(1in.am) «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
– Պարոն Համբարյան, ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում հոկտեմբերի 16-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ անցկացված գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ուժե՞ղ էին արդյոք հայկական կողմի դիրքերն այդ բանակցություններում: Նկատի ունեմ՝ ստացվում է, որ մենք փաստորեն մոռանում ենք ապրիլյան Քառօրյա պատերազմի հետևանքների վերացման և ընդհանուր մոտեցումը հիմնախնդրի լուծմանը վերանայելու հարցերը՝ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը հիմա, գուցե միջազգային ճնշման հետևանքով, փորձում է «խելոք տղա՞» ձևանալ և համաձայնում է ժամանակավորապես թուլացնե՞լ լարվածությունը շփման գծում:
– Մենք միշտ ուրախ ենք տեսնելու բարձր մակարդակի երկխոսություն կողմերի միջև՝ ուղղված ամուր, կայուն և ժողովրդավարական խաղաղության հաստատմանը, և ողջունում ենք մասնավորապես այն փաստը, որ միջնորդները մեծացրել են իրենց ուշադրությունը հրադադարի ռեժիմն ամրապնդելու հարցի հանդեպ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը շատ ճիշտ կերպով նկատել է, որ իրադրության կայունացումը շփման գծում թիվ մեկ խնդիրն է: Առանց իրավիճակի կայունացման՝ հնարավոր չէ առաջընթացի հասնել հիմնախնդրի լուծման և ամուր ու ժողովրդավարական խաղաղության հաստատման հարցում: Կախված այն հանգամանքից, թե որքանով Ալիևը կընդունի այս հիմնարար իրողությունը՝ մերժելով այն ռազմատենչ կեցվածքը, որը մղեց նրան սկսելու ապրիլյան հարձակումը, ըստ դրա էլ կկարողանանք կանխատեսել առաջընթացի հեռանկարները՝ խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
– Ի՞նչ կարող եք ասել՝ մասնավորապես ԱՄՆ-ի դերակատարության ու շահագրգռվածության մասին: Երբ լրատվամիջոցները գրեցին, թե պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջարկել է կրճատել մի շարք պաշտոններ Պետդեպարտամենտում՝ ներառյալ Մինսկի խմբում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցչի հաստիքը, որոշ անհանգստություն առաջացավ, որ Միացյալ Նահանգները կարող է նվազեցնել իր հետաքրքրությունը խնդրի նկատմամբ: Բայց հետո Թիլերսոնը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Արցախի հնարավորինս արագ և ամբողջական ականազերծմանը, և երկրորդը, վերահաստատեց Պետդեպի աջակցությունը ամերիկացի կոնգրեսականների առաջարկներին, որոնք հայտնի են որպես «Ռոյս-Էնգել» նախաձեռնություն: Սա կարո՞ղ ենք համարել դրական զարգացում Վաշինգտոնի դերի ակտիվացման առումով:
– Մենք ցանկանում ենք, որպեսզի Միացյալ Նահանգները շարունակաբար բարձր մակարդակով ներգրավված լինի Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ամուր պլատֆորմ բանակցությունների համար, բայց Մադրիդյան ծրագիրը, որն այժմ դրված է բանակցության սեղանին, շատ սխալ և անխոհեմ լուծում է առաջարկում խաղաղության հասնելու համար՝ բոլոր ռիսկերը վերապահելով ժողովրդավարական Արցախին, իսկ բոլոր օգուտները՝ բռնատիրական Ադրբեջանին:
Ինչ վերաբերում է Արցախի համար նախատեսված ամերիկյան ֆինանսական հատկացումներին, ապա երկար տարիներ ողջունելով կոնգրեսական երկկուսակցական աջակցությունը կենսական օգնության այս ծրագրին՝ մենք գոհունակությամբ ընդունեցինք այն փաստը, որ պետքարտուղար Թիլերսոնը բացահայտորեն աջակցում է Արցախին ամերիկյան օգնություն հատկացնելու ծրագրի կենսագործմանը և մասնավորապես Արցախի ամբողջական ականազերծմանը, որն իրականացվում է HALO Trust բարեգործական կազմակերպության կողմից: Սա շատ լուրջ և նշանակալի առաջընթաց է, որն արդյունք է կոնգրեսականների ու հատկապես կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի երկարատև ու համառ ջանքերի:
– Մի քանի շաբաթ առաջ կոնգրեսական Քրիս Սմիթի առաջարկով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը ներառվել է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում: Ի՞նչ զարգացումներ պիտի սպասենք այս ուղղությամբ:
– Տեսնում ենք, որ Կոնգրեսը գնալով ավելի մեծ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի գործունեությանը: Այս շարքում, իհարկե, պիտի նշենք կոնգրեսական Սմիթի հեղինակած պատժամիջոցների օրինագիծը և սենատոր Ռիչարդ Դուրբինի հավելվածը Սենատի՝ արտաքին օգնության օրինագծի տարբերակին, որով առաջարկվում է զրկել մուտքի արտոնագրից ադրբեջանցի այն պաշտոնյաներին, որոնք խախտում են մարդու իրավունքները: Կարծում եմ, որ այս միջոցառումներն արտացոլում են որոշակի միտում, որը գալիք շաբաթներին ու ամիսներին գնալով ավելի է աճելու, մինչև որ Ալիևը չհրաժարվի այլախոհության նկատմամբ բռնաճնշումներից և իր ռազմերթից դեպի պատերազմ:
– Կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Էդ Ռոյսը վերջերս առաջարկել էին վերականգնել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագիրը Հայաստանի համար: Որքանո՞վ է դա հավանական:
– Եթե Հայաստանը բավարարի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի 2018 թ. կառավարման չափանիշների պահանջները, ապա կարծում եմ, որ բոլոր գործոններն առկա են Վաշինգտոնում, որպեսզի լրջորեն և կառուցողականորեն դիտարկվի Հայաստանի դիմումը՝ մասնավորապես STEM (գիտություն, տեխնոլոգիաներ, ինժեներական գործ և մաթեմատիկա) կրթական ծրագիրը Հայաստանում իրագործելու համար:
– Ի՞նչ կարծիք ունեք թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության մասին: Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կազդի Հայաստանի և հայկական հիմնախնդիրների վրա: Հայկական Սփյուռքն ու Հայաստանը կարո՞ղ են ինչ-որ դեր խաղալ այս գործընթացում, և եթե այս աննախադեպ լարվածությունը խորանա, կարծում եք՝ ամերիկացիները կակտիվացնեն հայկական գործոնը Թուրքիայի դեմ: Նկատի ունեմ Հայոց ցեղասպանության ճանաչման և նույնիսկ Սևրի դաշնագրի ու Վիլսոնյան իրավարար վճռի հարցերը:
– Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման համատեքստում տեսնում ենք, որ ամերիկյան քաղաքականության որոշում կայացնողները, նույնիսկ նրանք, ովքեր ավանդաբար կապված են եղել Անկարայի հետ, սկսում են վերանայել Հայոց ցեղասպանության հարցում Միացյալ Նահանգների քաղաքականության նկատմամբ Թուրքիային վետոյի իրավունք շնորհելու բարոյական և նյութական արժեքները: Այս միտումն արտացոլում է այն փաստը, որ գնալով մեծանում է Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 220 բանաձևին (H.Res.220) աջակցող կոնգրեսականների թիվը:
Արամ Սարգսյան