Ստեփանակերտում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124-ամյակը

(ԱՊԱՌԱԺ) <<Դաշնակցություն հանուն Արցախի>>. այս խորագիրն է կրում ՀՅ Դաշնակցության 124-ամյակի տոնակատարությունների շարքը, որը հանդիսավոր նշվում է Արցախի տարբեր շրջաններում: Տոնակատարությունների վերրջին հանգրվանը Ստեփնակարետն էր, որտեղ այսօր՝ մարտի 21-ին, Մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացավ տոնական միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մ.Մուսայելյանը, ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կ. Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դ. Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը , ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը, ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ա. Աղաբեկյանը, պաշտոնատար այրեր եւ այլոք:

Միջոցառումը բացվեց Արցախի եւ ՀՅԴ օրհներգերով՝ <<Մռակած>> համույթի եւ <<Մենք ենք մեր սարերը>> երգի, պարի պետական համույթի կատարմամբ: Այնուհետեւ մեկ րոպե լռությամբ ներկանները հարգեցին վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հերոսաբար նահատակված զինվորների հիշատակը:

Ելույթով հանդես եկավ Արցախի թեմի առաջնորդը, ով շնորհավորելով ներկաներին՝ կարեւորեց Դաշնակցության անցած հայանվեր ճանապարհը, եւ նրա դերակատարությունը Արցախի ազատագրման, պետականության կայացման ու հայրենիքի շենացման գործում:

Իսկ ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը փոխանցեց ՀՅԴ բյուրոյի ողջույնի եւ շնորհավորանքի խոսքը:

Աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրներից շնորհավորական ուղերձներ էին ուղարկել ՀՅԴ Արցախի կառույցին, Արցախի ժողովրդին՝ ՀՅԴ 124-ամյակի կապակցությամբ, որն էլ տեսահոլովակի տեսքով ներկայացվեց միջոցառման մասնակիցների ուշադրությանը:

Ելույթով հանդես եկավ ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանը, ով իր ելույթում շեշտեց.<< Դաշնակցություն բառիս բուն իմաստով, կարգախոսով է, որ կարող ենք արցախցիներս՝ անկախ գաղափարական, քաղաքական մոտեցումներից, մեկտեղել մեր կարողությունները, դիմակայելու թե՛ արտաքին եւ թե՛ ներքին մարտահրավերները: Եւ միայն այսկերպ Արցախի ժողովուրդը կարող է ազդակ ուղարկել եւ իր շուրջը համխմբել համայն հայությանը…Մենք կարող ենք ակնկալել,որ ազգը երբեւ կհասնի այն գիտակցությանը, թե Դաշնակցությունը պատմական ազդակ է հայ իրականության մեջ, եւ իր գիտակցության չափով նյութապես կնպաստի ՀՅԴ գոյությանը եւ գործին: ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է եւ այդ ավանդության մեջ է իր միությունը եւ նույնության գաղտնիքը: Նա այնքան անփոփոխ չի մնում, որ հնանա ու անպետքանա հանրային կյանքի ղեկավարության համար, բայց նաեւ այնքան չի փոխվում, որ դառնա հեղհեղուկ: Նա իր բնույթով մնում է նույնը, բայց հարմարվում է կյանքին: Փոփոխությունները ոչ թե բեկում են, այլ՝ հոսում, ոչ թե հեղաշրջում, այլ՝ բարեշրջում…>>:

Ներկանների դատին հանձնվեց ՀՅԴ անցած 124-ամյակին նվիրված, <<Դաշնակցություն հանուն Արցախի>> վերնագիրը կրող ֆիլմը:

Դաշնակցությունը, որպես ազգային կուսկացություն, ազգային արժեքների կրող եւ պահպանող ուժ, կարեւորում է մեր օրերում մշակույթի պահպանումն ու այդ արժեքների շարունակությունը: Այս արժեհամակարգում շատ կարևոր է ազգային տարազի պահպանումն ու տարածումը: ՀՅԴ հրավերով Արցախում էր արմատներով Սիրիայից, Շադոյան նորաձևության տան հիմնադիր, դիզայներ Գեւորգ Շադոյանը: Տեղի ունեցավ Շադոյան նորաձևության տան ժամնակակից ձևավորմամբ ազգային տարազների առաջին եւ բացառիկ ցուցադրությունը, որը, ինչպես իր ելույթում նշեց հեղինակը, նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին եւ կցուցադրվի նաեւ այլ երկրներում:

ՀՅԴ 124-ամյակին նվիրված տոնակատարությունը եզրափակվեց ուղիղ 104 տարի առաջ , ՀՅԴ 20-ամյակի կապակցությամբ գրված երգով՝ <<Մենք ենք մեր սարերը>> համույթի կատարմամբ: