Յուրի Նավոյան. ԼՂՀ նախագահի հարցազրույցը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման բանաձև է

(ԱՌԱՎՈՏ) ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Lenta.ru-ին` «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ժամանակի հարց է» վերնագրով բացառիկ հարցազրույցում, որը ռուսաստանյան լրատվամիջոցներին առաջինն է ապրիլից հետո, նախ Ադրբեջանի ապրիլյան գործողությունները բնութագրում է իբրև պատերազմի և ավելացնում, որ իրենք մշտապես զգուշացրել են, թե ինչ վտանգներ ունի հարևան պետության ագրեսիվ քաղաքականությունը տեղեկատվական, դիվանագիտական և ռազմա-քաղաքական ոլորտներում: Պատասխանելով պատերազմի վերսկսման հավանականության մասին հարցին, Բակո Սահակյանը զսպման գլխավոր գործոն է համարում ԼՂՀ պաշտպանական բանակի մարտունակությունը և միջազգային հանրության` ուժային լուծման անթույլատրելիության մոտեցումը:

Խաղաղության և կայունության պահպանման համար նախագահը բարձր է գնահատում Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներից յուրաքանչյուրի դերը: Նա հակամարտության կարգավորման ճանապարհին անհրաժեշտ քայլեր է համարում ԼՂՀ մասնակցության միջոցով բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը և պաշտոնական Բաքվի մոտեցումների վերանայումը: Իսկ տարածաշրջանում, մասնավորաբար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության և կայունության պահպանումը գնահատում է միջազգային անվտանգության դիտանկյունից:

Անդրադառնալով ժամանակակից փուլում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գործնական իրացման նախադեպերին, Բակո Սահակյանը վստահություն է հայտնում ԼՂՀ ճանաչման անխուսափելիության մասին:

Նա նշում է, որ իրենք գնում են բազմամակարդակ ճանաչման ուղիով, այժմ ընթանում է դրա մունիցիպալ և տարածաշրջանային փուլը: Պետության ղեկավարը առանձնացնում է ուժեղ, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետության կառուցման և իրենց քաղաքացիների շահերի պաշտպանության առաջնահերթությունը և հաստատակամությունը:

Իր ազատության համար դարերի պայքարով կոփված ժողովրդի համար չճանաչումը ընդամենը ժամանակավոր դժվարություն է համարում: Բակո Սահակյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը գնահատում է պատմական, մշակութային, տնտեսական կապերով և հայ համայնքի առկայությամբ, նշում վերջինիս դերը հանրապետության չճանաչվածության պայմաններում փոխգործակցության ապահովման հարցում: