(tert.am) Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի փոփոխության և նրանից ու ԼՂ հիմնախնդրում Ֆրանսիայի ներգրավվածությունից սպասումների մասին, նկատեց, որ ընդհանրապես համանախագահների փոփոխությունից շատ բան կախված չէ:
«Կառավարության քաղաքականությունն է, համանախագահը Արտաքին գործերի նախարարության և կառավարության քաղաքականությունն է տանում: Բայց ես կարծում եմ, որ Ֆրանսիան նոր համանախագահ է ընտրել, որպեսզի ակտիվություն մտցնի ԼՂ կարգավորման գործընթացում: Գիտենք, որ Ամերիկան էլ է փոխել իր համանախագահին, նշանակում է՝ գործընթացում նոր հանգրվան է լինելու»,- ասաց նա:
Մուրադ Փափազյանը, խոսելով համայնքի սպասումներից, նշեց, որ իրենց համար շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լինի Ֆրանսիայի օրակարգում, Ֆրանսիայի կառավարությունը խնդրի հետ կապված իր առաջարկներն անի:
«Դրական առաջարկներ արել է նախագահ Օլանդը: Մարտին Հայաստանի նախագահը Ֆրանսիա պետք է այցելի, հստակ տվյալներ հանդիպման հետ կապված կարող ենք ավելի ուշ փոխանցել, բայց աշխատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ նորություններ լինեն»,- ասաց Մուրադ Փափազյանը:
Դիտարկման հետ, թե Ֆրանսիան ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ընկալվում է որպես պասիվ համանախագահող երկիր, Մուրադ Փափազյանը չհամաձայնեց․«Ընդհակառակը, հիմա նախագահ Օլանդը առաջարկներ է արել երկրի նախագահին: Հիմա երկրի նախագահներն իրենք պետք է որոշեն՝ գան համաձայնության, կողմ կամ դեմ լինեն: Հարցը բարդ է, և երկու երկրների շահերը հակասական են, դժվար է համախոհական լուծում գտնել այս վիճակի մեջ, մանավանդ որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո խնդիրը լրջացավ: Բայց ես կարծում եմ, որ նախագահ Օլանդը դրական առաջարկ ունի, և պետք է, որ դա նախագահներին հետաքրքրի»:
ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածությունը, ըստ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահի, կարևոր է նրանով, որ հոսանք կստեղծի գործընթացում:
«Կարևոր է նրանով, որ եթե Ամերիկան կամ Ռուսաստանն ունեն իրենց առանձին շահերը, Ֆրանսիան կարող է բերել այն առաջարկը, որը կարող է հետաքրքրել և՛ Ռուսաստանին, և՛ Ամերիկային, և նաև հակամարտող կողմերին: Ֆրանսիան նույն վիճակի մեջ չէ, նույն շահերը չունի նրանց հետ»,- ասաց նա:
Ֆրանսայի Հայ Դատի Յանձնախումբը ՖՀԿՀԽի անդամ է: