(civilnet.am) Հալեպահայերին Հայաստան և ոչ այլ երկիր տեղափոխելը սկզբունքի հարց է․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը։
«Հայաստանում հավաքվելն, անշուշտ, սկզբունքի հարց է, սակայն մեծ մարտահրավեր է Հայաստանում մնալը։ Կցանկանայինք հավատալ, որ ՀՀ իշխանությունները կգործադրեն առավելագույն ջանքերն այս ուղղությամբ»,- ասաց Դեմիրճյանը՝ նշելով, որ, եթե, այդուհանդերձ, սիրիահայերը Եվրոպա տեղափոխվեն, հանձնախումբը օգնություն կցուցաբերի նրանց։
Դեմիրճյանը տեղեկացրեց, որ ներկայում սիրիահայությանը մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանք է տարվում, քանի որ վերջ ի վերջո այնտեղ ապրող ժողովուրդը, եթե նույնիսկ մտածում է Սիրիայից հեռանալու մասին, կարիքներ ունի, որոնք պետք է հոգալ։
Դեմիրճյանի խոսքով՝ աշխատանքը տարվում է երկու հիմնական ուղղությամբ․ առաջինը թիրախավորոված անմիջական օժանդակությունն է մեր հայրենակիցներին, ինչպես նաև հայկական թաղամասերում բնակող մնացած բնակչությանը, իսկ երկրորդը` Եվրոպական Միությունունից տնտեսական օգնության ապահովումը Հայաստանում հաստատված սիրիահայությանը։
«Ինչպես գիտեք, Հայաստանն իր բնակչության համեմատ մեծաթիվ փախստականներ ընդունած երկիր է և օժանդակության կարիք ունի»,- նկատեց Դեմիրճյանը՝ շեշտելով մի քանի օր առաջ Հայաստանից հալեպահայությանն ուղարկված մարդասիրական օգնությունը։
Հայ դատի հանձնախմբի կողմից ձեռնարկվող քայլերի թվում Դեմիրճյանը հիշատակեց Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին օգնելու նպատակով ստեղծված կառույցը, որի մեջ են մտնում Սիրիայի և Իրաքի փոքրամասնությունների ներկայացուցիչներ․ նրանք մի քանի անգամ աջակից քաղաքական գործիչների, լրագրողների և բժիշկների ուղեկցությամբ այցելել են Սիրիա և Իրաք՝ Բելգիայի ԱԳՆ-ի օգնությամբ այնտեղի հայությանը տրամադրելով ոչ միայն պարեն, այլև բժշկական օգնություն՝ բուժկետերի բացման միջոցով։
Հալեպահայության հետ անմիջական շփումներում տրամադրությունների և համայնքը պահելու նրանց ցանկության մասին հարցադրմանն ի պատասխան՝ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատուն ասաց, որ, բնականաբար, ցանկանում են պահպանել համայնքը և հնարավորինս շարունակել համայնքային կյանքը:
«Հասկանալի է, անշուշտ, որ կան հեռանալ ցանկացողներ, քանի որ նման պայմաններում դժվար է ապրել: Պետք է կարողանանք նրանց նույնպես օգնել»,- եզրափակեց Բեդո Դեմիրճյանը։
Ստելլա Մեհրաբեկյան