Օբաման այլ առիթներ արդյո՞ք չի օգտագործի՝ ճանաչելու ցեղասպանության փաստը

(azatutyun.am) ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Սպիտակ տան որոշմանը՝ նախագահ Օբամայի ապրիլի 24-ի ուղերձում «ցեղասպանություն» բառը չօգտագործելուն, ասաց՝ Օբաման դեռևս երկու տարի պաշտոնավարելու է ԱՄՆ նախագահի աթոռին և տեսնենք այլ առիթներ արդյո՞ք չի օգտագործի՝ ճանաչելու ցեղասպանության փաստը:

Անդրադառնալով Օբամայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների ու Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարության հանդիպմանը՝ դաշնակցական գործիչը նշեց․- «Խոսել են ապրիլի 24-ի մասին, խոսել են, որ ինքը չի ասելու, բայց դա չի նշանակում, որ իրենք ակտիվորեն աշխատելու են դեմ, որպեսզի Միացյալ Նահանգների կառավարության տարբեր թևեր նաև չասեն: Դրա համար ես չեմ կարծում, որ այս տարի այդ ճիգը կա, բայց գոնե իմ տպավորությունը դա է, որ իրենք շատ չեն խոչընդոտի, որ Ներկայացուցիչների պալատը հարցը պետք եղած ձևով քննարկի և որոշում կայացնի»: