(tert.am) ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև եղած առճակատման մեղավորը Թուրքիան է, և ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիներին վիզա չտրամադրելու պատճառը թուրքական կողմի արած քայլերն են: Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց՝ Թուրքիան ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին առաջինը ձերբակալեց:
«Այնպես չէ, որ Միացյալ Նահանգները միանգամից է որոշել նման բան անել, այլ անում է, քանի որ, ինչպես հայտարարության մեջ էլ ասել է՝ Թուրքիան չի կարող երաշխավորել իրենց դիվանագիտական ներկայացուցիչների և աշխատակիցների անվտանգությունը, և դրա համար իրենք որոշել են վիզաներ տրամադրելու գործընթացը կասեցնել»:
Կիրո Մանոյանը նկատեց, որ թուրքական կողմն էլ որոշեց ԱՄՆ-ին պատասխանել նույն կերպ՝ նույն հայտարարությունը պարզապես երկրների անունները փոխած ներկայացնելով և հայտնելով, որ իրենք վիզա չեն տրամադրելու ԱՄՆ-ից Թուրքիա ժամանել ցանկացող քաղաքացիներին:
«Առիթ եղավ, որ տեսնեմ, թե քանի ամերիկացի է այցելել Թուրքիա․ այդքան էլ մեծ թիվ չէ, մեկ տարվա ընթացքում ընդամենը մի քանի հազար է»,- նշեց նա:
Կիրո Մանոյանի խոսքով՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում եղած խնդիրները նկատելի էին դեռևս ամիսներ առաջ: Ըստ նրա՝ անգամ Էրդողան-Թրամփ հանդիպմանը երկու երկրների հարաբերությունները հարթ չէին: «Այդ ժամանակ Համբիկ Սասունյանի ազատ արձակման գործընթացը կասեցվեց: Հիմա էլ, չեմ կարծում, որ այս հարաբերությունների սրացումն անպայման ի նպաստ հայերի լինի»,- ասաց նա:
Կիրո Մանոյանի կարծիքով՝ Թուրքիայի վարած քաղաքականությունն իր ազդեցությունը հնարավոր է ունենա ԱՄՆ վարչակազմի վարած քաղաքականության վրա: Սակայն նրա խոսքով, թուրքական վարչակազմից եղած զայրույթի դրսևորումները քաղաքականության մեջ մեծ դեր չեն խաղալու:
«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը և այլ կառույցները, որոնք Թուրքիայի հետ ունեցել են ավելի սերտ հարաբերություններ, ավելի շատ սառը դատողության կոչ կանեն, որովհետև շատ խնդիրներ կան այսօր․ նույն Մերձավոր Արևելքում, նույն Թուրքիայի հարևանությամբ, որտեղ Թուրքիայի հետ հարաբերություններն իրենք համարում են օգտակար»,- ասաց նա:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատուն համաձայնեց, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների սրացումն, այնուամենայնիվ, կարող է իր դրական նպաստը բերել հայ-ամերիկյան հարաբերություններում առկա որոշ հարցերի լուծման համար:
«Ի վերջո, Միացյալ Նահանգները, կուզենա այս տարածաշրջանում իր ազդեցությունն ու ներկայությունը մեծացնել,- ասաց նա՝ նկատելով, որ քանի որ հիմա Թուրքիան վստահելի գործընկեր չէ ԱՄՆ-ի համար, վերջինս այլ գործընկերներ է փնտրում այստեղ,- կարծում եմ՝ կխորացվեն հայ-ամերիկյան հարաբերությունները: Չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանության հարցը դրանց շարքին է, բայց չի նշանակում, որ առանց Հայոց ցեղասպանության հարցի, մեր հարաբերությունները չեն կարող սերտանալ»։
Մանրամասները` տեսանյութում։