«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը։
-Պարոն Դեմիրճյան, եվրոպական մի շարք կառույցներ և առանձին գործիչներ իրենց գնահատականն արդեն տվել են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և դրանք ոչ միշտ էին դրական։ Ի՞նչ եք կարծում՝ դրանք ինչ ազդեցություն կունենան Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների վրա։
-Երեկ Եվրախորհրդարանն արդեն իր Հայաստան ուղարկած ընտրական պատվիրակության զեկույցը ներկայացրեց։ 7 պատգամավոր էին ներկա՝ որպես ԵԽ-ից Հայաստան եկած դիտորդներ։ Նրանք ներկայացրել են այն, ինչ տեսել են՝ թե՛ մարզերում, թե՛ Երևանում։ Ներկայացվել է ամեն տեսակի դրական և բացասական գնահատական, և այդ ամենը կներառվի վերջնական, պաշտոնական զեկույցի մեջ։ Բայց Եվրոպական միության ընդհանուր գնահատականն այն է, որ ընտրություններն արտացոլում են ժողովրդի կամքը։
-Այսինքն՝ կարծում եք, որ այն խախտումները, որ արձանագրվել են նաև միջազգային դիտորդների կողմից, վերջնական արդյունքի վրա ազդեցություն չե՞ն ունեցել։
-Ընդհանուր առմամբ կարելի է այդպես ասել։ Նախնական հայտարարություն է եղել նաև Մոգերինիի գրասենյակից։ Նրա խոսնակը հայտարարեց, որ ընդունում են ընտրությունների արդյունքները։ Ընդհանուր առմամբ, այդ քվեարկությունը արտացոլում է ժողովրդի կամքը։ Նույնն էլ ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար Հաիդին նշեց։ Ակնարկ է եղել Եվրոպական միության աջակցության վերաբերյալ, և նշվել է այն կարևոր կետը, որ այսուհետ պետք է ավելի սերտ համագործակցել Հայաստանի հետ, որ բարեփոխումների օրակարգը ավելի շուտ ընթանա։
-Տիկին Հաիդին ընդգծել է, որ բավականին տխուր պատկերի են ականատես եղել հոգեբուժարանում քվեարկությունների ժամանակ, տեսել են ուղորդումներ և այլ խախտումներ։ Այս գնահատականները որևէ ազդեցություն կարո՞ղ են ունենալ, սթափեցնող գործոն կլինե՞ն մեր իշխանությունների համար։ Թե՞ հակառակը՝ ԵՄ-ից ստացած ֆինանսական աջակցությունը կանաչ քարտ է մեր իշխանությունների համար։
–Այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Տեղյակ եք, որ ՀՀ-ԵՄ փաստաթղթի նախաստորագրումը եղել է։ Բայց մենք չենք կարող ասել՝ հետագայում ինչ կլինի։ Այն, որ եվրոպացիները տեսել և արձանագրել են խախտումները, դա փաստ է։ Բայց թե հետագայում ինչ ազդեցություն կլինի, Հայաստանի իշխանություններն իրենց ինչպես կդրսևորեն՝ դեռ անհայտ է։ Ակնհայտ է, որ ԵՄ-ն տեղյակ է, այդ փաստերը տեղ կգտնեն զեկույցներում։ Այն, որ այդ հարցը պետք է դրվի Հայաստանի իշխանությունների առաջ՝ ես միայն կարող եմ ենթադրել, որ կդրվի։
–Կա նաև այսպիսի տեսակետ, որ Սփյուռքից եկած դիտորդները, ԵՄ դիտորդները չեն արձանագրել հիմնական խախտումները, և դրանք տեղի են ուենցել ընտրություններից առաջ՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք։ Եվ հենց այս հանգամանքներն են, որ էական ազդեցություն են թողել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։
-Կաշառքի մասին անդրադարձ եղել է։ Ոչ ոք չի հերքում, որ ընտրակաշառք եղել է։ Ես ուրախ եմ, որ այս ընտրությունների հետ կապված մեծ հետաքրքրություն կա ԵՄ-ի կողմից։ Այն, որ խախտումներ եղել են՝ դա փաստ է, որ ընտրակաշառք տված է, դա էլ է փաստ, բայց բոլոր կողմերն են ընդունում, որ խախտումների չափը նվազել է և էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Թե՛ եվրոպացիները, թե՛ Արսինե Խանջյանն ու Սերժ Թանկյանը հանգել են այն կետին, որ մեծամասամբ ընտրություններն արտացոլում են ժողովրդի կամքը։
-Երբ Հայաստանը մերժեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, եվրոչինովնիկները մեր իշխանություններին ոչ վստահելի գործընկեր համարեցին։ Այժմ, կարծում եք, այդ վստահությունը վերականգնվե՞լ է։
–Նախևառաջ, 2013 թվականի սեպտեմբերից այս կողմ բավականին շատ ժամանակ է անցել, տարածաշրջանում կարևոր փոփոխություններ են եղել։ Պետք է նշել, որ անգամ Ուկրաինան դիմեց նման քայլի և տեսաք, թե ինչ եղավ Ուկրաինայում։ Այս հարցը պետք է ընդհանուր կոնտեքստում նայել։ Բայց կարող եմ հաստատ ասել, որ այսօր Հայաաստանը ավելի վստահելի է, քան կար 2013-ի սեպտեմբերի 4-ից սկսած։ Դրվել են կետեր և հասել ենք ինչ որ փաստաթղթի, որն այո՛, Ասոցացման համաձայնագիր չէ, բայց ամեն դեպքում կարևոր փաստաթուղթ է։ Ասոցացման համաձայնագիր չէր կարող լինել, որովհետև Հայաստանը ԵՏՄ-ի առջև ստանձնած պարտավորություններ ունի։ Ենթադրում եմ, որ Հայաստանը կստորագրի արդեն նախաստորագրված փաստաթուղթը։