(norjugha.ir) Երկուշաբթի՝ Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 9:30-ից, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցում սկիզբ առաւ ս. եւ անմահ պատարագ՝ ձեռամբ թեմիս Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ հոգեւորականաց ու դպրաց դասերի: Պատարագի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ա. վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Այնուհետեւ տեղի ունեցաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը, որտեղ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների անմոռաց յիշատակին իրենց յարգանքի տուրքը մատուցեցին՝ թեմիս հոգեւորականաց դասը՝ Կաթողիկոսական փոխանորդի գլխաւորութեամբ, շրջանի Հայ Դատի յանձնախումբը, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ազգային մարմինները, միութիւններն ու հայոց ագզային դպրոցների պատասխանատուները եւ Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի ոգեկոչման յանձնախումբը:
Հարկ է նշել, որ հոգեւորականաց դասը յուշարձանին ծաղիկներ մատուցելուց յետոյ՝ ի նշան խաղաղութեան աղաւնիներ թռցրեց երկինք:
Յաջորդիւ բազմահազար պահանջատէր ժողովրդի բուռն վանկարկումների ներքոյ, կէսօրին՝ ժամը 12:00-ին, Ս. Ա. վանքից սկիզբ առաւ բողոքի քայլարշաւը: Աւելի քան երկու ժամ տեւողութեամբ քայլարշաւն ընթացաւ Հաքիմ Նեզամի, Բոլւար Մելլաթ, Թոհիդ եւ Արեւելեան Նազար գլխաւոր պողոտաներով:
Երկուշաբթի առաւօտեան Ս. Ա. վանքում իրկանացւած համահաւաքը նոյնպէս հաղորդավարեց Թովմա Գալստանեանը:
Նշելի է, որ վերոնշեալ բոլոր միջոցառումներին իր խուռներամ շարքերով մասնակցութիւն ցուցաբերեցին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պահանջատէր հայորդիները:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ «Ֆոտօ Հայկ»
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 102-ԱՄԵԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱԳԾՈՒՄ ՄՈՄԵՐՈՎ ԵՐԹ ԵՒ ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՀԱՒԱՔ
(norjugha.ir) Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի ոգեկոչման միջոցառումների շրջագծում, կիրակի՝ ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը: Արարողութեան աւարտին միասնական Տէրունական աղօթքը հնչեց առ Աստւած, որից յետոյ Հայ Սուրբի, հոգեւորականաց դասի, ազգային մարմինների անդամների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի գլխաւորութեամբ, Ս. Ստեփանոս եկեղեցուց սկիզբ առաւ մոմերով երթը: Ներկաները խորհրդաւոր լռութեան ներքոյ, լուսաւոր մոմերն իրենց ձեռքում պահած, քայլեցին դէպի Ս. Ամենափրկիչ վանքը տանող Արեւմտեան ու Արեւելեան Նազար պողոտաներով: Վանք հասնելուն պէս մոմերը տեղադրւեցին Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի մօտ, որից յետոյ տեղի ունեցաւ բողոքի համահաւաք:
Համահաւաքը բացւած յայտարարւեց հաղորդավար Թովմա Գալստանեանի խօսքով, ուր ասւած էր. «Ճի՛շտ է, թրքական պետութիւնը մինչեւ օրս դեռ շարունակում է իր ժխտողական ու հայատեաց քաղաքականութիւնը, եւ երբեք չի դադարել հայութեանը վնասող գործողութիւնների իրականցումից, սակայն միակամ ոգով գործի լծւած հայ ժողովրդի հայաստանեան ու սփիւռքեան հատւածները, իրենց անկոտրում կամքի շնորհիւ կարողացել են վերականգնել դարեր առաջ կորցրած պետականութիւնը, պահպանել ու զարգացնել հայկական ազգային արժէքները, Սփիւռքում ստեղծել հզօր կառոյցներ եւ հիմնադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը»:
Բացման խօսքին յաջորդեց ներկաների մէկ րոպէ յոտնկայս լռութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան բիւրաւոր սուրբ նահատակների եւ հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին իրենց թանկագին կեանքը զոհաբերած հերոսների անմոռաց յիշատակին:
Այնուհետեւ իր սրտի խօսքն արտայայտեց Թուրքիայից ժամանած Պոլսի «Ակօս» հայկական թերթի հետ աշխատակցող, լուսանկարիչ Էռհան Առիքն, ով ոգեկոչման ծրագրերի շրջագծում կայանալիք լուսանկարների ցուցահանդէսի իրագործման համար գտնւում էր Նոր Ջուղայում: Նա նշելով, որ երկար տարիներ է, ինչ լուսնկարում է Հայոց Ցեղասպանութեան թեմայի շրջագծում, պատմեց ցեղասպանութեան տարիներին Մալաթիայում ապրող Ռեզայի եւ իր հայ ընկերների մասին, ովքեր դէպքից 40 տարի անց վերագտնելով միմեանց նամակագրութիւններ են ունենում իրար հետ, ուր եւ ազգութեամբ թուրք Ռեզան իր ցաւի ու ամոթի զգացումն է արտայայտում կատարւածի նկատմամբ:
Ծրագրի շարունակութեան մէջ Թեմական խորհրդի անդամուհի Սոնիկ Բաղումեանն ընթերցեց ազգային իշխանութեան խօսքը, որտեղ դատապարտելով տարածաշրջանն ապակայունացնող ցեղասպան Թուրքիայի վերջին տարիների գործողութիւնները եւ յատկապէս նրա կողմից ծայրայեղական ու ահաբեկչական խմբաւորումների հովանաւորումը՝ կարեւորութեամբ ընդգծւել էր Թուրքիայի կառավարութեան դատապարտման եւ հայոց բռնագրաււած հողերի վերադարձման պահանջները:
Ահա մի հատւածի մէջբերում վերոնշեալ խօսքից.
«Ազգային այս նոր գիտակցութեան, այս նոր որակի արդիւնքն է այն բացառիկ միասնականութիւնը եւ պատրաստակամութիւնը, որ դրսեւորում ենք ամէն օր՝ Հայաստանում ու Արցախում՝ ազգի ինքնիշխանութիւնն ու անվտանգութիւնը պաշտպանելու Ադրբեջանա-թրքական յարձակողական ու լկտի գործողութիւնների դէմ՝ յենւելով միմիայն մեր ժողովրդի ներքին ուժին, մեր զաւակների անսահման քաջութեան, ինքնազոհաբերումի աննկարագրելի կարողութեան, գիտութեան ու տեխնոլոգիայի մեր միջոցների վրայ: Միեւնոյն համոզումի ու վարքագծի մի այլ դրսեւորմամբ, հանդէս ենք գալիս սփիւռքում, իբրեւ ամուր պաշտպանական վահան, սիրեցեալ հայրենիքին ու արդարութեան կանչ ու կոչ՝ միջազգային հանրութեանը»:
Ծրագրում Ռուբէն Խաչիկ-Գրիգորեանն ընթերցեց Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի առթիւ հաստատւած պարսկերէն բանաձեւը եւ իրականացւեցին գեղարւեստական կատարումներ.
“Տուն իմ հայրենի” երգը մենակատարեց Վանէ Օրոջեանը, «Հերոսներին եւ մայրերին» երգով ելոյթ ունեցաւ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, «Անի»-ն մեներգեց Արսինէ Ալեքսանդրեանը, իսկ «Ռեքւիեմ»-ն ասմունքեց Ալինա Տէր-Սուքիասեանը:
Սուրբ Ամնեափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի նոյնպէս հանդէս եկաւ «Գարունա, ձունա արել» եւ «Դլէ-եաման» կատարումներով: Երգչախմբին «Դլէ-եաման» ասմունքով ընկերակցեց Թանիա Մինասեանը:
Համահաւաքի եզրափակիչ ելոյթը հանդիսացաւ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի հայրական օրհնանքը: Նա իր խօսքի սկզբնական բաժնում շնորհակալութիւն յայտնելով Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած եւ դատապարտած երկիրներին, ինչու չէ նաեւ Իրանի Իսլ. Հանրապետութեան կառավարութեանը՝ թեմիս ոգեկոչման միջոցառումներն ու քայլարշաւն արտօնելու համար՝ ընդգծեց ծրագրում հնչած «Անի» երգի «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» բառերը, վստահութիւն յայտնելով, որ հայ ժողովուրդը ոչ միայն ազատ է տեսնելու Անին, այլեւ ամբողջ Արեւմտահայաստանը: Հայր Սուրբը յորդորեց՝ նոյն ոգով շարունակել հայկական պահանջատիրական պայքարը, մինչեւ Հայ Դատի արդարացի լուծումը եւ հայ ժողովրդի բռնագրաււած իրաւունքների վերականգնումը:
Սոյն պատգամից յետոյ ժողովուրդը ծաղիկներ մատուցեց յուշարձանին եւ մոմեր վառեց՝ սուրբ նահատակների յիշատակը ոգեկոչելու համար:
Հարկ է նշել, որ Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան միջոցով ապրիլի 23 եւ 24-ին, վանքի շրջափակում կազմակերպւել էր բողոքի նստացոյց, որին մասնակցել էին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պատանի-երիտասարդները: Համահաւաքին զուգահեռ յուշարձանի շուրջ, անմար ջահերով, հսկումի արարողութիւն կատարեցին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամները, իսկ տեղի ունեցաւ արեան տւչութիւն:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ «Ֆոտօ Հայկ» եւ Նազելի Ղարիբեան
ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԵՒ ՇԱՀԻՆՇԱՀՐԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՀԱՒԱՔ-ԾԱՂԿԵՄԱՏՈՅՑԸ՝ Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔՈՒՄ
(norjugha.ir) Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի ոգեկոչման ծրագրերի ծիրում, շաբաթ՝ ապրիլի 22-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնը ի մի եկաւ Ս. Ամենափրկիչ վանքում՝ իրականացնելու իր ամենամեայ բողոքի համահաւաքը:
Համահաւաքին մասնակցել էին՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի, «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների, իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական եւ «Մասիս» ուղեցոյց դպրոցների աշակերտներն ու պատասխանատուները:
Միջոցառումն սկիզբ առաւ 102-ամեակի ոգեկոչման յանձնախմբի անդամուհի Մարինէ Մկրտչեանի խօսքով, որից յետոյ դպրոցներն առանձնաբար հանդէս եկան աշակերտական ելոյթներով ու յուշարձանի մօտ խորհրդանշական ծաղկեպսակների տեղադրմամբ: Ելոյթների շրջագծում Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանը ներկայացրեց խմբական ասմունք եւ երգ, «Արմէն» տարրական կրթահամալիրը՝ աշակերտական երկու խօսքեր՝ պարսկերէն եւ անգլերէն լեզուներով, «Քանանեան» եւ «Կատարինեան» դպրոցների կողմից հնչեցին մէկական ասմունք եւ անգլերէն լեզւով պահանջատիրական խօսքեր, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցները հանդէս եկան խմբական երգով, իսկ վերջում ելոյթների բաժինը եզրափակւեց մի երգով՝ աշակերտների միասնական կատարմամբ:
Այնուհետեւ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին: Նա իր վստահութիւնը յայտնեց, որ հայ աշակերտութիւնը նոր սերմի նման ոչ միայն ծլարձակւելու է հայրենիքի եւ սփիւռքի հողից, այլեւ իր արմատներով ներծծելու է աշխարհի ուժն ու սնունդը՝ որպէս նոր աւիւն ու աւիշ հայ ազգին փոխանցելու համար: Հայր Սուրբը ընդգծելով, որ աշակերտներին վերահսկելը միայն դպրոցների պատասխանատուների պարտականութիւնը չէ, յորդորեց ծնողներին՝ իրենց զաւակների ճիշտ ուղեցոյցը դառնալով՝ նրանց ապագայի հզօր եւ յաղթական սերունդը դարձնել:
Վերջում աշակերտներն ու դպրոցի պատասխանատուները հերթաբար իրենց մէկական ծաղիկները տեղադրեցին յուշարձանի մօտ՝ ոգեկոչելու բիւրաւոր սուրբ նահատակների անմոռաց յիշատակը:
Ծրագրին ներկայ էին նաեւ քահանայից դասի, ագզային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, աշակերտութեան ծնողներն ու ժողովուրդ: Միջոցառումը եւ յատկապէս շրջափակում ցուցադրւած ցեղասպանուեթան թեմայով աշակերտական նկարչութիւններն ու ձեռքի աշխատանքները մեծ ուշադրութեան արժանացան Ս. Ամենափրկիչ վանքի թանգարան այցելած զբօսաշրջիկների կողմից:
Հարկ է նշել, որ հինգշաբթի՝ ապրիլի 20-ի առաւօտեան «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների աշակերտ-ուհիների մասնակցութեամբ, աշակերտական աշխատանոց իրականացաւ Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում, որտեղ ուսուցիչների գլխաւորութեամբ պատրաստւեցին պաստառներ ու պատի թերթեր, զբօսաշրջիկներին բաժանւեցին Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը բացատրող կոչեր, իսկ բարեզարդւեց վանքում գտնւող Ցեղասպանութեան յուշարձանի շրջափակը: Սոյն ծրագրի ընթացքում իրենց այցելութեամբ աշակերտներին առաւել ոգեշնչեցին գերպ. հոգեւոր հայրեր՝ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն ու Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Նոր Ջուղայի թղթակից եւ «Ֆոտօ Հայկ»
Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչման ծրագիր՝ Շահինշահրում
(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ) Ապրիլի 21-ին Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձան-խաչքարի առջեւ, Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը: Այս մասին տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:
Օրւայ խորհրդին ներկայ էին Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան, ազգային մարմինների, ենթամարմինների, միութիւնների եւ անձնակազմերի ներկայացուցիչները, տեղի հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնն ու հոծ թւով հայորդիներ:
Շահինշահրի հայ համայնքի վարչութեան անունից, համահաւաքը բացւած յայտարարեց հաղորդավար Վիոլէտ Յարութիւնեանը:
Բացման խօսքին յաջորդեց ներկաների մէկ րոպէ յոտնկայս լռութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների անմոռաց յիշատակին:
Ազգային իշխանութեան անունից բանախօսական ելոյթ ունեցաւ թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ Թաթուլ Օհանեանը, ով ներկայացրեց հայոց ջարդի, տարագրութեան եւ կրած բարոյական, մարդկային եւ նիւթական կորուստների պատմականն ու տարագրութիւնը՝ 1892-1923 թ.թ.: Յարգելի բանախօսն անդրադառնալով Թուրքիոյ անցեալի եւ այժմեան փանթուրքիստական քաղաքականութեանը եւ գործունէութիւններին շեշտեց Թուրքիոյ պետութեան ազգայնամոլութեան ու հայատեաց անփոփոխ նկարագրի վրայ:
Հայ համայնքի վարչութեան անունից օրւայ խօսքն ընթերցեց վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանը, որտեղ անդրադառնալով 1892-1923 թ. թ. Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած հայ բնակչութեան զանգւածային տեղահանութեան, տարագրման եւ բնաջնջման ասւել էր. «Հայոց Ցեղասպանութեան գիտակցումն ու ոգեկոչումը կարեւոր է բոլորիս համար, որպէսզի նոր թափով, պայքարի նոր ուղիով քայլենք դէպի մեր ոտնահարւած իրաւունքների վերականգման եւ նահատակների սուրբ կտակի իրականացման»:
Այնուհետեւ ընթերցւեցին շրջանի Հայ Դատի յանձնախմբի, Շահինշահրի մասնաճիւղի Հայ Մ. Մ. «Արարատ», «Փերիոյ» կրթասիրաց, Շահինշահրի «Հայ կանանց եկեղեցասիրաց» միութիւնների եւ «Սրբոց Վարդանանց» ու «Մասիս» դպրոցների ուսուցչական կազմի, ծնողական խորհրդի եւ աշակերտական խօսքերը:
Յաջորդիւ ազգային-հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումներով ելոյթ ունեցան շնորհալի երիտասարդներ Վանանդ Իսաղուլեանն ու Արութին Հախնազարեանը:
Այնուհետեւ տեղի ունեցաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը, որտեղ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների անմահ յիշատակին իրենց յարգանքի տուրքը մատուցեցին թեմիս հոգեւորականաց դասը՝ Կաթողիկոսական փոխանորդի գլխաւորութեամբ, ազգային իշխանութեան, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչներն ու պատասխանատուները:
Ծաղկեմատոյցի արարողութիւնից յետոյ, «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի եւ «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշակերտ-ուհիները երգուսոյց Նարբէ Տէր-Գրիգորեանի ղեկավարութեամբ կատարեցին խմբերգեր եւ ծաղիկներ մատուցեցին՝ նահատակների յիշատակն ոգեկոչելու համար:
Օրւայ խորհրդի առիթով իր հայրական պատգամը փոխանցեց թեմիս կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը: Նա իր գնահատանքի խօսքն ուղղելով համահաւաքի եւ օրւայ արարողութեան կազմակերպիչներին, ծրագրի իրականացմանը օժանդակողներին, պատասխանատուներին, բոլոր մասնակիցներին եւ ներկաներին հաւաստիացրեց, որ անշուշտ այսպիսի միահամուռ, միասնական պահանջատիրական ոգով տոգորւած է, որ պէտք է շարունակենք մեր երթը, մեր անվարան ուղին դէպի Հայկական հարցի եւ Հայ Դատի վերջնական եւ արդար լուծում:
Համահաւաքի աւարտին համայնքի անդամները ակնածանքով մօտենալով խաչքար-յուշարձանին ծաղիկներ մատուցեցին սուրբ նահատակների վառ յիշատակին: