Ստորեւ հայերէն թարգմանութիւնը՝ Պելճիքայի ֆլամանտական թերթերէն՝ De Standaard-ին մէջ լոյս տեսած հոլանտերէն գրութեան, ուր կ’արծարծուին պելճիքացի նախկին պատգամաւոր եւ նախարար Մարք Վերվիլխենի Ատրպէյճանի համար տարած աշխատանքները:
Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբ
Հոլանտայի Հայ Դատի յանձնախումբ
Ինչո՞ւ է մի քննադատված իշխանություն Վաթերլոյում արվեստի մի գործ հովանավորում։
Մարկ Վերվիլխենը փորձում է փրկել Ադրբեջանի հեղինակությունը։ Արդարադատության նախկին նախարար և սպիտակ ասպետ՝ Մարկ Վերվիլխենը բելգիական և եվրոպական կառույցներում քարոզչություն է կատարում հօգուտ Ադրբեջանի։ Երկիր, որի իշխանությունը լուրջ քննադատության է ենթարկվում։
De Standaard-ի խմբագիր Ստեյն Քոոլսից (19 հոկտեմբեր, 2016)
Փետրվարի կեսերից սկսած Վաթերլոյի գրադարանի կողքին ցուցադրվում է ադրբեջանցի գրող՝ Խորշիդբանու Նաթավանի արձանը։ Նրա աշխատանքների և այս Վալոնյան Բրաբանտի քաղաքի մեջ, սակայն, որևէ կապ գոյություն չունի։ «Այնուամենայնիվ Վաթերլոն Եվրոպայում կարևոր խորհրդանշական վայր է։ Հենց այդ պատճառով էլ տրվել է այս նվերը», հիմնավորում է Մարկ Վերվիլխենը, որն այս ամսվա սկզբից իրավասու է իրեն անվանելու TEAS-Benelux-ի (Եվրոպայի ադրբեջանական կազմակերպության) տնօրեն։ Մինչ այդ նա տնօրենն էր Բելգիայի TEAS-ի։ Այս անվանափոխությունը տեղի ունեցավ վերջերս, երբ կազմակերպությունն իր գրասենյակը տեղափոխեց Եվրոպական թաղամասի կենտրոն, որը վկայում է կազմակերպության առավել մեծ հավակնությունների մասին։
Մեր երկրում Վերվիլխենը ավելի ճանաչված է որպես Արդարադատության, ապա նաև Տնտեսության և Էներգետիկայի նախկին նախարար։ Բայց այս պահին նախկին պահպանողականը կենտրոնացել է իր փաստաբանական գրասենյակի աշխատանքների վրա, ինչպես նաև զբաղված է ադրբեջանական շահերի պաշտպանությամբ։ Սրա հետ է կապված նաև Վաթերլոյի արձանի հովանավորման և բացման նախաձեռնությունը։
«Ես չեմ խուսափում մարդու իրավունքներին վերաբերող դժվարին հարցերից։ Այդ ուղղությամբ դեռ քայլեր պետք է ձեռնարկվեն, իսկ դա ժամանակ է պահանջում»։
Այս երկիրը, որը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի սահմանագծին, տարիներ շարունակ զբաղված է իր հեղինակության քարոզչությամբ։ Միջազգային տարբեր ցանկերում կոռուպցիայի և ժողովրդավարության վիճակի առումով Ադրբեջանը գտնվում է միջինից ցածր և վատ ցուցանիշ ունեցող երկրների շարքում։ «Amnesty International» կազմակերպությունը խստորեն քննադատել է հասարակության միջնախավի նկատմամբ բռնարարքները և քաղաքական ընդիմախոսների հետապնդումները։ Այս գնահատականներից երկիրն ուզում է ազատվել։ Վերվիլխենն ասում է՝ «Ես չեմ խուսափում մարդու իրավունքներին վերաբերող դժվարին հարցերից։ Այդ ուղղությամբ դեռ քայլեր պետք է ձեռնարկվեն, իսկ դա ժամանակ է պահանջում»։
Նախկին նախարարը չի փորձում հանդես գալ որպես քննադատվող երկրի դեմքը ներկայացնող գործիչ․ «Այդ դերը վերապահված է դեսպանին»,- ասում է նա։ Նա ներկայանում է որպես արհեստավարժ մասնագետ՝ հստակ պարտականություններով, որոնք են՝ կազմակերպությունների միջև կապի հաստատում, տեղական մշակույթի ծանուցում և Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ ուշադրության գրավում։
Այս խնդիրներն ամբողջությամբ համապատասխանում են նրա պրոֆիլին։ 2013-ին ադրբեջանցիները հենց նրան մոտեցան, քանի որ նա նախկին քաղաքական գործիչ է և անհրաժեշտ կապեր ունի։ Միևնույն ժամանակ նա գիտի տեղական և եվրոպական քաղաքականության բոլոր նրբությունները, մարդու իրավունքների գիտակ է և լավ գաղափար ունի էներգետիկ շուկայից․ նա իրեն այսպես է բնութագրում։ Երկիրն ունի նավթի և գազի մեծ պաշարներ։ Իր՝ պաշտոն զբաղեցրած տարիներին նա էներգետիկ հարցերով բազմաթիվ հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի, տարբեր նախարարների և խորհրդարանի անդամների հետ: Այս մասին TEAS կազմակերպության հրապարակումների մեջ նա ասել է՝ «Ես ամբողջությամբ ներգրավվել էի Բաքվի կյանքի մեջ»։
Խավիարային դիվանագիտություն
Corporate Europe Observatory ոչ կառավարական կազմակերպությունը իր՝ անցած տարի հրապարակած զեկույցի մեջ գրում է, որ ավտորիտար համարվող այս պետությունը լուրջ գումարներ է ներդնում միջազգային միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ, որոնցից էին Ֆորմուլա 1-ի Գրան Պրին և համաեվրոպական խաղերը, որոնք կազմակերպվեցին անցած ամառ։ Իհարկե, այս միջոցառումների հետ մեկտեղ մեծ աշխատանք է կատարվում կուլիսների հետևում, որը կոչվում է՝ խավիարային քաղաքականություն։ Այս որակումն առաջին անգամ օգտագործվել է European Stability Initiative հետազոտական կազմակերպության կողմից՝ բնորոշելու համար որոշ եվրոպական քաղաքական գործիչների վարքը, երբ նրանց նկատմամբ Ադրբեջան կատարած այցի ժամանակ հատուկ վերաբերմունք էր ցուցաբերվել։
Մեր երկրում TEAS-ը կազմակերպում է գործարարության խոշոր միջոցառումներ, հրավիրելով երկրի ամենաազդեցիկ ձեռնարկատերերին և հիմնարկությունների ղեկավարներին, նրանց ցուցադրելու, թե Ադրբեջանը ի՜նչ գրավիչ երկիր է գործարարության համար։ Իհարկե միայն դա չէ։ Սրա կողքին Բելգիայի հավաքականը հովանավորվեց Բաքվի համաեվրոպական խաղերին մասնակցելու համար, խորհրդարանում լուսանկարների ցուցահանդես, BOZAR-ում [Brussels Centre for Fine Arts-թրգմ.] ֆիլմի ցուցադրություն և համերգ կազմակերպվեց, արձանի տեղադրում հովանավորրվեց և այլն։ TEAS-ը «Գաբալա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, 31-ամյա Թալե Հեյդարովի գաղափարն է։ «Գաբալա»-ն Եվրոպայի Լիգայում «Անդրլեխտի» հակառակորդն է։ Իսկ Թալեի հայրը կոմպոզիտոր, գեներալ գնդապետ՝ Քամալեդին Հեյդարովն է, որն այս պահին զբաղեցնում է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Նա երկրի ամենահզոր անձանցից է համարվում։
Անցած ամսվա վերջին նախագահ Ալիևը հրավիրեց միջազգային մամուլի ասուլիս և հրապարակեց հանրաքվեի արդյունքները, ըստ որի նախագահության ժամկետը հինգից վերածվում է յոթ տարվա։ Նախկինում նմանօրինակ մի հանրաքվե նրան թույլ էր տվել անսահմանափակ թվով նախագահության թեկնածու առաջադրվել:
Մարկ Վերվիլխենի կենսագրությունը
Իրավապաշտպան՝ Մարկ Վերվիլխենը (1952) կարիերան սկսել է որպես Դենդերմոնդե քաղաքի ավագանու անդամ՝ PVV պահպանողական կուսակցությունից։ 1991-ին նա դարձավ խորհրդարանի անդամ։ «Դուտրոյի» հարցից հետո Վերվիլխենը սպիտակ ասպետ կոչվեց, ով խաչակրաց արշավանք սկսեց ոստիկանության և դատական համակարգի ձախողումների դեմ։ 1999-ին նա ինքը դարձավ արդարադատության նախարար, որից հետո ղեկավարեց զարգացման համագործակցության նախարարությունը։ Իսկ 2004-2007 ժամանակահատվածում տնտեսության, արտաքին առևտրի և էներգետիկայի նախարարն էր։
2005-ին Վերհոֆստադի կառավարությունը նրան ներկայացրեց Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնին, սակայն Բելգիայի քաղաքականության մեջ տիրող իրավիակի պատճառով նա այդպես էլ չընտրվեց։ Ազգային քաղաքականության մակարդակի վրա նա իր կարիերան ավարտեց 2010-ի՝ որպես խորհրդարանի անդամ։ Այդ ժամանակից նա իր ուշադրությունը կենտրոնացրեց իր՝ Կնոկե-Հեյստի փաստաբանական գրասենյաի հարցերին։