Բելգիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը դուռ կբացի Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման համար

(1in.am) «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բրյուսելի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

-Պարոն Դեմիրճյան, Բելգիայի ներկայացուցիչների պալատը հուլիսի 23-ի լիագումար նիստին բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, և ինչո՞ւ դա արվեց հիմա:

–Ինչպես արդեն ծանոթ եք, 1998 թվականին Բելգիայի Սենատը արդեն բանաձևով ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Բելգիան զույգ խորհրդարաններով կառավարվող պետություն է: Սենատը, որ 1998 թվականին ընդունել էր Ցեղասպանությունը, բավականին մեծ աշխատանք էր տարել, որ Բելգիան լինի այն երկրների շարքում, որը ոչ միայն ընդունում, այլ քրեականացնում է ցեղասպանությունների ժխտումը: Դուք գիտեք, թե որքան շատ թուրք կա Բելգիայում: Հատկապես այս տարի 100-ամյակին, երբ Եվրախորհրդարանը բանաձև որդեգրեց, խթան հանդիսացավ, որ եվրոպական այլ երկրներ ևս ընդունեն Ցեղասպանությունը։ Պետք է կարևորել այն փաստը նաև, որ ազգությամբ թուրք պատգամավորները ապրիլի 24-ին մերժեցին հոտնկայս հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, և այս ճանաչումը շատ մեծ կարևորություն կունենա, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացվի այլ երկրներում ևս: Այսպիսով, Բելգիան իր զույգ խորհրդարաններով և առավել ևս կառավարության կազմով ընդունում է Հայոց ցեղասպանության հանգամանքը, կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առերեսվել իր անցյալի հետ ու դադարեցնել ժխտողական քաղաքականությունը, որը պետք է առաջ տանի Հայաստանի և Թուրքիայի հաշտեցումը:

–Ձեր կարծիքով՝ այս որոշումը պայմանավորված է միայն Բելգիայի և Հայաստանի բարեկամությա՞մբ, թե՞ այդ երկիրն իր ուրույն խնդիրներն է լուծում Թուրքիայի հետ:

-Պետք չէ այդպիսի ձևակերպում անել: Եթե Բելգիան առաջ տաներ միայն իր ուրույն շահերը, ապա նման բանաձև չպետք է ընդուներ, որովհետև Բելգիայում շատ թուրքեր կան: Առավել ևս չպետք է ասել, որ Բելգիան Հայաստանի հետ լավ հարաբերություններով է պայմանավորում Ցեղասպանության ընդունումը: Պետք է ընդունել, որ եվրոպական երկրներում՝ հատկապես Բելգիայում, ցեղասպանության արարքը և փաստը մարդկային արժեքներին դեմ է, և Բելգիան սա է, որ առաջ է քաշում՝ մի կողմ դնելով և՛ հայկական, և՛ թուրքական գործոնը: Բանաձևի մեջ նշվում է, որ սա Թուրքիայի դեմ չէ ուղղված, այլ ժխտողականության: Ասվում է, որ սա պետք է լինի դուռ Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման համար, նշվում է և՛ հույների, և՛ ասորիների, վերջին շրջանում Հյուսիսային Իրաքի կողմից իրականացված եզդիների ցեղասպանությունները: Այս բանաձևը պետք է համալիր նայել, ոչ թե երկկողմանի հարաբերություններով: Կոչ էր, որ մենք աշխարհն ուզում ենք տեսնել առանց ցեղասպանությունների: Պետք է քննարկվի նաև Բելգիայի խորհրդարանում ցեղասպանությունների հիշատակման կամ քննադատման օր:

–Պարոն Դեմիրճյան, այս ճանաչումները մեզ ի՞նչ են տալիս: Արդյոք Հայաստանն ու Թուրքիան սրանով մոտենո՞ւմ են իրար, թե՞ հակառակը՝ Թուրքիան ավելի ագրեսիվ է դառնում։ Գործնականում մենք ի՞նչ եք ստանում այս ճանաչումներից:

–Այս ճանաչումները, բնականաբար, մեզ օգնում են: Պետք է անպայման հիշել, որ Թուրքիան Եվրոպական միության թեկնածու երկրներից է, և ԵՄ ընտանիքի անդամ դառնալու հետ պայման է, որ Թուրքիան առերեսվի իր անցյալի հետ: Տարեկան ամեն զեկույցում ԵՄ-ն հիշատակում է Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը չճանաչելու հանգամանքը: Ինչո՞ւ է կարևոր արտաքին աշխարհի` հատկապես ճնշումը Թուրքիայի դեմ, որովհետև Եվրախորհրդարանում իր բանաձևի քննարկման ժամանակ՝ ապրիլի 15-ին, գերմանացի պատգամավորները նշեցին, որ եթե Գերմանիան 45 թվականին դրսից ճնշման չենթարկվեր, երբեք չէր հաշտվի իր անցյալի հետ (ակնարկում էին հրեաների Ցեղասպանությունը): Հենց այս դեպքում էլ պետք է լինի ինչպես Գերմանիայի պարագայում: Եվ այս ճանաչումները մեծապես օգնելու են Թուրքիայի ներսի այն առաջադիմական շրջանակներին, կուսակցություններին, որոնք Թուրքիայի մեջ պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար: