«Օբաման, հավանաբար, Էրդողանից հետո կարտասանի «ցեղասպանություն» բառը»

(yerkir.am) Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարությունը քննադատել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է. «Ավստրիայի խորհրդարանը, իրավական և պատմական ճշմարտություններին հակադրվելով, թուրք ժողովրդի վրա հանցանք բարդելու իրավունք և գործառույթ չունի: Լավ իմացեք, որ Թուրքիան և թուրք ժողովուրդն իրենց պատմության դեմ զրպարտությունը չեն մոռանալու»:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը նշեց, որ Թուրքիայի քայլերից արդեն պետք չէ զարմանալ: «Հռոմի պապի հայտարարությանը, Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին էլ նրանք կոշտ արձագանքեցին: Էրդողանն ասաց, որ նմանատիպ հայտարարություններն իր մեկ ականջից մտնում են, մյուսից` դուրս գալիս: Նրանց նման վարքագծից հետո բնական է այս հայտարարությունը, և այն մեզ չի զարմացնում»,- ասաց նա:

Դեմիրճյանը, անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, թե` ապրիլի 24-ին հայերն իրենք կնվագեն, իրենք էլ կպարեն՝ միաժամանակ վիրավորանքներ թափելով Թուրքիայի վրա, նշեց. «Այդ մի հայտարարությունը խայտառակություն է: Մեկուկես միլիոն զոհերի հիշատակի նկատմամբ անարգանք էր Էրդողանի ասածը: Վստահ եմ, որ Էրդողանը պետք է պատասխան ստանա իր ասածի համար»:

Անդրադառնալով հայկական կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև այլ պետությունների արձագանքին, նա ասաց, որ մեզ համար ցանկալի արդյունքն արդեն տեսանելի է: «Համաշխարհային մամուլն է անդրադառնում Հայոց ցեղասպանությանը և մարդկանց հորդորում ցեղասպանությունը հենց այդ բառով կոչել: Հուսանք, որ Գերմանիան ևս ընդունելու է Հայոց ցեղասպանությունը, այս դինամիկան պահպանվելու է, և յուրաքանչյուր հայկական միություն, կազմակերպություն, անհատներ, միջազգային կազմակերպություններ, որոնք ինչ-որ ձևով կնպաստեն Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքին, կշարունակեն այս դինամիկան` ճնշելով Թուրքիային` հասնել պատմության հետ նրա առերեսվելուն» »,- ասաց Դեմիրճյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահ Օբաման այս տարի ևս չի արտաբերելու «ցեղասպանություն» բառը, նա նշեց. «Ինչպես Ամերիկայի Հայ դատի գրասենյակն է մեկնաբանել, Օբաման սուտ խոսեց: Նա երբ դեռ Կոնգրեսի անդամ էր, հայտարարեց, որ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն այդպես էլ չարեց: Ինչպես նշել է Կիրո Մանոյանը, Օբաման, հավանաբար, Էրդողանից հետո կարտասանի «ցեղասպանություն» բառը»:

Լուսինե Հակոբյան