(noranor.ca) Մոնրեալ — Մոնրեալում 2015 թվականի մայիսի 3-ին տեղի ունեցավ քայլարշավ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին մասնակցել է ավելի քան 10 հզր քաղաքացի՝ ոչ միայն հայեր, այլև ասորիներ, հույներ, հրեաներ և Մոնրեալի այլ գաղութների ներկայացուցիչներ: Քայլերթը կրկնվել է նաև անցած տարի, իսկ այս տարի հավանաբար մինչև մայիսի 27-ը տեղի կունենա ևս մեկ նմանատիպ քայլարշավ՝ մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանությունների դատապարտման կոչերով:
Այս ամենը Մոնրեալի Հայ դատի հանձնախմբի մասնակցությամբ է՝ ատենապետներ Հրակ Չինչինյանի և Արփի Բալուզյանի ջանքերով, որում մեծ ներդրում են ունեցել նաեւ հայկական կազմակերպություններն ու համայնքը: Երիտասարդ կազմակերպիչները, համախմբելով հայկական բոլոր կառույցները, այդ թվում եկեղեցիներ, ակումբներ և այլ միություններ, կարողանում են մարդու իրավունքների պաշտպանության մասին կոչերը հասցնել ինչպես Կանադայի ղեկավարությանը, այնպես էլ այլ գաղութների ներկայացուցիչներին:
2015թ-ին և այնուհետ այս հարցում կատարած ներդրումների համար Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ, ապրիլի 21-ին վկայագրեր ու շնորհակալագրեր է հանձնել մի շարք կանադահայերի, այդ թվում նաև Հրակ Չինչինյանին:
Ծնունդով լիբանանահայ Չինչինյանի ընտանիքը Բեյրութից Կանադա է տեղափոխվել պատերազմական տարիներին: Մոնրեալում Հրակը ֆինանսիստի կրթություն է ստացել, միաժամանակ դեռ պատանեկան տարիներից լրջորեն հետաքրքրվել Հայ Դատի աշխատանքներով, իսկ արդեն երիտասարդ տարիքում անդամագրվել կառույցին: Հիմա նա երազում է համախմբել գիտակ ու հասկացող կանադահայ երիտասարդությանը այս հարցի շուրջ՝ փորձելով ավելի լայն տարածել հայկական հարցի լուծման անհրաժեշտությունը:
Noranor.ca-ի հետ զրույցում նա ներկայացրել է իր նախաձեռնությունները, խոսել նպատակների մասին ու իր հպարտությունը հայտնել դեսպանի կողմից ստացած վկայագրի կապակցությամբ:
«Առաջին հերթին բավական հպարտ զգացի՝ ստանալով դեսպանի պարգեւը, այն նաև պատասխանատվություն է դնում, որ ինչ որ գործ կատարված է վերջին տարիներուն, պարզապես սկիզբն է հսկայական գործերու շարունակության եկող տարիներուն, ես կփափագիմ, որ ինծի միանան ամբողջ մոնրեալահայության, լավալահայության երիտասարդները, որքան ավելի երիտասարդ ուժ ունենանք, մանավանդ ուսյալ, այնքան ավելի թևերնիս լայն կրնանք բանալ»,– ասում է Չինչինյանը:
ՄԻԱՎՈՐԵԼ ԿԱՆԱԴԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ
Նա ցանկություն ունի ավելի լուրջ ու մեծամասշտաբ ծրագրեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն այն ձեռնարկների իրականացմանը, որոնք չի հաջողվել տասնամյակներ առաջ իրենց ծնողներին: Թեև Կանադայում Հայ Դատի հաջողություններն անհերքելի են, քանի որ այս երկիրը գրեթե բոլոր մակարդակներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մնում է համախմբել երիտասարդներին, պարտադիր չէ, որ բոլորը կրթված լինեն, ասում է Հրակ Չինչինյանը, այլ կարևոր է, որ գիտակից և իրազեկ մարդիկ ընդգրկվեն, որոնց հետ միասին կկարողանան միավորել Կանադայի և Հայաստանի շահերը.
«Գաղութը առաջ տանինք, Հայաստանի շահերը Կանադայի, Քեպեքի հետ միացնենք, ալ ավելի օգնենք մեր հայրենիքին, Արցախի հարցը ավելի շատ մարդոց առաջ բարձրացնենք, գաղութները տեղյակ դառնան, այսպիսի նյութեր հրամցնենք իրենց»:
Իսկ դրա համար ատենապետը ջանքեր չի խնայում, օրինակը հենց 100-ամյակի առիթով կազմակերպված քայլերթն էր: Հեշտ չէ ամեն անգամ համախմբել բոլորին, բայց եթե նպատակ ես դրել քո առջև, կարող ես հասնել, ասում է Հրակը՝ ներկայացնելով նախաձեռնության գլխավոր նպատակը.
«Նպատակը միայն հայերուն համախմբելը չէ, այլև օտարուն ալ ցույց տալ, որ աս միայն Հայ Դատ չէ, այլ համամարդկային Դատ է, ամեն մարդ տեղյակ ըլլա, ինչպես «Խոստումը» ֆիլմը միայն հայության համար չէր, այլ բոլոր աշխարհի համար է, որ նույն ձեւով մենք ապացուցեցինք, որ թե հայերու վրա մեծ գործ արինք և թե օտարներու վրա, որպեսզի համոզենք, որ իրենց մասնակցությունը բերեն»:
«ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄՈՎ ՉՊԵՏՔ Է ԲԱՎԱՐԱՐՎԵԼ
Հրակ Չինչինյանը զուգահեռներ է տանում. այնպես, ինչպես հոլիվուդյան ֆիլմը եղավ բոլորի ուշադրության կենտրոնում, այնպես էլ Հայ Դատին վերաբերող ցանկացած նյութ կարելի է դարձնել համամարդկային ուշադրության թեմա, եթե շահերը համընկնեն: Իսկ ֆիլմը նրան ստիպել է ավելի մեծ հարգանքով լցվել հայ բարերար Քըրքորյանի հանդեպ, ում շնորհիվ իրականություն դարձավ այս նախագիծը:
«Հոլիվուդյան մակարդակի ֆիլմ մըն է, ոչ միայն հայերը կրնան հասկնալ, այլեւ օտարները հստակ կտեսնեն՝ թուրքերն ինչ դեր ունեցած են հայության Ցեղասապանության հարցում, ոչ թե մենակ «Խոստումը» ժապավենով պետք է բավարարվել, այլեւ ուրիշ ժապավեններ ալ հրամցնել օտար հանրությանը, քանի որ Հոլիվուդի այս ֆիլմերը մեծ դեր ունին՝ ըլլա Ամերիկայի, ըլլա Եվրոպայի ժողովուրդներու փոխանցելու մեսիջ, գաղափար մը, որ կազմակերություններ կրնան շատ ավելի ժամանակ դնել այդ ամենը իրականացնելու համար»,– համոզված է Մոնրեալի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը:
ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