Հայոց ցեղասպանության հարցում պահանջատիրության փուլին անցնելը Կանադայի Հայ դատի հանձնախմբի օրակարգում է. Հարցազրույց Սևակ Բելյանի հետ

(noranor.ca) Օտտավա — Հայոց ցեղասպանության հարց, հայ-կանադական հարաբերությունների ամրապնդում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթաց, հայապատկան հողերի վերադարձ. սրանք այն հիմնական հարցերն են, որոնց շուրջ ծավալվում են Կանադայի Հայ դատի գրասենյակի աշխատանքները: Ժամանակ առ ժամանակ նոր ձեռքբերումներ է արձանագրում Կանադայի տեղական մարմինը, բայց նաև կան մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար մշտական աշխատանք է պահանջվում:

Վերջին շրջանում հատկապես Արցախյան հիմնախնդրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և խաղաղ կարգավորման հարցն էր ուշադրության կենտրոնում: Ընդամենը օրեր առաջ Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները, հանդիպելով Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ, բարձրացրել են այս հարցը՝ ակնկալելով, որ վերջինս ԵԱՀԿ Մինսկի խմբին կներկայացնի Կանադայի դիրքորոշումը՝ մասնավորապես ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով դիտարկման մեխանիզմների տեղադրման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել էր նաև հայ-կանադական հարաբերությունների ամրապնդման հարցը:

Այս հարցերի, ինչպես նաև ձեռքբերումների ու առաջիկա աշխատանքների վերաբերյալ Noranor.ca կայքին հարցազրույց է տվել Կանադայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը: Նա նախկինում ևս, լինելով ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ, իր ներդրումն ունեցել է Հայ դատի աշխատանքներում: Իսկ Օտտավայի Հայ դատի գրասենյակը հիմնադրվել է 2006 թվականին և այդ օրվանից Կանադայում լրջագույն աշխատանքներ ծավալել Հայոց ցեղասպանության և Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցերի շուրջ՝ փորձելով կանադական պետական մարմիններին ներկայացնել այս խնդիրների կարևորությունը:

ԿԱՆԱԴԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՅՑ ՀԱՅ ԴԱՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԱՎԱՐՏՎԵԼ

Կանադան այն երկրներից է, որ դաշնակցային մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. երկրի խորհրդարանը դեռ 2004-ին հատուկ բանաձևով ընդունեց այն, իսկ 2006-ին կառավարության կողմից, վարչապետի հռչակագրով, ընդունվեց Հայոց ցեղասպանությունը: Սա, սակայն, չի նշանակում, որ Հայ դատի հանձնախումբն իր աշխատանքները բարձրագույն մակարդակում ավարտած պետք է համարի: Հետևողական աշխատանքը այս հարցի շուրջ կշարունակվի այնքան, քանի դեռ թուրքական ու ադրբեջանական լոբբինգը շարունակվում է ու հզորանում, իսկ հակազդման անհրաժեշտությունը՝ մեծանում: Սա կառույցի առջև ծառացած մեծագույն մարտահրավերն է:

«Մեր հիմնական ռեսուրսը մարդուժն է, ունինք մեծ թիվով կամավոր անդամներ, որոնք օրնիբուն կաշխատին Հայ դատի ուղղությամբ: Ինչպես ամեն տեղ, Կանադայում եւս, եւ թրքական եւ ազերիական լոբբինգը ֆինանսավորումը կստանա տարբեր աղբյուրներե, եւ հսկայական դրամով կփորձեն հակակշռել մեր տարած աշխատանքը, սակայն այդքան դրամի հոսք ունենալով էլ՝ գոնե Կանադայի մեջ չեն կրցած ունենալ նույնքան հաջողություն, ինչքան ունեցած է Հայ դատի հանձնախումբը, մենք մեր համեստ միջոցներով, բայց զորավոր ու նվիրյալ մարդուժով ունեցած ենք շատ ավելի հաջողություններ»,– ներկայացնում է Սևակ Բելյանը՝ խոսելով այն մասին, որ քանի որ Կանադան դաշնակցային մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլևս չեն ձգտում ավելի փոքր՝ նահանգային մակարդակով ճանաչման. կառավարության որոշումն այլևս համականադական է համարվում: «Կանադայի պարագային դրա պետք չկա»,– ավելացնում է նա:

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ

Կանադան ավելին է արել. ինչպես հայտնի է՝ 2015 թվականին՝ Հարյուրամյակի նախաշեմին, բանաձև ընդունվեց ապրիլ ամիսը Ցեղասպանությունների հիշատակման ամիս, իսկ ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հայտարարելու մասին:

