Ալիևի «լվացքատան» համաշխարհային բացահայտումը ծանր վիճակի մեջ է դրել Բաքվին
(1in.am) Ադրբեջանական հանրապետությունը՝ Ալիևների ընտանիքի գլխավորությամբ, կրկին հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում: Ընդամենը երկու ամիս առաջ՝ հուլիսի սկզբին, բուլղարական «Տրուդ» պարբերականը բացահայտել էր այն փաստը, որ Ադրբեջանը դիվանագիտական չվերթների քողի տակ Արևելյան Եվրոպայից զենք է տեղափոխել հակամարտության տարբեր գոտիներ՝ Սիրիա, Իրաք, Պակիստան, Կոնգո և այլն: Այժմ բացահայտվել է մեկ այլ կոռուպցիոն սխեմա, որի թիկունքում կանգնած է Ադրբեջանի իշխող վերնախավը: Ադրբեջանցի օլիգարխները Մեծ Բրիտանիայում հիմնված 4 ստվերային ընկերությունների միջոցով ստեղծել են գաղտնի հիմնադրամ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին, լրագրողներին կաշառելու, փող լվանալու և թանկարժեք գնումներ կատարելու նպատակով:
Ալիևի «լվացքատունը»
Հետաքննությունն իրականացրել է եվրոպական թերթերի համընկերությունը և հրապարակվել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետաքննման նախագծի (OCCRP) կողմից: Հետաքննության համահեղինակներից մեկն, ի դեպ, ադրբեջանցի լրագրող, նախկին քաղբանտարկյալ Հադիջա Իսմայլովան է: Գաղտնի սխեմայի հետաքննությունը կոչվել է «Ադրբեջանի լվացքատուն»: Ինֆորմացիայի արտահոսքն առաջին անգամ եղել է դանիական Berlingske թերթում, հետո բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականում և այլ լրատվամիջոցներում:
Այսպիսով՝ բացահայտվել է, որ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-14 թթ. բրիտանական ֆիկտիվ ընկերությունների միջոցով երկրից դուրս են բերել մոտ 2.9 միլիարդ ԱՄՆ դոլար, որի մի մասը ծախսվել է եվրոպացի քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին և լրագրողներին կաշառելու նպատակով: Գումարի մի մասով ադրբեջանցի օլիգարխները գնել են թանկարժեք իրեր, իսկ մնացածը «լվացել են» և փոխանցել օլիգարխների ընտանիքների հետ կապված օֆշորային ընկերություններին: Քաղաքական նպատակներով ծախսված գումարը ծառայել է Ադրբեջանի միջազգային լոբբինգին:
The Guardian-ը գրում է, որ ըստ բացահայտված տվյալների՝ մարդու իրավունքների շարունակական խախտումների, սիստեմատիկ կոռուպցիայի և ընտրախախտումների համար մեղադրված Ադրբեջանի ղեկավարությունը 2012-14 թթ. ավելի քան 16 000 գաղտնի վճարումներ է կատարել: Ադրբեջանցիները կաշառել են եվրոպացի չինովնիկներին և լրագրողներին, որպեսզի շեղեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված քննադատության սլաքները և դրական «իմիջ» ստեղծեն նավթով հարուստ այդ պետության համար: 2013-ին կաշառվել է, օրինակ, ԵԽԽՎ մոնիտորինգային առաքելության նախին նախագահ Էդուարդ Լինթերը: Նա 60 հազար եվրո է ստացել այն բանից հետո, երբ հայտարարել է, թե Ադրբեջանում անկացված ընտրությունների մակարդակը հավասար է Գերմանիայի ընտրությունների մակարդակին: 2013 թ. ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն, բուլղարացի քաղաքական գործիչ Իրինա Բոկովան անցկացրել է «Ադրբեջան՝ հանդուրժողականության տարածք» ֆոտոցուցահանդեսն ու դրանից 3 օր անց նրա ամուսինը՝ Կալին Միտրևը, ստացել է 20 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ՝ 2 տարում նրան հատկացվել է 425 հազար եվրո։ Ամենամեծ գումարը ստացել է իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեն, որն արգելափակել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին ԵԽԽՎ բանաձևի ընդունումը։ Դրա համար քաղաքակաան գործչի հաշվին է փոխանցվել 2 մլն եվրո։
Ստվերային գործունեության համար ստեղծված ադրբեջանական գաղտնի հիմնադրամի, այլ խոսքերով՝ «սև արկղի» ֆինանսական աղբյուրները հստակ չեն: OCCRP-ի զեկույցում նշվում է, որ գումարն ըստ երևույթին ծագում է ադրբեջանական և ռուսական կառավարող շրջանակներից: Ի դեպ, ըստ հետաքննության արդյունքների՝ վճարումներից մեկը «սև արկղին» կատարվել է ռազմական տեխնիկայի վաճառքով զբաղվող ռուսական մոնոպոլիստ ընկերության՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի կողմից:
Պահանջում են «լվանալ կեղտոտ լվացքը»
Բրիտանական 4 ֆիկտիվ ընկերությունները, ինչպես պարզվել է, հիմնված են եղել Գլազգոյում, Բիրմինգհեմում, Փոթերս Բարում և Հերթֆորդշիրում: Դրանք օգտագործվել են «կեղտոտ գումարները» արևմտյան ֆինանսական համակարգ տեղափոխելու համար: Ընդ որում գումարը այս ընկերություններին է հասել դանիական Danske բանկի էստոնական մասնաճյուղի միջոցով: Ադրբեջանի կողմից բրիտանական ընկերություններն օգտագործելու փաստի բացահայտումը լուրջ դժգոհություն է առաջացրել Միացյալ Թագավորության քաղաքական շրջանակներում: Ընդդիմադիր գործիչները կոչ են արել վարչապետ Թերեզա Մեյին հետաքննություն սկսել և պարզել բոլոր հանգամանքները: Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության նախկին առաջնորդ Թիմ Ֆարոնը կոչ է արել «հրապարակայնորեն լվանալ կեղտոտ լվացքը և պարզել, թե ով ում է վճարել և ինչի համար»: Թերեզա Մեյի խոսնակը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը կստուգի Guardian-ում և այլ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները և կպարզի՝ արդյոք կարիք կա՞ հետաքննություն սկսելու:
Ինչպես շրջել այս իրադրաձությունը մեր օգտին
Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանի ստվերային գործունեության այս սկանդալային բացահայտումից հետո Բաքվի համար ավելի դժվար կլինի գործել նույն ոճով՝ ֆինանսական ռեսուրսների գործադրման միջոցով ազդել միջազգային կառույցների՝ Ադրբեջանին և նաև Հայաստանին, ղարաբաղյան հարցին վերաբերող որոշումների վրա, և ծառայեցնել այդ կառույցները իր շահերն առաջ տանելու նպատակով: Արդյո՞ք Եվրոպայում այսուհետ ավելի անհանդուրժող կլինեն Բաքվի ռեժիմի՝ մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը հակասող և մեր տարածաշրջանի խաղաղությանը սպառնացող քայլերի նկատմամբ:
Պատասխանելով հարցին՝ միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այո, այս սկանդալը պատահական չէ և իհարկե այն բացասական հետևանքներ կունենա Ադրբեջանի համար, բայց դա չի նշանակում, որ եթե Ադրբեջանին բացասաբար են վերաբերվում, ապա Հայաստանի հանդեպ ավտոմատ կերպով դրական վերաբերմունք պիտի ձևավորվի: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահը հիշեցրեց, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները Հայաստանում էլ լավ վիճակում չեն: Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ եթե Հայաստանն այս հարցերում մի քանի գլուխ բարձր չլինի Ադրբեջանից, ոչ ոք մեր օգտին չի շրջելու նմանատիպ բացահայտումները Ադրբեջանի կոռումպացված լինելու մասին: Անշուշտ, հայկական դիվանագիտությունն ունի իր անելիքներն այս հարցում: Հայաստանը օրինական բոլոր ճանապարհներով պետք է բարձրացնի այս հարցը միջազգային կազմակերպություններում, բայց հիմնական քայլերը պետք է արվեն ոչ թե ուղղակիորեն, այլ բարեկամ երկրների և գործիչների միջոցով, որովհետև Հայաստանի կարծիքը Ադրբեջանին վերաբերող հարցերում դիտվում է որպես կողմնակալ կարծիք:
