Դասախօսական երեկոյ՝ «Վանի հերոսամարտի եւ Վասպուրականի հայոց նահանգապետութեան կազմաւորման 100-ամեակի առթիւ»

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Մայիսի 25՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան կենտրոնում կայացաւ «Վանի հերոսամարտի եւ Վասպուրականի հայոց նահանգապետութեան կազմաւորման 100-ամեակի առթիւ իրողութիւններ եւ պատմական դասեր» խորագրով դասախօսական երեկոյ, նախաձեռնութեամբ «Վան-Վասպուրական պատմական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի եւ համագործակցութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի («ՀՈՒՍԿ»): Օրւայ դասախօս էր հրաւիրւել ազգային-քաղաքական գործիչ ճրտպ. Ալբերտ Աճեմեանը:
Սկզբում Հայ Դատի յանձնախմբի փոխնախագահ Արամ Շահնազարեանը հակիրճ բացատրութիւն փոխանցելով կազմակերպւած թեմայի մասին, ընդգծեց, որ Վանի եւ Վասպուրականի հերոսամարտի անմիջական ձեռքբերումներից է՝ նոյն շրջանում նահանգապետութեան ստեղծումը՝ Արամ Մանուկեանի գլխաւորութեամբ, որը եղաւ փորձ՝ դրանից երեք տարիներ յետոյ, նոյնինքն Արամ Մանուկեանի գլխաւորութեամբ՝ 1918-ին հիմնադրւած Հայաստանի Անկախ Հանրապետութեան համար: Ապա հրաւիրւեց օրւայ դասախօսը, որը փաստավաւերագրական պատկերներով մանրամասն անդրադարձաւ Վան-Վասպուրականի աշխարհա-քաղաքական դիրքին, պատմական տւեալներին, Վանի հերոսամարտին: Դասախօսն իր ելոյթի սկզբում կարեւորութեամբ անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նշման միջոցառումներին, որոնք իրենց անդրադարձն են ունեցել ներքին ու արտաքին ճակատի վրայ, եւ ասաց. «Ապրիլի 24-ի հասկացութեան հիմքը հանդիսանալով Բիւրաւոր Նահատակների յիշատակման օր, չի կարելի անտեսել եւ չարժեւորել այն բազմաթիւ ինքնապաշտպանութեան դրւագների իրողութիւնը, որոնք տեղի ունեցան այդ տարիներին, քաղաքային ու գիւղական վայրերում»:
Ճրտպ. Ալբերտ Աճեմեանն ապա մանրամասն բացատրութիւն փոխանցեց Վանի ինքնապաշտպանութեան հարցով ձեւաւորւած ջոկատների, ժամանակի ղեկավարութեանն ու համաժողովրդական միասնական պայքարի ներկապնակի վրայ ձեւաւորւած Վանի ազատագրմանն ու համեմատական եզրեր անցկացրեց ներկայի եւ անցեալի համաժողովրդական, պահանջատիրութեան արդիւնքում ձեւաւորւող ազգային ձեռքբերումների միջեւ:
Դասախօսն իր ելոյթի ընթացքում մանրամասն անդրադարձաւ Վան-Վասպուրականի ազատագրման հարցով իր անժխտելի դերը ունեցած Արամ Մանուկեան ղեկավարի եւ անհատի արժանավայել իւրայատկութիւններին եւ քաղաքա-հասարակական ու գաղափարական հայեցակարգերին, նրան բնութագրելով հայ ժողովրդի պատմութեան վերջին 100-ամեակի ամենափայլուն քաղաքական գործիչը, որի ջանքերի շնորհիւ նոյնիսկ կարճ ժամանակաշրջանում Վանի նահանգապետութիւնը կարողացաւ հայ ժողովրդի պատմութեան մէջ իր անժխտելի դերն ունենալ: Իր ելոյթի վերջին բաժնում դասախօսը կարեւորութեամբ անդրադարձաւ Հայաստանի ներկայ իրավիճակին, նշելով, որ անցեալի պատմութիւնից եւ Արամ Մանուկեանի պէս ռահվիրաներից դասեր քաղելով եւ դրանք լաւագոյնս իրագործելով է կարելի, սեփական ժողորդի ուժին հաւատալով՝ կառուցել եւ պահպանել հզօր հայրենիք:
Վերջում Վան-Վասպուրականի պատմական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնից Սիլւա Մարգարեանը իր շնորհակալական խօսքն ուղղեց դասախօսին եւ «ՀՈՒՍԿ» հաստատութեանը, դրական գնահատելով երկու միաւորների համատեղ գործակցութիւնը՝ նմանօրինակ յիշարժան թւականները նշանաւորելու առթիւ:

Նկար՝ Ալբերտ Աճեմեան