Փոխարենն անհրաժեշտություն կա հաջորդ փուլին՝ այսինքն՝ պահանջատիրության հարցին անդրադառնալու, ինչի ուղղությամբ ևս աշխատում են: Սևակ Բելյանը համոզված է, որ պետք է լուրջ թափ տրվի այդ գործընթացին: Այն Կանադայի Հայ դատի հանձնախմբի օրակարգային հարցերից է. «Ոչ միայն Հայ դատի հանձնախումբի մասով, այլեւ կանադահայ բոլոր կազմակերպությունները այդ հարցով կզբաղվինք, անշուշտ մենք որպես քաղաքական մարմին՝ երեսփոխաններու հետ կտեսնվինք: Քանի որ Կանադայում ճանաչված է, հարկ չկա ճանաչողության մասով հավելյալ ճնշում բանեցնել»,– նշում է հանձնախմբի գործադիր տնօրենը:

Այս հարցը, ինչպես հայտնի է, հաճախ բարձրացվում է նաև Հայ դատի հանձնախմբի դոնորների կողմից: Նրանցից մեկը՝ Լինսի հիմնադրամի նախկին տնօրեն, «Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը բազմիցս արտահայտվել է այն մասին, որ պետք չէ զբաղվել ճանաչումով, այլ անցնել հաջորդ՝ իրավական պահանջներին: Կանադայի գրասենյակի պատասխանատուն նշում է, որ իրենք այլևս դրանով էլ զբաղվում են: Ինչ վերաբերում է նվիրատուների կողմից բարձրացվող այլ հարցերին, որոնք հնչում են հանգանակությունների նպատակով կազմակերպվող միջոցառումների ժամանակ, ապա դրանք, ըստ նրա, ընդհանուր են, այսինքն՝ հարցուպատասխան լինում է տարբեր նյութերի շուրջ: Այդ հետաքրքրությունները ներկայացնում է այսկերպ. «Տարիների ընթացքին մենք միշտ տեղյակ կպահենք մեր բարեկամները եւ համակիրները, թե հանձնախումբը ինչպիսի աշխատանքներ կտանի: Հայ դատի Ցեղասպանության պահանջատիրության հարցն է, որովհետեւ Կանադան ճանչցած է, անցնի պահանջատիրության փուլին: Արցախի հարցը, Կանադա-Հայաստան փոխադարձ հարաբերությունները եւ հայապատկան հողերու վերադարձման հարցը ամենակարեւոր նյութերն են, որոնք կհետաքրքրեն մեր նվիրատուներուն»:

Վերջին հանգանակությունն ու հանդիպումը նրանց հետ տեղի է ունեցել մոտ 2 ամիս առաջ: Հանգանակվել է մոտ 280 հզր կանադական դոլար: Սևակ Բելյանն այս ամենն իրենց լուրջ աշխատանքների արդյունքն է համարում և կարծում, որ մեծ ձեռքբերում է առաջին հերթին ճանաչման հասնելը:

Վերջին շրջանում ևս մեկ կարևոր ձեռքբերում են ունեցել: Հայ դատի հանձնախմբին հաջողվեց Կանադայի Մարդու իրավունքների պետական թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված անկյուն ունենալ:

Այս թանգարանում ներկայացված են ինչպես Կանադայի, այնպես էլ այլ ազգերի պատմության վերաբերյալ մարդու իրավունքների խախտումների դեպքերը: Թանգարանի հազարավոր այցելուների համար տեսանյութերի ու արխիվային նկարների միջոցով ներկայանալի է դառնում նաև հայ ժողովրդի պատմության այդ դրվագը, ինչը հատկապես կարևորում է Հայ դատի հանձնախմբի պատասխանատուն և նշում. «Դա մենք կնկատենք հսկայական հաջողություն, եւ շնորհակալություն կհայտնենք ինչպես թանգարանին, այնպես էլ Կանադայի կառավարության»:

ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԱԴԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Կանադայի կառավարության ու ընդհանրապես բարձրաստիճան մարմինների հետ Հայ դատի հանձնախումբը մշտապես համագործակցում է, և քաղաքական դաշտում փոփոխությունները էական հետևանքներ չեն ունենում իրենց հարաբերությունների վրա, վստահեցնում է Բելյանը՝ նշելով, որ նախկինում պահպանողականների հետ եղել են սերտ հարաբերությունների մեջ, հնարավորություն ունեցել իրենց հարցերը բարձրացնել նրանց առջև, այժմ էլ նույն հարաբերությունները ձգտում են պահպանել նոր ղեկավարների հետ: Արդյունքները դրական է գնահատում՝ ընդգծելով. «Առաջին իսկ օրեն Հայ Դատի հանձնախումբը բոլոր նորընտիր երեսփոխաններուն մոտեցավ, նորընտիր կառավարության նախարարներին, եւ շնորհավորական ուղերձներով սկսանք աշխատել իրենց հետ: Այսօր Կանադայի խորհրդարանեն ներս կան բավական նորընտիր երեսփոխաններ, որոնք նախապես քաղաքական պաշտոն չեն զբաղացուցած, մենք հսկայական աշխատանք կտանինք, որ մեր հարցերը ներկայացնենք նրանց, կարողություն ունեցած ենք տեսնվիլ տասնյակ անդամներու հետ, եւ արդեն իսկ նոր կառավարության մոտ հայկական հարցը շատ ծանոթ հարց է, եւ ունեցած են դրական վերաբերմունք եւ ընդունելություն նրանց կողմե»:

Ընդհանուր առմամբ Կանադայի իշխանությունների վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ դրական է: Ինչ վերաբերում է ԱՄՆ նոր նախագահի կողմից ակնկալիքներին, Սևակ Բելյանը այս հարցում չի շտապում ենթադրություններ անել և զերծ է մնում կանխատեսումներից: «Մենք մասնավոր մեկնաբանություններ առայժմ չենք կրնար ընել, թե նոր նախագահը ինչպիսի դիրքորոշում կունենա հայկական հարցերուն շուրջ, բայց Հայ Դատի հանձնախումբը Ամերիկայի մեջ եւ Վաշինգտոնի գրասենյակը բավական հետամուտ ձեւով կհետեւին այդ հարցին, եւ վստահ եմ արդեն պետք եղած հարաբերությունները կհաստատեն նորընտիր նախագահի անձնակազմի հետ եւ մեր հարցերը անգամ մը եւս պիտի նեկայացվին, եւ հույսով եմ, որ դրական արդյունք պիտի ստանանք, որովհետեւ ճիշտը առայժմ կարելի չէ ենթադրություններ ընել, թե նոր վարչախումբը ինչպես կրնա արժեւորել մեր հարցը»,– նշում է քաղաքական գիտությունների և Միջին Արևելքի պատմության մասնագետը:

Երևանում մոտ երկու ամիս առաջ բացվեց Հայկական իրավական կենտրոն, որտեղ նաև Կանադան ունի ներկայացուցիչ: Այս հանգամանքը Սևակ Բելյանը հատկապես կարևորում է՝ շեշտելով նաև Արցախի հարցի իրավական կարգավորման հնարավորությունները: Իրենք այս ուղղությամբ ևս աշխատում են և փորձում կանադական իշխանություներին ներգրավվել այս գործում:

«Կուզենք, որ Կանադան ճշգրիտ կեցվածք որդեգրե Ղարաբաղյան հարցին նկատմամբ, հասցեագրված ձեւով արձանագրե ադրբեջանական որեւէ խախտում եւ հիմնական դեր խաղա սահմանագծին տեղադրվելիք դիտարկման մեխանիզմներու հաստատման գծով»,– նշում է Արցախյան հիմնախնդրով մտահոգ գործիչը՝ հիշեցնելով Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ ունեցած հանդիպման ժամանակ բարձրացրած հարցերը: Առաջարկել են, որ առաջիկայում՝ դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախագահների խորհրդին ներկայացվի Կանադայի դիրքորոշումը: «Կներկայացնենք պատկան մարմիններու, որպեսզի պետք եղած ազդեցությունը գործածեն, եւ ամենամոտ ապագային այդ դիտարկման մեխանիզմները հաստատվեն սահմանագծին, որպեսզի կանխվին ադրբեջանական ներթափանցման փորձերը»,– հավելում է նա:

Ընդգծում է նաև հանդիպման ժամանակ քննարկված կարևոր հարցերից մեկը: Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվելու Հայաստան-Կանադա հարաբերությունների ամրապնդմանը, իսկ այս գործին կարող է նպաստել Հայաստանում Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը:

Հայ դատի հանձնախումբը աշխատանքներ է տանում նաև Կանադայի հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ միջոցառումներ անցկացնելու ուղղությամբ, որոնց նպատակը կլինի Հայոց ցեղասպանության նկատմամբ Կանադայի դիրքորոշման հաստատումը, Կանադայի օժանդակությունը այս հարցում և կանադահայ համայնքի զարգացումն ու հաստատումն այս երկրում: Իսկ 2018 թվականին պատրաստվում են մեծ շուքով նշել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը: