Հայաստանը կարող է ստանալ փախստականների անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ

(news.am) Սիրիայից եւ Իրաքից տասնյակ հազարավոր փախստականներին ժամանակավոր ապաստան տված Հայաստանը կարող է անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ ստանալ, որը նշանակում է նաեւ ֆինանսական օգնություն միջազգային դոնոր կազմակերպություններից, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը եւ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, Հայաստանը լավագույնս է համապատասխանում անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակի չափանիշներին.

«Հայաստանի Հանրապետությունը ցեղասպանություն վերապրած պետություն է, հայ ազգը իր պատմության ընթացքում փախստական է եղել եւ հենց այդ համատեքստում կարեւոր է, որ Հայաստանն իր դռները բացել է Մերձավոր Արեւելքի փախստականների առջեւ»:

Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն «Ամերիկայի Ձայն»-ին պատմեց, որ այդ նախաձեռնությունը քննարկել է ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ հանդիպումների ընթացքում. «Մենք հիշեցրել ենք, որ օգնություն ենք ակնկալում Հայաստանում ապաստան ստացած գաղթականների համար, որոնք եկել են Սիրիայից եւ Իրաքից»:

Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնի խոսքով, ֆինանսական ծանր վիճակում գտնվող Հայաստանը, որը չի խուսափել փախստականներ ընդունել, արժանի է օգնության.

«Մենք կոչ ենք անում հատկացումների հանձնաժողովին 40 միլիոն դոլար հատկացնել Հայաստանը անվտանգ գոտի դարձնելու համար: Այդ գումարները պետք է հատկացվեն Հայաստանի կառավարությանը, փախստականներին օգնելու համար»:

Կոնգրեսականի խոսքով, աշխարհի առաջադեմ երկրները պարտավոր են օգնել Սիրիայի եւ Իրաքի փախստականներին, այդ թվում եւ նրանց ապաստան տված երկրներին օգնելու միջոցով: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանում այս պահին գտնվում է վերջին տարիներին Մերձավոր Արեւելքից ժամանած շուրջ 25,000 փախստական, ինչը դասում է Հայաստանը մեկ շնչի վրա հաշվարկով ամենամեծ թվով փախստական ընդունած երկրների շարքին.

«Հայաստանի առանձնահատկությունը նաեւ այն է, որ Հայաստանը պատրաստ է Սիրիայից ժամանած փախստականներին մշտական ինտեգրման հնարավորություն տալ, որը Հայաստանը բացառիկ երկիր է դարձնում»:

Նախաձեռնության իրականացման դեպքում, Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի միջոցով կարող է Հայաստանին օգնություն տրամադրել, որն էլ ուղղվելու է Իրաքից եւ Սիրիայից ժամանած փախստականներին: Ըստ Արամ Համբարյանի, ծրագիրը բխում է, թե՛ փախստականների, թե՛ Հայաստանի եւ թե՛ միջազգային հանրության շահերից.

«Դա խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ փախստականների բարեկեցության մեջ հսկայական ներդրում է լինելու: Հայաստանում ծախսված 40 միլիոն դոլարը կրկնակի արդյունք կտա, քանզի նույն թվով փախստականներ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ընդունելը շատ ավելի ծախսատար կլինի»,- նշում է Արամ Համբարյանը:

Armenia to get special status of safe area for refugees?

(news.am) Armenia, which has provided temporary shelter to tens of thousands of refugees from Syria and Iraq, may be given the safe area special status, which also means getting financial assistance from international donor organizations, reported Voice of America Armenian service.

The US Congressional Caucus on Armenian Issues, and the Armenian National Committee of America (ANCA) have launched this initiative.

In ANCA Executive Director Aram Hamparian’s words, Armenia best fits the criteria for the safe area special status.

Archbishop Vicken Aykazian, Legate of the Eastern Diocese of the Armenian Apostolic Church of America, said they had discussed this initiative with congress members.

Congressman Frank Pallone, Co-Chair of the Congressional Caucus on Armenian Issues, noted that Armenia, which did not refuse to accept refugees despite being in a difficult financial situation itself, deserves assistance.

And ambassador of Armenia to the US, Grigor Hovhannissian, stated that at present, there are around 25,000 refugees in Armenia from the Middle East, and this number includes Armenia among countries that have accepted the largest number of refugees on a per capita basis of the given country.