«Դա չի նշանակում, որ եթե Ադրբեջանին չեն սիրում, ուրեմն բոլորը միանգամից կպաշտպանեն Հայաստանին և կաշխատեն Հայաստանի շահերի օգտին: Ոչ, դա ավտոմատ չի լինում: Դրանք երկու առանձին խնդիրներ են, որոնք, իհարկե, փոխկապակցված են: Բոլոր դեպքերում կարծում եմ, որ Ադրբեջանը չափն անցել է: Ե՛վ գումարներն են խոշոր, և՛ բավական ազդեցիկ գործիչներ էին ընդգրկված կաշառակերների ցուցակում: Պարզ էր, որ դա մի օր պիտի պայթեր, որովհետև մենք պարբերաբար տեսնում էինք առանձին սկանդալներ Իսպանիայում, Իտալիայում, նույն Բրիտանիայում՝ կապված այս երկրների պաշտոնյաների հետ, որոնք առնվազն Ադրբեջանի հաշվին ժամանակ էին անցկացնում Բաքվում, հետո պարզվում էր, որ նրանք գումար են վերցրել, իսկ հետո այդ պաշտոնյաները փոխում էին իրենց կարծիքը Ադրբեջանի մասին և հանդես էին գալիս ադրբեջանամետ հայտարարություններով կամ զեկույցներով՝ անտեսելով մարդու իրավունքների իրական վիճակը Ադրբեջանում, իշխանությունների ոտնձգությունները ԶԼՄ-ների հանդեպ»,- մեկնաբանեց փորձագետը:
Մեր զրուցակիցն ավելացրեց երկրորդ կարևոր հանգամանքն այս համատեքստում՝ Եվրոպայում գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում «փողերի մաքրության» հետ կապված միջոցառումներին:
«Այստեղ ոչ միայն կաշառակերության հարցն է դրված, որովհետև չեմ կարծում, թե այդ ամբողջ 3 միլիարդն ուղղված էր միայն կաշառակերությանը, այլև պարզ երևում է, որ Ալիևի կլանը դասական ձևով զբաղվում է փողերի լվացումով, և սա է այս սկանդալի մեխերից մեկը, թե ինչու է այս հարցը բարձրացվում: Համոզված եմ, որ խոսքը միայն այդ 3 միլիարդի մասին չէ: Նմանատիպ ռեժիմները պետական միջոցները համարում են իրենց անձնականը և կիրառում են տարբեր սխեմաներ պետական միջոցները յուրացնելու համար»:
Հայ գաղութները կբարձրացնեն հարցը
«Առաջին լրատվական»-ի խնդրանքով թեմային անդրադարձել է նաև ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը՝ ասելով, որ հետաքննությանը մասնակցած 16 երկրների լրագրողները փաստորեն պատռեցին Ադրբեջանի դիմակը, և աշխարհն աստիճանաբար սկսում է ավելի լավ ճանաչել ալիևյան կլանին և հասկանալ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» էությունը:
Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը ծիծաղելի է համարում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե հետաքննության պատվիրատուները հայ լոբբիստներն են: Հայ դատի հանձնախումբն այժմ սպասում է եվրոպական երկրների խորհրդարանների և հատկապես Եվրախորհրդարանի արձագանքին:
Ինչ վերաբերում է հայկական կազմակերպությունների անելիքներին, Հարութ Շիրինյանն ասաց, որ Եվրոպայի հայ գաղութները պետք է բարձրացնեն այս հարցը իրենց երկրների քաղաքական միջավայրում, խորհրդարանականների շրջանում, որպեսզի պարզվի, թե արդյոք Ադրբեջանի «սև փողը» հասե՞լ է այդ երկրների քաղաքական գործիչների գրպաններին:
«Վերջին շրջանում արդեն մի քանի աղմկոտ բացահայտումներ են եղել Ադրբեջանի մասին: Բացահայտվեց Ադրբեջանի կապն ահաբեկչական կազմակերպությունների հետ: Ինչպես գիտենք՝ բուլղարացի լրագրողը բացահայտել էր, որ Ադրբեջանը դիվանագիտական միջոցներով մեծ քանակությամբ զենք էր փոխադրել հակամարտության գոտիներ: Հիմա խոսվում է կոռուպցիայի մասին: Այս բոլորը խիստ բացասական անդրադարձ կունենա Ադրբեջանի հեղինակության վրա, բայց թե ինչպես կարող ենք կապել այս նյութն Արցախի խնդրի հետ, երկար ժամանակի հարց է, որ պիտի քննենք: Մեր կարծիքով՝ Ադրբեջանի ներքին խնդիրները և Արցախի հիմնախնդիրը երկու տարբեր խնդիրներ են: Մենք պետք է կարողանանք օգտագործել Ադրբեջանի ներքին խախատումները Արցախի հիմնախնդրի լուծումն առաջ տանելու համար, բայց դա այնքան էլ հեշտ գործ չէ, որովհետև աշխարհի ազդեցիկ պետությունների համար սրանք երկու տարբեր խնդիրներ են»,- մեկնաբանեց Հարութ Շիրինյանը: