Չշահարկե՛լ Լիսբոնի տղաների յիշատակը

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի բաց նամակը՝ Արա Պապեանին

Յարգելի պարոն Պապեան,

Երեւանում ծաւալւող վերջին իրադարձութիւնները Ձեր ոգեւորութեան պատճառն են դարձել: Դուք հանդէս էք գալիս ՀՀ ոստիկանութեան ՊՊԾ գունդը գրաւած զինեալ խմբաւորման գործողութիւնների պաշտպանի դիրքերից՝ խնդրի համար առաջարկելով ՀՀ իշխանութիւնների եւ զինւած խմբի միջեւ ընթացող բանակցութիւնների ընթացքի մասին Ձեր սեփական տարբերակը, որը, որպէս ելակէտ հիմք է ընդունում զինւած խմբի առաջ քաշած պահանջները:
Այսքանի հետ ոչ մի խնդիր: Դուք կարող էք ընդունել կամ դատապարտել զինեալ խմբի արարքը: Կարող էք հանդէս գալ ընդդիմութեան կամ իշխանութեան պաշտպանի դիրքերից: Կարող էք առաջարկել իրավիճակի հանգուցալուծման համար Ձեր սեփական տարբերակը, եւ ոչ ոք չի կարող բռնանալ խօսքի եւ մտքի ազատ արտայայտութեան Ձեր բացարձակ իրաւունքի վրայ: Սա միանշանակ է, այս մասին երկու կարծիք լինել չի կարող:

Սակայն, խնդիրը սկսւում է այն պահին, երբ Դուք տուրք տալով էժանագին պոպուլիզմին, եւ մի կողմ թողնելով քաղաքական վերլուծաբանին յատուկ տրամաբանական դատողութիւնը, փորձում էք համեմատութեան եզրեր գտնել Լիսբոնի 5 տղաների սխրագործութեան եւ Երեւանում ՊՊԾ գունդը գրաւած զինեալների գործողութիւնների միջեւ:

Վստահ ենք, որ Դուք, որպէս փորձառու դիւանագէտ, լաւ գիտէք, որ պատմական ցանկացած իրադարձութիւն պէտք է դիտարկել իր ժամանակի քաղաքական-հասարակական պայմանների շրջանակում՝ երբեք չանտեսելով այն իրողութիւնը, թէ պատմական տւեալ իրադարձութիւնն ու դրա հեղինակները ի՞նչ նպատակ էին հետապնդում եւ ի՞նչ ազդեցութիւն ու արձագանգ ունեցաւ այն իր ժամանակում:

Բացառութիւն չէ նաեւ Լիսբոնի տղաների գործողութիւնը, որը, Դուք, ցաւօք օգտագործել էք արդարացնելու համար «Սասնայ ծռեր» զինեալ խմբաւորման արարքը:
Պատասխանէք մեզ յուզող հարցերից միայն մէկին: Ասացէք խնդրեմ, ի՞նչ նմանութեան եզր կարելի է փնտրել Լիսբոնի տղաների սխրագործութեան, որն այն օրւայ աշխարհին ստիպեց վերջապէս դէմքով թեքւելու դէպի հայ ժողովրդի արդար պահանջատիրական պայքարը, եւ այս զինեալ գործողութեան միջեւ, որն ամենաանյարմար պահին, տեւական ժամանակ է, ինչ անտեղի լարւածութեան եւ ցնցումի մէջ է պահում Հայաստանին ու հայութեանը:

Եթէ մոռացել էք, ապա թոյլ տւէք յիշեցնել Ձեզ, որ Լիսբոնի տղաներն իմացեալ մահն ընտրեցին, որպէսզի աշխարհը լսի ու հասկանայ, որ հայ ժողովրդի բացարձակ իրաւունքն է ապրել, արարել եւ զարգանալ իր նախնիների հայրենիքում: Հայ ժողովրդի բացարձակ իրաւունքն է պահանջել արդարութիւն՝ այն յանցագործութեան համար, որի վրայ դիտաւորեալ աչք էր փակել այն օրերի «քաղաքակիրթ» մարդկութիւնը:

Պարոն Պապեան, վստահ եղէք, որ դաշնակցականները, եւ ոչ միայն դաշնակցականները, այլ, ողջ հայութիւնը միշտ էլ կը նշի «Լիսբոնի տղոց նահատակութիւնը», եւ դուք չունէ՛ք բարոյական որեւէ իրաւունք հաշիւ պահանջելու կամ խրատներ տալու ոչ ոքու, առաւել եւս չարաշահելու Լիսբոնի տղաների սխրագործութիւնը՝ յանուն պոպուլիստական էժանագին շահերի:

Մի՛ չարաշահէք Լիսբոնի տղաների սխրագործութիւնն ու մի՛ մրոտէք նրանց յիշատակը:

Յարգանօք,
Թեհրանի Հայ Դատի յանձնախումբ
27 յուլիսի 2016 թ