(1in.am) 2016թ. բավականին ծանր և աննախադեպ տարի էր, ինչպես աշխարհի շատ երկրների, այնպես էլ Հայաստանի համար: Ի՞նչ հաջողությամբ Հայաստանը կարողացավ Արցախի հետ դիմագրավել արտաքին և ներքին մարտահրավերները, անվտանգության տարատեսակ սպառնալիքները՝ սկսած Ապրիլյան պատերազմից մինչև ծանր բանակցություններ ղարաբաղյան հարցի շուրջ և ներքին զարգացումներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 2016թ-ն ամփոփում է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
-Պարոն Մանոյան, Ձեր կարծիքով՝ որո՞նք էին 2016թ-ին Հայաստանի և Արցախի գլխավոր մարտահրավերները. Ի՞նչ թերություններ դրանք ի հայտ բերեցին, ինչպե՞ս կարողացանք դիմագրավել անվտանգության սպառնալիքները և ի՞նչ հետևություններ պետք է արվեն:
-Հիմնականը, բնականաբար, ապրիլյան կռիվներն էին: Ես չեմ անդրադառնա այն խնդիրներին, որոնք, փաստորեն, հայտնվեցին մեր պաշտպանության համակարգում բայց կարծում եմ՝ մենք ի վերջո դա պատվով դիմագրավեցինք: Այդ է նաև պատճառը, որ Ադրբեջանը դիմեց Մոսկվային, որպեսզի միջնորդի զինադադարը վերահաստատելու համար: Շարունակվող գործընթացներում, կարծում եմ, ընդհանուր առմամբ, ճիշտ պահվածք ունեցանք: Փաստն այն է, որ առ այսօր միջնորդ պետությունները հետամուտ են, որպեսզի զինադադարի ամրապնդման վերահսկմանն ուղղված քայլեր ձեռնարկվեն, ինչին Ադրբեջանն ըննդիմանում է: Բայց այդտեղ մեր գլխավոր բացթողումը եղավ այն, ինչի մասին կռիվների ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահը, որ հանձնարարել է ՀՀ արտաքին գործերի գերատեսչությանը՝ պատրաստել ռազմաքաղաքական գործակցության պայմանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ըստ երևույթին՝ այդ պայմանագիրը պատրաստ է, բայց ավելի պատեհ առիթի ենք սպասում ստորագրելու: Մեր՝ Դաշնակցության կարծիքով՝ այդ պատեհ առիթը հենց Ապրիլյան պատերազմն էր, և անհրաժեշտ էր արդեն այդ պայմանագիրը ստորագրել, որպես զսպիչ մեխանիզ Ադրբեջանի դեմ: Դա, կարծում եմ, նույնիսկ այսօրվա վիճակով աշխարհը կհասկանա, մեզ ոչ ոք չի մեղադրի, և մենք պետք է որ դա կատարենք, որպեսզի Ադրբեջանին ցույց տանք, որ նախ՝ բանակցություններն այսպես կամայականորեն չի կարող երկարաձգել, երկրորդ՝ որևէ նման փորձի կրկնության պարագայում մեր կեցվածքը կլինի շատ ավելի կոշտ քաղաքական-դիվանագիտական իմաստով:
–Դաշնակցությունը մշտապես կողմ է եղել փոխօգնության պայմանագրին: Հենց այդ իրադարձություններից հետո հանձնարարություն եղավ, բայց այդ գործընթացը կասեցվեց, ո՞րն էր պատճառը, պարոն Մանոյան:
-Իշխանությունները հայտարարում են, որ ավելի հարմար առիթի պետք է սպասենք: Բայց այդ հարմար առիթը կարծում եմ կա: Բայց այդ հարմար առիթը նույնպես կար՝ դրանք ապրիլյան կռիվներն էին, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը մշտապես ձգձգում է նույնիսկ այն հանձնառությունները, որոնք ստանձնել է ապրիլյան մարտերից հետո հանդիպումների ժամանակ։ Այնպես որ, ես կարծում եմ, որ հիմա հենց այդ առիթն է այդ պայմանագիրը ստորագրելու համար։
-Ապրիլյան պատերազմից հետո մի շարք թերություններ ի հայտ եկան, որից հետո փորձ արվեց շտկել դրանք։ Հիմա, Ձեր կարծիքով, որքանո՞վ ենք պատրաստ մենք պատերազմի։
-Ես չեմ կարծում, որ մենք ապրիլին էլ պատրաստ չէինք։ Եթե պատրաստ չլինեինք, չէինք կարող երեք օրվա մեջ պատրաստվել, բայց բացթողումներ ունեինք, որոնք շտկելու փորձեր եղան։ Ես դրանցից հիմա տեղյակ չեմ, բայց այլով կողմից լսել եմ, որ գնացել տեսել են կատարված աշխատանքը, որը հուսադրող է։
-Ապրիլյան պատերազմից հետո հանդիպումների ժամանակ շատ էր քննարկվում անվտանգության հարցերը, վերահսկման մեխանիզմները։ Լուրջ առաջընթաց կարծեք թե չկա։ Ի՞նչ պետք է արվի այդ ուղղությամբ։
-Լուրջ առաջընթաց կա այնքանով, որ համանախագահող երկրները իրենք էլ են հաստատում, որ կողմերը համաձայնեցին այդ քայլերին, մնում է, որ այդ համաձայնությունները կիրառվեն։ Համաձայնություն կա, բայց գործակցություն չկա, այն էլ Ադրբեջանի կողմից։
-Պարոն Մանոյան, բայց ի՞նչ պետք է փոխվի հայկական կողմի մարտավարության մեջ, դիվանագիտության մեջ։ Ի՞նչ շեշտադրումներ պետք է կատարվեն, որ բանակցությունները շարունակվեն։ Ի՞նչ ռազմավարություն պետք է որդեգրի Հայաստանը։
-Սա ներքին քաղաքականության հարց չի, սա ընդհանուր բնույթի հարցեր են։ Կարծում եմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ Ադրբեջանի հասարակությունը հասկացել են, որ պատերազմում շատ առաջ գնալու տեղ չունեն։ Ճիշտ է, հիմա իրենք տարբեր ճանապարհներով զենք են ձեռք բերում, բայց այդ բոլորը վկայում են այն մասին, որ այս պայմաններում իրենք պատրաստ չեն դիմագրավել հայկական կողմի հնարավոր հարձակումներին։
-Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացը հիմա։ Արդյո՞ք իրականում այն փակուղային է։ Եվ պե՞տք է արդյոք Հայաստանը շարունակի բանակցային գործընթացը, և ո՞րը պետք է լինի այդ գործընթացում Հայաստանի գլխավոր նպատակը։
-Կարծում եմ՝ գործընթացները մինչև մեր խորհրդարանական ընտրություններ կշարունակվեն ներկա տրամաբանությամբ։ Նախ՝ պետք է քայլեր ձեռնարկվեն ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու ուղղությամբ։ Բայց բանակցությունները փակուղային չեն այն իմաստով, որ համանախագահները հույս ունեն կողմերին բերել ընդհանուր հայտարարի։ Բայց մեր խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կարող է հնարավորություններ ստեղծել բանակցությունները առաջ տանելու և այն ընդհանուր գծերով փոխելու համար։
-Մեկ հարց էլ գլոբալ քաղաքականությունից։ Թրամփի ընտրությունը ԱՄՆ-ում ի՞նչ հնարավորություններ և ի՞նչ մարտահրավերներ է առաջացնում Հայկական հարցն առաջ տանելու համար։ Ինչպե՞ս պետք է աշխատի հայկական համայնքը Թրամփի վարչակարգի ժամանակ։
– ԱՄՆ-ի հայ համայնքն աշխատելու լայն հնարավորություն ունի, քանի որ մեծամասամբ աշխատում է օրենսդիր մարմնի հետ, որտեղ Թրամփի կուսակցության անդամները մեծամասնություն են։ Բայց մյուս կողմից էլ դեռ հայտնի չէ, թե ինչ է անելու Թրամփը առաջիկայում, կոնկերտ հարցերի շուրջ ինչ տեսակետ ունի։ Անորոշություն կա։ Մյուս կողմից, Թուրքիայի հետ կապված՝ մտահոգություն կա իր կողմնակիցների կողմից, բայց դա դեռ միանշանակ չէ։ Անհրաժեշտ է աշխատել հնարավորինս կապ պահել, հետևել, տեսնել, թե ինչ կլինի։ Բայց շատ բաներ կախված է նաև ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան հարաբերություններից։
-Որքանո՞վ է ԱՄՆ-ում ուժեղ հայկական լոբբին։
-Օրենսդիրը հաշվի առնելով, ես կասեմ, որ վերջին ընտրություններից հետո այդ հնարավորությունները էլ ավելի մեծացան։ Բայց անհրաժեշտ է այդ հնարավորությունները էլ ավելի զարգացնել և Սպիտակ տան հետ կապ հաստատել։ Ամեն դեպքում, առաջիկա ամիսներին ամեն ինչ կհստակեցվի և մինչև մեր խորհրդարանական ընտրությունների ավարտն ավելի պարզ կլինի, թե մենք ինչպես պետք է հարաբերվենք ԱՄՆ-ի հետ։