Մանոյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի շահ չեմ տեսնում

(1in.am) «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

– Պարոն Մանոյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Սերժ Սարգսյանի՝ երեկ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի այն միտքը, թե՝ «մենք հետ չենք կանչել մեր ստորագրությունը. եթե Թուրքիան վավերացնի այդ փաստաթուղթը, մենք էլ կվավերացնենք»:

– Արձանագրությունները միշտ կենդանի են, թեև տեսականորեն փոքր է հավանականությունը, որ Թուրքիան կարող է դրանք վավերացնել, ու քանի որ Հայաստանն էլ հանձն է առել վավերացնել՝ կվավերացնի: Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ անհրաժեշտ է արձանագրությունից ետ կանչել ստորագրությունները, որպեսզի իրավականորեն այլևս դրանք գոյություն չունենան: Սերժ Սարգսյանի ասածը նոր բան չէ: Իսկ արձանագրությունների վրա ստորագրությունների առկայությունը նշանակում է, որ Հայաստանը տակավին ակնկալում է, թե Թուրքիան կվավերացնի, որպեսզի ինքն էլ վավերացնի: Բայց մենք դրան կողմ չենք:

– Երբ Սերժ Սարգսյանը խորհրդարանից ետ կանչեց այդ արձանագրությունները, ՀՅԴ-ն ողջունեց նրա այդ քայլը:

– Այո, բայց համարեցինք ոչ բավարար քայլ: Հենց այդ ժամանակ ասացինք, որ ճիշտ ուղղությամբ քայլի: Կարելի է ստորագրությունները ետ կանչել առանց այդ հերթականության, բայց ինքն ուզեց մի ազդանշան ուղարկել, որ ինքը այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր է անում: Իսկ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ստորագրությունները ետ վերցնել, խորհրդարանի օրակարգից դուրս բերելը բավարար չէր:

– Իսկ ո՞րն է ստորագրությունը ետ չկանչելու վտանգը:

– Նախ՝ ստորագրություններով արձանագրությունների առկայությունն այլ պետությունների կողմից տակավին օգտագործվում է: Մենք երեկ այստեղ լսեցինք Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի խորհուրդը, որով նա կոչ էր անում վավերացնել արձանագրությունները: Ես կցանկանայի, որ նման անհեթեթ, անհիմն կոչեր չլինեին, որպեսզի մարդիկ էլ չկարծեին, թե ինչ-որ գործընթաց կա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում: Հիմա չկա նման գործընթաց: Անհրաժեշտ է արձանագրություններից վերցնել ստորագրությունները, որպեսզի մարդիկ հասկանան, թե իրական իրադրությունն ինչպիսինն է:

– Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես երեկ հայտարարել է, «Մոսկվան կարող է նպաստել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման մասին փաստաթղթերն ուժի մեջ մտնեն»: Նա նաև ասել է, թե Մոսկվան ի սկզբանե աջակցել է արձանագրությունների ստորագրման գործընթացին:

– 2009թ. արձանագրություններից մի քանի ամիս հետո պատասխանելով այդ գործընթացում Ռուսաստանի դերակատարության մասին հարցին՝ հստակ ասել էր, թե իրենք ընդամենը ներկա են եղել՝ վկայելու ստորագրությունը: Ասել էր, թե ստորագրող կողմերն էին դա ցանկացել: Ես կարծում եմ, որ դա իրականությանը համապատասխանող է, որովհետև այս նախաձեռնությունների ստորագրությունը ոչ թե ռուսական նախաձեռնություն էր, այլ, ես կասեի, զուտ արևմտյան նախաձեռնություն էր, որին Ռուսաստանն ի վերջո չէր կարող դեմ գնալ, որովհետև Հայաստանն էլ էր կողմ: Եվ ուրեմն ուզեց ցույց տալ, որ ինքն էլ ինչ-որ գործընթացի մասնակցել է:

– Այդ դեպքում Լավրովն ինչո՞ւ է ավելի ուշ հայտարարում, որ Ռուսաստանն աջակցել է այդ գործընթացին:

– Ինքը աջակցելու չափի մասին չի խոսել: Ներկա լինելը աջակցություն էր՝ դա փաստ է, բայց աջակցության չափի մասին չի խոսել:

– Արդեն Ռուսաստանը խոսում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և այդ գործընթացում Ռուսաստանի դերի մասին:

– Ֆուտբոլային դիվանագիտության սկզբում եթե վերհիշենք, թե ինչպիսին էր Ռուսաստանի հակազդեցությունը, թե Դումայում ինչեր ասեցին Հայաստանի ու Հայաստանի նախագահի մասին, թե այդ ինչ է՝ մեր գրկում նստած մեր մորուքն եք փետում: Այս հայտարարություններն են իրականությանը համապատասխանում, քանի որ իրենք գործընթացներից տեղյակ չէին: Եվ ի վերջո՝ ռուս-վրացական պատերազմից հետո ուզեցին ցույց տալ, որ տարածաշրջանում իրենք նաև այդ հարցին են կողմ: Բայց ես կարծում եմ, որ այդքան էլ այդպես չէ: Հիմա էլ պարզապես փորձում է Թուրքիան հնարավորինս Արևմուտքից պոկել, դրա համար էլ ուզում է ցույց տալ, որ ինքը կողմ է մեր հարաբերությունների բնականոնացմանը:

– Բայց իրականում Ռուսաստանի շահերի հետ չի՞ համընկնում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը:

– Հանրապետության առաջին նախագահը 1997թ. Ռուսաստանի հետ ռուսական ռազմաբազայի մասին բանակցել է՝ վտանգի սպառնալիքը տեսնելով Թուրքիայից: Ամբողջ Արևմուտքը ակնկալում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացում, որպեսզի այստեղ ռուսական ներկայության անհրաժեշտություն չլինի կամ չլինի այն չափով, ինչ չափով հիմա կա: Այդ կարգավորման հարցում Արևմուտքի շահը տեսանելի է, իսկ Ռուսաստանի շահը ես չեմ տեսնում: