ՀՀ ՎԵՐԱՆԿԱԽԱՑՄԱՆ 25-ԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

(norjugha.ir) Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, ազատատենչ հայ ժողովրդի միասնական կամքի դրսեւորման տօնը՝ 1991 թւականի սեպտեմբերի 21-ին, անկախութեան հանրաքւէին միահամուռ կերպով այո ասելու պանծալի առիթի 25-ամեակը նշւեց, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. “Արարատ” միութեան մարզասրահում:

Տօնակատարութեանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասը, օրւայ բանախօս Հայաստանից ժամանած ազգային-հասարակական գործիչ եւ պատմաբան Արտակ Սարգսեանը, թեմի ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Սկզբում ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ հնչեց Իրանի Իսլամական եւ Հայաստանի Հանրապետութիւնների օրհներգերը, ապա հանդիսավարուհի Սօսէ Ասատրեանը երեկոյի բացման խօսքում անկախութիւնը ազգի յարատեւման, զարգացման, բարգաւաճման եւ արժանապատիւ ապրելու առաջին գրաւականը համարելով, ասաց.”Այժմ Հայաստանի Հանրապետութիւնը կայացած եւ անկախ պետութիւն է ու սեպտեմբերի 21-ը իւրաքանչիւր հայի հոգում ու մտքում ամրագրւած է որպէս մի գեղեցիկ տօն, որը վերստին արժեւորում է անկախութեան գաղափարը՝ բլորին համակելով հայրենիքն անմնացորդ սիրելու, զարգացնելու ու պահպանելու եռանդով”:

Յաջորդիւ Թեմական խորհրդի խօսքը փոխանցեց ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, ուր նշելով, որ 25-ամեայ վերանկախութեան ժամանակաշրջանում ձեռքբերւած յաղթանակները կայացել են Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան շնորհիւ, կարեւորութեամբ շեշտեց, թէ նոյն միասնութեամբ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի շրջագծում իրականացաւ Հայ Դատի ճանաչման ուղղութեամբ յաջողութիւնները եւ ապրիլեան օրերին Ադրբեջանի սանձազերծ նկրտումների դէմ հայրենիքի պաշտպանումը. Նա աւելացրեց, որ Հայաստանի անկախութիւնը պէտք է նշանաւորւի նաեւ տնտեսական զարգացմամբ, հասարակական ու քաղաքական կեանքի աշխուժացմամբ, Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու բարեկեցութեամբ եւ լիարժէք ազատութեամբ, որի ուղղութեամբ եւս շատ են մեր անելիքները:

Այնուհետեւ ընթերցւեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ուղերձը, որից մի հատւած մէջբերում ենք.

“Այսօր էլ մեր զինւորներն ու սպաները եւ ողջ ժողովուդրը պատրաստ են դիմակայել մեր պետութեան դէմ կատարւող ցանկացած ոտնձգութեանը. մի բան, որ հերթական անգամ ապացուցւեց այս տարւայ ապրիլին, մեր հարեւան երկրի կողմից հրահրւած քառօրեայ պատերազմի ընթացքում: Ինչ վերաբերում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը, մեր պետութիւնը խաղաղ կարգաւորումից այլըտրանք չի տեսնում: Մեզ համար չափազանց կարեւոր է հարեւան երկրների հետ արդիւնաւէտ յարաբերութիւններ հաստատելը: Իրանն այդ տեսանկիւնից Հայաստանի կարեւորագոյն գործընկերներից է. Հայաստանի լաւագոյն բարեկամներից մէկը: Հայաստան-Իրան յարաբերութիւնները եղել են եւ մնում են մեր արտաքին յարաբերութիւնների կարեւորագոյն ուղղութիւներից մէկը”:

Յաջորդիւ հանդիսավարուհին ներկայացնելով բանախօսին՝ նրան հրաւիրեց օրւայ առթիւ իր ելոյթն ունենալու: Արտակ Սարգսեանն իր խօսքում հայութեան առջեւ ծառացած հրամայականներն ընդգծեց, որոնցից էին՝ արդար հասարակութեան կերտումը, պետական արդիւնաւէտ համակարգի ստեղծումը, օլիգարխիկ տնտեսութեան վերացումը, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների միջեւ ռազմա-քաղաքական դաշինքի կնքման եւ Արցախի անկախութեան միջազգային ճանաչման գործընթացներին հետամուտ լինելը, հայոց բանակի եւ ռազմական ամբողջ համակարգի արդիականացման ու Հայ Դատի արդարացի լուծման ուղղութեամբ պայքարի շարունակումը եւ …

Բանախօսն իր խօսքում նշելով, որ Ադերբեջանը չի կարող ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը, հայոց մարտունակ բանակն ի վիճակի է պաշտպանելու Հայաստանի եւ Արցախի անկախութիւնը եւ Հայաստանը, Արցախն ու Սփիւռքը միասնական ու վճռական են՝ հայութեանը սպառնացող վտանգները չէզոքացնելու հարցում, շեշտեց, “Քաղաքական համակարգի առողջացման թիւ մէկ պայմանը արդար ընտրութիւններն են, որի առաջին դրական հիմքերն այսօր առկայ են … Ոստիկանական գնդի գրաւման յուլիսեան դէպքերը եկան մի անգամ եւս փաստելու, որ Հայաստանում գոյութիւն ունեն բազմաթիւ խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն եւ երկրում առկայ է դժգոհութեան մեծ ալիք, որը կարող է ստանալ նաեւ անկանխատեսելի դրսեւորումներ՝ մեծ հարւած հասցնելով հայոց պետականութեանն ու միջազգային հեղինակութեանը: Ակնյայտ է, որ փոփոխութիւնները պէտք է ընթանան, ոչ թէ բաժանարար գծերը խորացնելու եւ ներքաղաքական խնդիրները սուր առճակատումներով լուծելու, այլ երկխօսութիւնն առաւել կառուցողական դարձնելու եւ նոր կամուրջներ կառուցելու ուղիով”:

Ընթացքում ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ով սկզբում փառապանծ տօնն արժանավայել նշելու համար՝ գնահատանքի խօսք ուղղեց Թեմական խորհրդին, օրւայ բանախօսին եւ տօնակատարութեան կազմակերպման գործում դերակատար բոլոր անհատներին: Նա նշեց, որ ճիշտ է հայրենիքը մեր ուզած ուժգնութեամբ եւ պահանջած արագութեամբ չի բարձրանում, սակայն պէտք է գիտակցենք, որ հայրենիքը ոչ յետքայլի մէջ է եւ ոչ էլ տեղքայլի. հայրենիքը վերելքի ընթացքի մէջ է: Հայր Սուրբն իր խօսքի շարունակութեան մէջ աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ դեռ երկար տարիներ հայրենիքի անկախութեան ամեակները տօնախմբւեն, այսուհետ մայր հայրենիքում արտագաղթի փոխարէն բացւեն ներգաղթի դռները, ժողովրդի քանակը աճ արձանագրի եւ ունենանք առաւել առողջ հասարակութիւն, հաւատարիմ ժողովուրդ, հզօր հանրապետութիւն ու գերհզօր հայկական բանակ:

Երեկոն առաւել տօնական դարձաւ գեղարւեստական կատարումներով յագեցած բաժիններով, որտեղ ներկաների խանդավառութեան բազմապատկման առիթ հանդիսացան Հայաստանից ժամանած սիրւած երգիչ Մհեր Մեսրոպեանը՝ իր աշխոյժ մեղեդիներով երգերի կատարմամբ եւ Ն.Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան մշակութային միաւորի “Կռունկ” պարախումբը՝ իր պարային ելոյթներով: Պարախմբի գեղարւեստական ղեկավարն էր՝ պարուսոյց Նունէ Մկրտչեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան