(arminfo.am) ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում նկարագրում է Սիրիայում վերջին իրադարձությունների պատճառներն ու էությունը, թվարկում հակամարտության շահագրգիռ կողմերին և վերջիններիս շահերը, փաստարկում առկա պայմաններում ՙսառը պատերազմի՚ նոր ալիքի անհնարինությունը, ինչպես նաև մեկնաբանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին իրադարձությունները:
-Կարճ հարց, որը ենթադրում է ընդգրկուն պատասխան՝ ի՞նչ է այսօր տեղի ունենում Սիրիայում:
2011 թվականին սիրիական հակամարտության առաջացման պատճառներն ընդհանուր առմամբ ներքաղաքական ենթատեքստ ունեին՝ հանդիսանալով ՙԱրաբական գարնան՚ շարունակությունը: Սակայն, ժամանակի ընթացքում սիրիացիների ցանկությունները խիստ աղավաղվեցին և գործնականում փոխարինվեցին արտաքին ուժերի շահերով: Որպես հետևանք՝ այսօր Սիրիայում ավելի շուտ պատվիրակված պատերազմ է, որում լուծվում են ոչ թե սիրիացիների, այլ բոլորովին այլ երկրների և ուժերի խնդիրները, ինչի համար շատ թանկ են հատուցում սիրիացիները և Սիրիան:
-Ամենից առաջ Դուք նկատի ունեք ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահե՞րը:
Կարծում եմ՝ ամենից առաջ խոսքը վերաբերում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային, սակայն, Ռուսաստան և ԱՄՆ-ը, անշուշտ, նույնպես սեփական շահերն են հետապնդում սիրիական հակամարտությունում: Այնուամենայնիվ, Ռուսաստանը սիրիական հակամարտության անմիջական մասնակից դարձավ բավական ուշ: Այս առումով սպասել այդ հակամարտության մոտալուտ հանգուցալուծում կամ առավել ևս ինչ-որ բան կանխատեսել բավական դժվար է: Համոզված եմ, որ եթե Սիրիայում լուծվեին բացառապես սիրիացիների խնդիրները, հակամարտությունը նման տևական բնույթ չէր կրի՝ ողբերգության չվերածվելով սիրիացի ժողովրդի համար: Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից բացի, հակամարտությունում ներգրավված է Կատարը: Բոլոր այդ երկրները տարածաշրջանում Իրանի ազդեցության նվազեցման նպատակ են հետապնդում: Թուրքիան նույնպես շահագրգռված է Սիրիայում քրդերի թուլացման հարցում: Ըստ որում, հայտարարելով ՙԻսլամական պետության՚ դեմ պայքարի մասին՝ հենց Անկարան հնարավոր ամեն բան արեց Սիրիայում վերջինիս ամրապնդման համար: Իրանն իր հերթին խիստ շահագրգռված չէ Սիրիայում ուժի ձևավորմամբ, որն այնուհետև կգործի իր իսկ դեմ: Լիբանանում ազդեցիկ ՙՀեզբոլլահ՚ կազմակերպությունը նույնպես դրանում շահագրգռված չէ: Ըստ որում, վերջին 5 տարում ԱՄՆ-ը բազմիցս փոխել է Սիրիայի առնչությամբ իր դիրքորոշումը: Սկզբում պահանջում էր Բաշար Ասադի անվերապահ հեռացումը: Այսօր արդեն հասկանում է, որ Ասադը լուծման ենթակա խնդրի մի մասն է միայն: Եվ այսօր իր դիրքորոշումները շատ բաներում կախված են այլ երկրների՝ նույն Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի, մոտեցումներից: Ռուսաստանն ստիպված էր մուտք գործել Սիրիա, քանի որ հակառակ դեպքում իր շահերը մերձարևելյան գործընթացների հետին պլանում կհայտնվեին: Կան նաև այլ խաղացողներ, սակայն Ռուսաստանը ցույց տվեց, որ Սիրիայում է և այնտեղ էլ կմնա: Նույնը ԱՄՆ մասին այսօր հնարավոր չէ ասել: Մերձավոր Արևելքում իր դերի պահպանման համար Ռուսաստանին պետք է ներկայություն Միջերկրական ծովում, ինչի համար նրան անհրաժեշտ են սիրիական նավահանգիստները:
– Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ Սիրիայում հիմնական դիմակայությունը ծավալվում է սուննիների և շիաների միջև…
Դա հիմնական ուղղություններից մեկն է միայն՝ մի կողմից Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Կատարի և մյուս կողմից Իրանի ու ՙՀեզբոլլահի՚ մասնակցությամբ: Թեև Թուրքիայի համար այստեղ կա նաև հակամարտության այլ չափում. քրդերի մեծ մասը սուննիներ են, այլ ոչ թե՝ շիաներ:
– Սիրիա թուրքական ներխուժման նպատակը սահմանափակվում է ՙ5 հազար քմ անվտանգության գոտու ստեղծմամբ՚, թե՞ իրականում Անկարայի առջև այլ խնդիրներ են դրված:
Բացառված չէ, որ ժամանակի ընթացքում Թուրքայի վերահսկողությունն այդ 5 հազար քմ նկատմամբ ավելի տևական դառնա: Սակայն, Անկարան բավական վաղուց էր պնդում նման անթռիչք գոտու ստեղծում, որտեղ կտեղակայվեին սիրիացի փախստականները, թեև 5 հազար քմ-ն դրա համար, այնուամենայնիվ, բավական շատ է: Կարծում եմ, որ այդպիսով Թուրքիան ձգտում է կանխել այդ տարածքների անցումը քրդերի վերահսկողության տակ: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում Անկարան հնարավոր ամեն բան կանի այդ տարածքները բացառապես սիրիացիներով բնակեցնելու համար՝ սեպ խրելով Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
-Արդյո՞ք Սիրիայում և Իրաքում փաստացի պատերազմի պայմաներում Թուրքիայի համար պահպանվում է Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի տարածքում քրդական պետության ստեղծման սպառնալիքը:
Իրաքյան Քուրդիստանի անկախությունն այսօրվա պայմաններում էլ շարունակում է ամենահավանական սցենարը մնալ: Սակայն, թե Թուրքիայի, թե Սիրիայի քրդերն ընդհանուր առմամբ անկախության մասին չեն մտածում: Համենայն դեպս, այդ մասին չի խոսվում՝ ի տարբերություն Իրաքյան Քուրդիստանի, թեև վերջինիս իշխանություններն իրենց ներքին քաղաքական տարաձայնություններն ունեն:
– Կարելի՞ է այսօր խոսել ՙսառը պատերազմի՚ շարունակման կամ դրա նոր ալիքի մասին:
Այդպես չեմ կարծում: ՙՍառը պատերազմը՚ անհնար կդարձներ, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների համագործակցությունը՝ նույնիսկ Սիրիայի շուրջ հակասությունների առաջացումից հետո: Այն, ինչ տեղի է ունենում, ինչ-որ առումով հիշեցնում է ՙսառը պատերազմի՚ տարիները, սակայն այսօր աշխարհում ամեն բան այնքան սերտորեն է միահյուսված, մասնավորապես՝ շահերը, որ նույնիսկ փոխադարձ պատժամիջոցները կապերի վերջնական խզման չեն հանգեցնում:
Հատկապես Ռուսաստանի դեպքում, որը, որպես միջազգային գործոն, ոչ միայն ուժեղ և ազդեցիկ, այլ նաև պատասխանատու պետություն է: Կարելի էր ենթադրել, թե այսօր ով կլուծեր հիմնական հարցերը Սիրիայում և Իրաքում, եթե այնտեղ չլիներ Ռուսաստանը:
Այդ պատճառով Ղրիմի և Ուկրաինայի հարցում Ռուսաստանից դժգոհությամբ հանդերձ՝ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերի հետ հաշվի չնստել Արևմուտքը չի կարող:
-Հաշվի առնելով, որ Ջեյմս Ուորլիքն ավելի շատ խոսում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային, իսկ Մոսկվան փուլային կարգավորման մասին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումներում, կարծես, պառակտում է նկատվում…
Ամերիկացի համանախագահ Ուորլիքն, ըստ էության, 2014 թվականից խոսել է հակամարտության կարգավորման փուլային տարբերակի մասին՝ կողմերին և գործընկերներին կոչ անելով համապարփակ պայմանագիրը կազմել առկա մշակումների և պայմանավորվածությունների հիման վրա: Մինչդեռ մինչ այդ բանակցությունների տրամաբանությունը միանգամայն այլ էր՝ ենթադրելով բոլոր սկզբունքային հարցերի շուրջ վերջնական համաձայնության ձեռք բերում և դրանից հետո միայն համապարփակ համաձայնագրի մշակում: Մինչև 2016 թվականի ապրիլը փուլային կարգավորման մասին Բաքվում սկսել էր խոսել նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այսօր մեծ հաշվով արդեն բոլորն են հասկացել այդ խոսակցություններում պարունակվող վտանգը, ինչի վկայությունն էր բացառապես տարածքների հարցը քննարկելու անթույլատրելիության վերաբերյալ ռուսաստանցի համանախագահ Պոպովի հայտարարությունը: Նրան կրկնում է Ուորլիքը՝ պնդելով բացառապես տարածքների և կարգավիճակի հարցերը քննարկելու անթույլատրելիությունը: Այդպիսով՝ իրականում վերադարձել են բանակցությունների նախնական տրամաբանությանը, նախևառաջ, հենց համանախագահները: Ըստ էության, այդ մասին բավականին վաղուց խոսում էր Մեթյու Բրայզան՝ պնդելով, որ մեկ հարցի շուրջ համաձայնության բացակայությունը նշանակում է համաձայնության բացակայություն բոլոր մյուս հարցերի շուրջ:
– Փաստելով բոլոր հարցերի շուրջ այդ համաձայնության բացակայությունը՝ կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ առաջվա պես ընթանում են բանակցություններ՝ հանուն բանակցությունների:
Համանախագահների հայտարարությունների համաձայն, որոնք համահունչ են հայկական կողմի հայտարարություններին, այսօր բանակցություններ են ընթանում հրադադարի ռեժիմի խախտումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ստեղծման և դրա ամրապնդման շուրջ: Այսօր բուն խնդրի էության շուրջ բանակցություններ չեն տարվում:
– Նշեք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական դիրքերի համար սպառնալիքների հիմնական վեկտորները:
Կարծում եմ, որ ամենից առաջ մեզ անհրաժեշտ է ամրապնդել սեփական դիրքերը՝ արտաքին ուժերին հնարավոր բացերն օգտագործելու գայթակղությունից զրկելու նպատակով: Մենք չենք կարող ներսից թուլանալու շքեղություն թույլ տալ մեզ՝ մշտապես համախմբվածության անհրաժեշտություն զգալով: Նման համախմբվածություն հայ հասարակությունը, անշուշտ, դրսևորեց ապրիլին: Եվ ՙՍասնա ծռերի՚ մասնակցությամբ իրադարձությունների միջոցով այդ մթնոլորտին հարված հասցնելու փորձ արվեց հուլիսին: Ըստ որում՝ ոչ թե դրա մասնակիցների, այլ՝ արտաքին և ներքին ուժերի կողմից: Արտաքին սպառնալիք եմ տեսնում Ադրբեջանի դիրքորոշման մեջ՝ հատկապես շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասշտաբներն ավելացնելու վերջինիս ապրիլյան փորձի լույսի ներքո: Կարծում եմ, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից պարբերաբար կրակոցներն ու դիվերսիաները լիովին կարող են լայնամասշտաբ պատերազմի նախադրյալներ ստեղծել:
Չեմ բացառում համանախագահող երկրների կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման հնարավորությունը՝ միասին կամ առանձին, սակայն, չեմ կարծում, թե այն լինի այնպիսի մասշտաբների, որ հայկական կողմն ի զորու չլինի դիմակայել:
– Արդյո՞ք նման մասշտաբների կարող է հանգեցնել ռուս-թուրքական հարաբերություններում դիտվող հերթական գարունը:
Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան առաջին հերթին փորձում են աշխուժացնել առևտրատնտեսական հարաբերությունները, այդ թվում` «Թուրքական հոսքի» իրագործման միջոցով: Եվ, նույնիսկ, եթե այդ գազամուղը տևական շահագործման դեպքում ժամանակի ընթացքում Արևմուտքի համար ձեռք բերի աշխարհաքաղաքական կարևորություն, տվյալ նախագծային փուլում «Թուրքական հոսքը» բացառապես տնտեսական նախագիծ է:
Անկարայի և Մոսկվայի միջև այլ հարցերում համաձայնեցում չի դիտվում և, իմ կարծիքով, առայժմ չի նախատեսվում: Թեև Մոսկվան այսօր բոլոր ուժերով փորձում է հնարավորինս Թուրքիային անջատել Արևմուտքից: Հենց այդ նպատակով խոսակցություններ են տարվում Ղարաբաղի շուրջ եռակողմ խորհրդատվությունների հնարավորության շուրջ` Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Սակայն, հասկանալի է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը նման խորհրդատվություններով և նման ձևաչափով չի կարող լուծվել: Նաև հասկանալի է, որ Մոսկվան նման ռևերանսներով փորձում է սիրաշահել Թուրքիային և Ադրբեջանին: Պետք չէ անտարբեր մնալ նման փորձերի նկատմամբ, սակայն, ակնհայտորեն, հարկ չկա նաև խուճապի մատնվել` հաշվի առնելով նման փոխադարձ սիրալիությունների տակ դատարկության առկայությունը: Չի կարելի բացառել հայկական կողմերի հաշվին ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու Ռուսաստանի փորձերը, սակայն դրանք ունեն իրենց սահմանները: Ռուսաստանը Հայաստանում ունի սեփական շահերը: Ու Երևանի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը թելադրված է հենց այդ շահերով, այլ ոչ թե հայերի գեղեցիկ աչքերով: Այդ ամենը միանգամայն բնական է ու նորմալ, սակայն գիտակցելով այդ հանգամանքը՝ մենք պետք է հասկանանք, որ թուրք և ադրբեջանցի բարեկամներին ընդառաջելու Ռուսաստանի ձգտումը կունենա իր սահմանները, որոնք պայմանավորված կլինեն առաջին հերթին մեր դիրքորոշմամբ և Հայաստանում սեփական շահերը պաշտպանելու Ռուսաստանի ձգտումով:
Դավիթ Ստեփանյան