(tert.am) ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ասածի մեջ իսկապես նորություն չկա. խոսքը՝ Մադրիդյան փաթեթի մասին է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Վերջինս նշեց, որ անկախ նրանից՝ Հոգլանդն ինչ է ասել, ինչ չի ասել, գաղտնիք չէ, որ սեղանին դրված փաստաթուղթը իրականում Մադրիդյան փաթեթն է, գուցե այլ անունով, բայց դա է, որտեղ կան միջազգային իրավունքի սկզբունքներն ու դրանց հիման վրա առաջարկվող բաղադրիչները:
– Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված կլիներ, եթե Արևմուտքն ընդուներ իրենց առաջարկները: Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը:
– Գուշակությամբ չեմ ուզում զբաղվել: Ասուլիսին ներկա լրագրողներից մեկը լավ կլիներ, որ հարցներ Լավրովին այս մասին, որովհետև հետաքրքիր է, թե այդ ինչ առաջարկներ են արել, որից Արևմուտքը հրաժարվել է:
– Սա չի՞ վկայում արդյոք այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր դիրքորոշումներ ունեն ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:
– Պարզ է, որ տարբեր պետություններ տարբեր մոտեցումներ կարող են ունենալ, բայց իրականությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, հանդես են եկել համատեղ, ներկայացրել են իրենց միասնական դիրքորոշումը: Իրենց տեսակետը արտահայտվում է համատեղ հայտարարություններով:
– ՄԽ ամերիկացի նախկին նախագահ Ռիչարդ Հոգլանդի առաջ քաշած կետերը, մասնավորապես փոխզիջումների վերաբերյալ, մեծ աղմուկ հանեցին՝ չնայած ՀՀ իշխանություններն ասում են, որ այդտեղ նորություն չկա: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է ներկայումս փոխզիջումներով լուծել հակամարտությունը:
– Ինձ իսկապես նեղացնում է մեր լրատվամիջոցներ մոտեցումն այս հարցին: Բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ: Հոգլանդն այս հայտարարությունն արեց իր պաշտոնավարման ժամկետի ավարտից երկու օր առաջ, արդեն որպես նախկին միջնորդ: Հոգլանդը, պարզապես, հայտարարեց, որ ազդարարի՝ ես գնում եմ, ուրիշն է գալիս: Այդ հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ հղում էր արվում հունիսին ու հուլիսին կատարված իրենց հայտարարություններին, որտեղ ասվում էր, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բացառելով ուժի կիրառումը, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներով:
Մեր լրատվամիջոցներն անտեսում են պետքարտուղարության պաշտոնական հայտարարությունն ու ընկնում են Հոգլանդի ասած մի բանի հետևից: Հոգլանդի ասածի մեջ իսկապես նորություն չկա, այդ երկուսը միասին Մադրիդյան փաթեթն է: Անկախ նրանից՝ Հոգլանդը ինչ է ասել, ինչ չի ասել, գաղտնիք չէ, որ սեղանին դրված փաստաթուղթը իրականում Մադրիդյան փաթեթն է, գուցե այլ անունով, բայց դա է, որտեղ կան միջազգային իրավունքի սկզբունքներն ու դրանց հիման վրա առաջրկվող բաղադրիչները:
Իրավիճակն այսօր այնպիսին չէ, որ հարցի կարգավորման մասին խոսվի: Հիմա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երբ հանդիպեն, չեն խոսելու այն մասին, թե ինչպես կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ոչ, խոսելու են նրա մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարվեն: Ակնկալել, վախենալ, որ վաղը մեզ համար անընդունելի բաղադրիչներ կգործադրվեն, անհիմն է:
– Ադրբեջանի ԱԳ նախարարն ասում է, որ եթե Հայաստանի համար նորություն չէ փոխզիջումային քաղաքականությունն, ապա ինչո՞ւ առարկայական բանակցություններ չեն վարվում:
– Ի՞նչ իմաստ ունի առարկայական բանակցություն վարել մեկի հետ, որն ուրիշների ներկայությամբ պայմանավորվում է, համաձայնում է, դահլիճից դուրս է գալիս, ասում է նման համաձայնություններ չեն եղել: Չի կարելի նման պետության, մարդու հետ խոսել: Ադրբեջանը դժգոհ է 3 սկզբունքներից, հատկապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը կիրառելուց: Դրա համար պետք է թափ տալ ԼՂ միջազգային ճանաչման գործընթացին: Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող պատանդ պահել այս բանակցությունները:
– Կարծիքներ կան, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրդի պայմանավորվածությունները Ադրբեջանի կողմից չի էլ կատարելու, այնինչ հայկական կողմը պնդում է, որ առանց դրա հնարավոր չէ բանակցությունները սկսել: Համաձա՞յն եք:
– Պայմանավորվածությունները իրական են, մեր պահանջը իրական է: Դրա համար ՀՅԴ-ն առաջարկում է, որ Հայաստանը միակողմանի պետք է կատարի Վիեննայի պայմանավորվածությունները, ասի, որ եկեք տեղադրեք այդ հետաքննական սարքերը մեր կողմը, որ վերահսկեք զինադադարը: Ադրբեջանը կմերժի, թող մերժի, եթե կասեն, որ միակողմանի, ուրեմն թող թույլ տան, որ իրենց մոտ էլ տեղադրեն: Հայաստանը պետք է հայտարարի, որ միակողմանի կատարում է Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները: Դրանից հետո էլ Կասպրչիկը չի ասի, թե չգիտեմ՝ որ կողմից էին մեզ վրա կրակում, ընդհանուր բարոյական կոչեր չեն արվի, հայտարարությունները հասցեական կլինեն: