(1in.am) Հունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է խիստ կարևոր և ուշագրավ խնդիր՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց ազդեցությունը հայկական համայնքների վրա: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նիստի մասնակիցներին հարցի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարը:
Խոսելով թեմայի շուրջ՝ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը դրական է գնահատում այս հարցի քննարկումը ԱԱԽ նիստում՝ շեշտելով, որ Մերձավոր Արևելքը շատ հեռու չէ մեր երկրից, և այս տարածաշրջանի կոնֆլիկտներն այս կամ այն ձևով ազդում են Հայաստանի անվտանգության վրա:
«Սա նշանակում է, որ մեր պետությունը մտահոգված է և զբաղվում է նաև մեր սփյուռքահայ հայրենակիցների հարցերով՝ անկախ նրանից, թե Հայաստանի քաղաքացիություն ունեն կամ չունեն: Մերձավոր Արևելքը Հայաստանի համար հեռավոր վայր չի, եթե մի կողմ թողնենք այդ շրջաններում հայերի բնակվելու հանգամանքը: Իրականում շատ մոտ վայր է: Օրինակ՝ մեր սահմանից մինչև Իրաք ուղիղ գծով ընդամենը 300-350 կմ է, ուստի դրական է, որ քննարկվել է: Բնականաբար չգիտեմ, թե ի վերջո ինչ եզրակացության են եկել, բայց ընդհանուր առմամբ ճիշտ քայլ է, որ մեր պետությունը զբաղվի Սփյուռքում, հատկապես այդպիսի անկայուն շրջաններում բնակվող հայերով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կիրո Մանոյանը:
Դաշնակցական գործիչը կարծում է՝ եթե Մերձավոր Արևելքի իրավիճակը շատ անկայուն լինի, դա անպայման կունենա իր ազդեցությունը Հայաստանի ընդհանուր անվտանգության վրա՝ ոչ անպայմանորեն անմիջական իմաստով: «Հաշվի պիտի առնենք, որ Մերձավոր Արևելք ասելով՝ նաև կա մեր հարևան Թուրքիան, եթե նույնիսկ հարևանանման է պահում իրեն: Եվ այդ իմաստով կարևոր է, որպեսզի հետևենք այդ խնդիրներին: Բնականաբար, կա նաև Իրանի նկատմամբ վերաբերմունք: Ուրեմն այս բոլորը մեր անմիջական շրջապատն են: Չեմ կարծում, որ Հայաստանում կա որևէ մեկը՝ ներառյալ Ազգային անվտանգության խորհրդի անդամները, որ կարծում են, թե մենք կարող ենք մեծ ազդեցություն ունենալ այդ իրադարձությունների վրա, բայց միանշանակ է, որ զգոն պիտի լինենք, որ այդ իրադարձությունների հետևանքները չվնասեն մեր անվտանգությանը, այս դեպքում՝ նաև այնտեղ բնակվող հայկական համայնքներին»:
Անդրադառնալով մասնավորապես Սիրիայի հայ համայնքի խնդրին՝ Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում շատ է խոսվել սիրիահայերին տարհանելու մասին, բայց մեր զրուցակցի կարծիքով՝ դա ճիշտ մոտեցում չէ այն իմաստով, որ չի կարելի մարդկանց ստիպել դուրս գալ իրենց տներից, եթե նրանք ցանկանում են մնալ Սիրիայում: Մյուս կողմից՝ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են Սիրիայից տեղափոխվել Հայաստան:
«Պարզ է, այսօր Սիրիայի համայնքի թիվն այն չէ, ինչ էր մինչև սիրիական տագնապի սկսելը՝ 2011 թ., բայց արդեն խոսվում է Սիրիայի հայ համայնքի վերականգման, վերակառուցման, աշխատանքների մասին, որի ուղղությամբ ևս պետությունը և ամբողջ հայությունը անելիք ունի աջակցելու, որովհետև Մերձավոր Արևելքում հայության ներկայությունը նաև նպաստում է Հայաստանի ազգային անվտանգության ապահովմանը»:
Որոշ վերլուծաբաններ ԱԱԽ այս նիստից հետո առաջ քաշեցին մի վարկած, թե Հայաստանի ղեկավարության կողմից մերձավորարևելյան իրադարձությունների և հայկական համայնքների խնդիրների քննարկումը կարող է կապված լինել Ռուսաստանի՝ վերջերս խիստ ակնհայտ դարձած մի ձգտման հետ՝ ՀԱՊԿ անդամ պետություններին ռազմականապես մասնակից դարձնելու Սիրիայի իրադարձություններին:
Դիտարկելով հարցն այս տեսանկյունից՝ Կիրո Մանոյանն ընդգծեց, որ Սիրիայի խնդիրը շատ նուրբ է այն իմաստով, որ այնտեղ կա նաև կրոնական բնույթի բախումների վտանգ, ուստի պետք է շատ լուրջ մտածել, թե արդյո՞ք ճիշտ կլինի, որ հայկական ուժերն ինչ-որ ձևով մասնակցեն սիրիական հակամարտությանը:
«Ես անձնապես շատ կողմնակից չեմ, որովհետև նայած, թե ինչ դերակատարություն պիտի ունենան: Առ այսօր Հայաստանի պատկերը, այսպես ասած՝ իմիջն այնտեղ այն է, որ Հայաստանը աջակցում է սիրիացի ժողովրդին և ուղարկում է մարդասիրական օգնություն: Կարծում եմ, որ դա շարունակելն ավելի ճիշտ է, քան որևէ այլ բան: Բայց իրադարձությունները կարող են փոխվել, ըստ այդմ էլ պետք է քննարկել: Սակայն այսօրվա պայմաններում, կարծում եմ, ռազմական ներկայություն ունենալու հարցն այնքան էլ նպաստավոր չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ հայության համար»,- ավելացրեց Կիրո Մանոյանը:
Լուսանկարը՝ արխիվից