Արգասաբեր քննարկումների ակնկալիքով…

(ԱԼԻՔ) «Հայ Դատն Այսօր» 12-րդ խորհրդաժողովը, ինչպէս նախորդող ամենամեայ խորհրդաժողովները, կոչւած է ժամանակին համահունչ՝ վեր հանել ինչպէս միջազգային, այնպէս էլ (եւ մասնաւորապէս) տարածաշրջանի աշխարհաքաղաքական համընդգրկուն զարգացումներն ու իրադարձութիւնները, որոնք ինչ խօսք՝ չեն կարող վրիպւել հայկական վերլուծող մտքի տեսադաշտից:
Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի արդէն 12-ամեայ նախաձեռնութիւնը սկզբնական հէնց առաջին տարիներում կայանալու-հասունանալու սրընթաց հոլովոյթ է ապրել, յատկապէս, երբ տւեալ խորհրդաժողովներում ընդգրկել է թէ՛ սփիւռքեան գաղթօջախների եւ թէ՛ Հայրենի Երկրից (Արցախն ու Ջաւախքն ներառեալ) Իրան ժամանած գիտա-հետազօտական ու քաղաքական-պատմագիտական գործունէութիւն ծաւալող մասնագէտների: Անշուշտ, այդպիսով խորհրդաժողովները, որպէս փոխանակւող մտքերի ու տեսակէտների բախման կիզակէտ, արձանագրել են ե՛ւ քանակական ե՛ւ (որ կարեւոր է) որակական առաջընթաց: Ու այս հիմունքներով, ահա, այսօր ու վաղը կայացող 12-րդ խորհրդաժողովը անկասկած արգասաբեր է լինելու թէ՛ միջամուխ-մասնակիցների, եւ թէ՛ լայն լսարանի համար, որի առջեւ էլ բացւելու են Հայոց 100-ամեայ պահանջատիրութեան բազմոլորտ ու նորովի հանգամանքներով պայմանաւորւած ուրւագծւելիք հեռանկարները:
Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը, սակայն, վերջին տարիներում Հայ Դատի խորհրդաժողովներին հաղորդել է մի նոր որակ՝ իրանական-պարսիկ եւ Հայաստանեան գիտա-հետազօտողների մասնակցութեամբ առանձնայատուկ գիտաժողովի կազմակերպումը: Դա, ինչ խօսք՝ կրկնակի հարստացնելու, հիմնաւորելու եւ ընդարձակելու է քաղաքական մօտեցումների այն դաշտն ու ենթահողը, որի ընդմիջից էլ հայկական քաղաքական միտքը աւելի սթափ ու կոփւած հայեացքներով գնահատելու-արժեւորելու է առկայ հնարաւորութիւնները՝ սեփական հմնահարցերն ու առնչակից մարտահրաւէրները դիմագրաւելու համար:
Իսկ առաջիկայում, թերթս լուսարձակի տակ է առնելու հէնց վերոգրեալ դաշտում ձեւաւորւած եզրայանգումները, հանրամատչելի դարձնելու դրանք հայ ընթերցողի համար:
Բարի երթ ու արգասաբեր քննարկումներ՝ «Հայ Դատն Այսօր» 12-րդ խորհրդաժողովին: