: Նահանգապետ Հոլքոմբը կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ իրադարձությունը, իսկ նոյեմբերի 6-12-ը հայտարարել է հայկական հարցերի շուրջ տեղեկացվածության շաբաթ:
Այսպիսով ԱՄՆ Ինդիանա նահանգը դարձավ ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նահանգներից միայն Ալաբաման և Միսիսիպին են, որ դեռևս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինդիանայի նահանգապետի հայտարարությունը ողջունել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Իրաքի քրիստոնյաների խորհուրդը և այլ հասարակական կազմակերպություններ:
Անդրադառնալով փաստին՝ ՀՅԴ բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նախ նկատեց, որ ԱՄՆ Սահմանադրությամբ արտաքին քաղաքականությունը նախագահի լիազորությունների տիրույթում է, իսկ ԱՄՆ-ում կա դատական որոշում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքականության խնդիր է, որը վերապահված է նախագահին:
ԱՄՆ առանձին նահանգների ճանաչումներն ուղղակիորեն ազդեցություն ԱՄՆ նախագահի կեցվածքի վրա ունենալ չեն կարող, սակայն, Կիրո Մանոյանի ձեւակերպմամբ, բնականաբար, դրանք քաղաքական ընդհանուր մթնոլորտ են ստեղծում:
Հարկ է նկատել, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը եւս անցած տասնամյակներում Հայոց ցեղասպանությունը ճանաչող առնվազն երկու բանաձեւ է ընդունել: Ներկայումս էլ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում շրջանառված է բանաձեւ՝ ԱՄՆ-ի կողմից ճանաչման փաստը հաստատելուն միտված՝ հիշեցրեց ՀՅԴ բյուրոյի քաղաքական հարցերի եւ հայ դատի գրասենյակի պատասխանատուն՝ շեշտելով.
Կիրո Մանոյանի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Հայ դատի գրասենյակի աշխատանքները շարունակվելու են երկու ուղղությամբ:
Ի՞նչ են ավելացնում այս ճանաչումները ընդհանուր շղթային: Կիրո Մանոյանը կարծում է, որ Թուրքիայի ժխտողականության շարունակականության պարագայում տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումները Թուրքիայի վրա ճնշման նշանակություն ունեն, որպեսզի վերջինս ինքն առերեսվի իր պատմության հետ:
Հետեւաբար, այդ առումով, բավականին ազդեցիկ դերակատարություն կունենա ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Բացի այդ, նա նկատեց, որ նույնիսկ Թուրքիայում Հայոց ցեղսապանության ճանաչման դեմ հանդես եկողները հաստատում են, որ դրսի այս ճանաչումներն ազդում են իրենց հասարակության, եւ իրականում, ի վերջո, նաեւ իրենց իշխանությունների վրա: