«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ «Մի դաշոյն այս պարտէզի մէջ» գրքի պարսկերէն թարգմանութեան շնորհանդէսը

«ԱԼԻՔ», մայիսի 31, Կ. Դ. – Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն՝ «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ երէկ՝ մայիսի 30-ին, տեղի ունեցաւ Վահէ Քաչայի գրչին պատկանող եւ Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը գեղարւեստական վէպի ձեւաչափով ներկայացնող «Մի դաշոյն այս պարտէզի մէջ» գրքի պարսկերէն թարգմանութեան շնորհանդէսը: Գիրքը պարսկերէնի է թարգմանել դոկտ. Ղաւամէդդին Ռազաւիզադէն:
Հայ Համալսարանականների Ընդհ. միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կազմակերպւած միջոցառմանը, կազմակերպիչ յանձնախմբի անունից ներկաներին ողջոյնի խօսք ասաց օրւայ հողորդավար Արփի Մանուկեանը, բեմ հրաւիրելով օրւայ բանախօսներ՝ թարգմանիչ դոկտ. Ղաւամէդդին Ռազաւիզադէին, Իսլ. խորհրդարանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նախորդ շրջանների պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին եւ Սուրիկ Աբնուսեանին:
Սկզբում Սուրիկ Աբնուսեանը թարգմանւած գրքի մասին յայտնեց իր տեսակէտները՝ հակիրճ տողերով ներկայացնելով գրքի առանձնայատկութիւնն ու թարգմանական նրբութիւնները:
160531a05aԵրկրորդ արտայայտւողն էր գրքի թարգմանիչ դոկտ. Ռազաւիզադէն. նա իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ գրքի հեղինակ Վահէ Քաչայի կենսագրական տւեալներին եւ Ֆրանսիայում տիրող պատմական այն ժամանակաշրջանին, որտեղ ապրում ու ստեղծագործում էր Վահէ Քաչան: Նա աւելացրեց, որ Քաչան հեղինակում էր հանրութեան համար եւ իր այս գործով ներկայացրեց մի մեծ ժողովրդի մեծ վիշտը: Ծրագրի ընթացքում իւրաքանչիւր բանախօսի ելոյթից յետոյ գրքից ընթերցումներ էր կատարում Բիայնա Ամիրեանը:
Վերջին բանախօսը Ռոբերտ Բեգլարեանն էր: Նա նշեց որ Վահէ Քաչայի վերջին գործն էր «Մի դաշոյն այս պարտէզի մէջ» ստեղծագործութիւնը, որը հրատարակւել է 1981 թւականին եւ այնուհետեւ Քաչան չի զբաղւել ստեղծագործական աշխատանքներով, թէեւ ֆիլմերի համար մշակել է սցենարներ եւ գործակցել Հանրի Վերնոյի հետ «Մայրիկ» Ֆիլմի առումով: Բանախօսն անդրադարձաւ Քաչայի ժամանակակից, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչեանի կողմից նրա մասին գրւած հետեւեալ տողերին. «Քաչան գրել է սկսել 1951-ից, իսկ իր ամենահայկական ոգով գրւած ստեղծագործութիւնից յետոյ՝ 1981-ին, ինքնակամ վայր դրել գրիչը»: Նա վերջում ասաց. «Հիմնական պատմութիւնը՝ հոգուց բխածն է, եւ Քաչայի գրածը հէնց հոգուց բխած է»:
Շնորհանդէսը զուգորդւած էր նաեւ գեղարւեստական կատարումներով, ուր ելոյթով հանդէս եկաւ Հ.Հ.Ը.Մ-ի «Տաւիղ» երգչախումբը՝ Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ: Վերջում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանի, «Պայման» հանդէսի արտօնատէր Վարդան Վարդանեանի, «Պայման»-ի գլխաւոր խմբագիր Արմինէ Առաքելեանի եւ Սուրիկ Աբնուսեանի ներկայութեամբ կատարւեց գրքի շնորհանդէսը: Միջոցառմանը ներկայ էին բազմաթիւ հայ ու ոչ-հայ մտաւորականներ: