ՊԵՏՈ ԴԵՄԻՐՃՅԱՆ. ԱՐՑԱԽԸ ՆՈՐ ՈՒԺ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՅ ԴԱՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ

(ԱՊԱՌԱԺ) Ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, պատերազմի դասերի ու հետագա անելիքների, միջազգային հարթակներում մեր կեցվածքի, Արցախի ճանաչման հետ կապված հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի հետ:

– ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ու հանձնախմբերի խորհրդաժողովը հանգրվանեց Արցախում եւ իհարկե ոչ պատականորեն՝ հենց մայիսի 9-ին: Ի՞նչ խորհուրդ եւ կարևորություն է այն պարունակում:

– Ինչպես ժողովի բացման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը, ուրիշ տեղ չէինք կարող լինել այս օրերին: Ապրիլյան քառօրյա ճակատամարտից հետո/ պատերազմ չեմ ասում, որովհետեւ պատերազմը չի ավարտվել /Արցախում ստեղծված իրավիճակին տեղյակ լինելու ու Արցախին զորակցություն հայտնելու նպատակով ժողովը շարունակվեց Ստեփանակերտում: Հայ Դատի ներկայացուցիչներս եկանք նորից ու նորից շեշտելու, որ մենք Արցախի կողքին ենք, Դաշնակցությունը իր ժողովրդի պահանջատիրության կողքին է, Արցախի խնդիրը մեր խնդիրների առանցքն է: Ինչպես մեզ հետ հանդիպման ժամանակ շեշտեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ Արցախը եւ Դաշնակցությունը մեկ հասկացություն է, որովհետեւ նպատակն է նույնը: Իրավ, յուրաքնաչյուր Հայ Դատի աշխատակից այս խորհուրդը գիտակցում է ու առաջնորդվում դրանով:

Մեզ համար այսօր ոգեպնդող եւ հուսադրող է Արցախում լինելը, այստեղ գտնվելը ուժ ու եռանդ ստանալու միջոց է մեր քաղաքական բանակի համար: Մենք, այստեղ լինելով, տարբեր հարցեր քննարկելով, առաջարկություններ լսելով, Արցախի բարձրագույն իշխանության հետ հանդիպելով՝ ավելի ենք ճշտում մեր հետագա անելիքների ընթացքը:

– Ապրիլյան պատերազմական գործողությունները եւս մեկ անգամ հավաստեցին, որ Ադրբեջանի համար ընդունելի է միայն զենքի լեզուն, խնդրի լուծման ռազմական ճանապարհը: Ո՞րն է այսօրվա մեր գլխավոր անելիքը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում:

– Իրավ, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը խաղաղ բանակցություն չեն ուզում, եւ սա գաղտնիք չէ: Առաջին իսկ վայրկյանից էրդողանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողքին են եւ կլինեն մինչեւ վերջ, այսինքն նրանք ձեռք ձեռքի են գործում:

Ադրբեջանը միայն պատերազմի եւ ուժի լեզուն է հասկանում, եւ նա այս օրերին տեսավ հայ զինվորի ուժը, ով կասեցրեց նրա առաջընթացը: Ինչքան էլ գրասենյակներում, մայրաքաղաքներում քարտեզների վրա Ադրբեջանն ու ադրբեջանամետ ուժերը որոշեն ու մշակեն հարձակումների ծրագրեր, Արցախի զինվորը տարբերվում է նրանց զինվորներից, որովհետեւ նա գիտի, թե ինչի համար է պայքարում եւ հենց այդ գիտակցությամբ էլ հաղթել ու հաղթելու է: Ելնելով հակական բանակի կեցվածքից, առանց մոռանալու զոհվածների հիշատակը, մենք՝ Հայ Դատի հանձնախմբերս, ողջ հայությունը, իշխանությունները ավելի մեծ պարտավորություն պետք է ստանձնենք, որպեսզի նրանց թափած արյունը արժեւորված լինի, որպեսզի դեպքերը չկրկնվեն, հակառակորդը սանձվի:

Եվրոպայի Հայ Դատի պարագայում ասեմ, որ առաջին իսկ օրից աշխատանքի ենք լծված՝ Եվրոպայի քաղաքական շրջանակներում հայամետ կեցվածք ու մթնոլորտ ձեռք բերելու համար:

– Արցախի միջազգային ճաչումն օրախնդիր է: Ի՞նչ աշխատանքներ են այսօր այդ ուղղությամբ իրականացվում Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողմից:

– Աշխարհի տարբեր երկրների Հայ Դատի գրասենյակներն առաջնային են համարում իրենց աշխատանքներում Արցախի ճանաչման խնդիրը: Անշուշտ, ամեն տարածաշրջանում մենք տարբեր մոտեցումներ ենք դրսեւորում: Այդ պայքարն արդեն սկսված է՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ այլուր: Հիրավի, սա դեռ ճանաչման այն մակարդակը չէ, որովհետեւ յուրաքանչյուր երկիր իր պետական շահերն ունի, բայց քայլ առ քայլ, ապավինելով մեր միասնական աշխատաքներին, վստահ ենք՝ ավելի բարձր մակարդակներով ճանաչումն անխուսափելի կլինի:

Արցախի Հանրապետության ճանաչման հարցը, իրոք, օրախնդիր է: Մեր այս հանդիպումը ԼՂՀ նախագահի հետ առավել մեծ մղում տվեց մեզ՝ նոր թափ հաղորդելու մեր ծրագրերին:

– Ապրիլի 2-ին բռնկված պատերազմը մի շարք դասեր տվեց մեզ՝ հայերիս: Ի՞նչ եք կարծում, որոնք եղան պատերազմի գլխավոր դասերը եւ ի՞նչ անելիքներ ունենք:

– Ամենաառաջինը, որ տեսանք ու թշնամին էլ տեսավ, դա այն է, որ մեր բանակը անխոցելի է: Ունեցանք շատ զոհեր՝ կյանքի գնով կանխելով թշնամու առաջխաղացումը: Արագ ու անմիջական հակագրոհի անցնելը փաստում է մարտունակության մասին: Կուզեի շեշտել նաեւ համահայկական համախմբման իրողությունը, որը երկրորդ բանակ դարձավ, կանգնեց արցախցու կողքին: Ժողովուրդը, անկախ սոցիալական վիճակից, անկախ քաղաքական-գաղափարական հայացքների տարբերությունից, անկախ ճգնաժամից, անձնվեր համախմբվեց՝ բոլոր հարցերը մի կողմ դնելով: Սա, սակայն, պարտավորեցնող դաս է, սա մղում է պատասխանատու կառավարման, պատասխանատու քաղաքական կեցվածքի, առկա թերությունների շտկման՝ թե՛ բանակի ներսում,թե՛ երկրի կառավարման ոլորտում: Հայ զինվորը ոչ մի խնդրի ու թերացման չպիտի հանդիպի:

Մյուս կողմից էլ ՝ տեսանք, որ միջազգային հանրությունը ճիշտ գնահատական չտվեց կատարվածին, հավասար նժարների դրեց կողմերին: Սա էլ է դաս՝ ապացուցելով նրանց երկդիմի կեցվածքը: Սա նաեւ մեզ՝ Հայ Դատի ներկայացուցիչներիս է հրամայականներ տալիս:

Տեղեկատվական պայքարում եւս աշխատանքներ պիտի տանենք:

ԵԽԽՎ հունվարի նստաշրջանում հակահայկական 2 բանաձեւ կար, մեկը տապալվեց: Այդ նիստը եւս դաս էր մեզ, ուրեմն քաղած դասերից պետք է շտկվել, ուղղվել,գործել, իրողությունը փոխել:

– ԵԽԽՎ նախագահն ապրիլյան նիստում ասաց, որ «հայկական ուժերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»: Այդ հայտարարությունից ոչ պակաս էլ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ «այդ տարածքները մենք չենք ուզում»: Ի՞նչ եք կարծում, հայկական կողմից այս եւ նման այլ հայտարարությունները որքանո՞վ կարող են ազդել հետագայում եւս ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերի ընդունմանը:

– Այո, ճիշտ եք, Պեդրո Ագրամունտը ադրբեջանամետ կեցվածք է դրսեւորել ու այդ ուղղությամբ մենք եւ Իսպանիայի Հայ Դատը աշխատանքներ ենք տանում: Այդ աշխատանքների մասին այս պահին շատ բան չեմ կարող ասել, փակագծեր դեռ չեմ ուզում բացել, բայց նրան զսպելու աշխատանք ենք սկսել: Հուսանք՝ գալիք նստաշրջանին ինչ-որ փոփոխությունների կհասնենք նրա կեցվածքում:

Նշեմ, որ Ագրամունտի՝ ադրբեջանամետ պահվածքն այն գլխից էլ պարզ էր մեզ: Նա իր առաջին պաշտոնական այցը Բաքու կատարեց. սա դրա հավաստիքն էր: Ընդհանրապես, եվրոպական մի շարք հակակոռուպցիոն կազմակերպություններ զեկույցներ են գրել, քննադատել նրա կոռուպցիոն կեցվածքը: Այսինքն՝ միայն Հայ Դատի գրասենյակը չէ, որ դա տեսնում ու ասում է:

Ինչ վերաբերում է Հ. Նաղդալյանին, ասեմ, որ ողջունելի էր Ստրասբուրգում նրա հանդիպումը Ագրամունտի հետ: Չգիտենք ինչ է խոսվել, բայց հուսով ենք Նաղդալյանը բացատրել է Ագրամունտին նրա՝ ադրբեջանամետ կեցվածքի ոչ ճիշտ լինելը: Անհասկանալի է, սակայն, այսօրվա իրավիճակում Նաղդալյանի նման հայտարարությունը: Տեսանք Արցախից հնչած արձագանքն այդ վերաբերյալ: Կարծում եմ՝ Հ. Նաղդալյանը պետք է ավելի զգույշ լինի , հատկապես երբ այսօր մեր ամեն մի քայլը կշռադատվածություն է պահանջում:

Սա էլ պատերազմից քաղելիք դասերից է:

Ճիշտ է, ԵԽԽՎ-ն անմիջական դերակատարություն չունի բանակցություններում, բայց նման հայտարարությունները մեր քաղաքական գործիչների կողմից կարող են քաղաղաքական մթնոլորտ ստեղծել՝ նպաստելով հակահայկական բանաձեւերի առաջ քաշելուն կամ՝ Պեդրո Ագրամունտի ադրբեջանամետ կեցվածքի հետագա դրսեւորումներին:

Հրադադարը խաղաղություն չէ դեռ, ճակատամարտը դադարեցվեց բերանացի: Փաստաթուղթը եղավ 1994 ու 1995-ին, ինչը Ադրբեջանն այսօր չի էլ ընդունում: Պատերազմը չի վերջացել, ուստի բոլորս մեկ պարտավորություն ունենք՝ մեր հնարավորության սահմաններում զինվոր լինել այս անավարտ պատերազմում:

Հարցազրույցը՝ Հերմինե ԱՎԱԳՅԱՆԻ