ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը Արցախի հետ կապված մի շարք ծրագրեր ունի

(ԱՊԱՌԱԺ) Օրերս Արցախ էր այցելել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը: Այցի շրջանակներում Գ. Կարապետյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ: ԼՂՀ նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր:

«Այս տարի մարտին Հայաստանում տեղի է ունենալու Եվրանեստի լիագումար նիստը, եւ ներկայումս այդ ուղղությամբ մի շարք աշխատանքներ ենք տանում,- խոսելով ներկայումս ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի հանձնախմբի կողմից տարվող աշխատանքների մասին՝ ասաց Գ. Կարապետյանը եւ հավելեց,- ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն այսօր գործունեություն է ծավալում մի քանի ուղղություններով: Դրանցից հիմնականը Ցեղասպանության ճանաչումն է, Հայաստանի եվրոպական ինտեգրացումը, Արցախի ճանաչման խնդիրը, Ջավախքը, ինչպես նաեւ Սիրիայի հարցը: Իր ձեւով Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը պետական կառույցի նման է»:

– Արցախի ճանաչման հետ կապված ի՞նչ քայլեր են ներկայումս իրականացվում ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի հանձնախմբի կողմից:

– Արցախի ճանաչման հետ կապված մեր անելիքները կապված չեն 100- ամյակի միջոցառումների հետ: Մենք մեր գործունեությունը ծավալում ենք այնպես, որ հավասարաչափ աշխատանքներ տանենք մեր օրակարգում ներառված բոլոր հարցերի ուղղություններով:

Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբն Արցախի հետ կապված բավականին ծրագեր ունի: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս Եվրոպայում նշելու ենք Արցախի ամիսը, ինչը ավանդական բնույթ է կրելու: Այս տարի նախատեսվում է կազմակերպել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների այցելությունն Արցախ: Ազգային ժողովների պատգամավորների այցելություն նույնպես կլինի 2015 թվականին: Փորձելու ենք նաեւ միջպետական մարմինների ղեկավարների այցելություն կազմակերպել: Բնականաբար, ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի հանձնախումբը շարունակելու է իր գործունեությունն Ադրբեջանին դիմակազերծելու եւ ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ:

– Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից հանրության ուշադրությունը շեղելու համար Թուրքիան ձեռնարկեց Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունը, տարբեր երկրների ղեկավարների միջոցառմանը մասնակցելու հրավեր հղեց: Կանխատեսելի՞ էր արդյոք Թուրքիայի այդ քայլը եւ առհասարակ ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ:

– Նախ ասեմ, որ 100- ամյակի նախօրեին ժողովրդի մոտ հավելյալ պայքարի զարթոնք է նկատվում, կա հավելյալ հետաքրքրություն, եւ մարդիկ մեր կառույցներին օժանդակելու ցանկություն են հայտնում: Անգամ օտարների մոտ է առաջանում հետաքրքրություն:

Չգիտեմ, թե որ երկրների ղեկավարները կնդունեն Թուրքիայի նախագահի հրավերը եւ կայցելեն Թուրքիա ապրիլի 24-ին, բայց ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Անգլիայի թագուհին ընդունել է Թուրքիայի նախագահի հրավերը եւ համաձայնել է մասնակցել միջոցառմանը՝ զարմանք չի հարուցում, հնարավոր է, որ թագաժառանգն էլ Երեւան այցելի: Առհասարակ, այս պահին հստակ չէ, թե ով որտեղ կգնա: Կան մարդիկ, ովքեր անկախ այն հանգամանքից կլինե՞ր Գալիպոլի միջոցառումը, թե՞ ոչ, միեւնույն է Հայաստան չէին գալու:

Ինչ վերաբերում է Գալիպոլիի ճակատամարտին, ապա բոլորիս է հայտնի, որ Գալիպոլին չի սկսվել եւ չի ավարտվել մեկ օրում եւ այդ օրը հաստատ ապրիլի 24-ը չի եղել: Թուրքիան նման կեղծ քայլի գնաց՝ հակազդելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Տասնյակ տարիներով աշխատելով Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ՝ թուրքերը մեզ են սկսել ճանաչել, մենք էլ՝ իրենց: Թուրքերի քայլերը մեր կողմից կանխատեսելի են:

– Տարեվերջին ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի հանձնախումբը հայտարարեց, որ տարվա մարդ է հռչակում ՀՅԴ ԿԿ անդամ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին: Ի՞նչ հիմունքներով է կատարվել թեկնածուի ընտրությունը եւ ի՞նչ առանձնահատկություններ պետք է ունենան մարդիկ, ովքեր երբեւէ կկարողանան արժանանալ այդ կոչմանը:

– Ամերիկայի մշակույթում կա նման երեւույթ, տարվա մեջ նրանք ընտրում են մեկին, ով ունի որոշակի արժանիքներ եւ նրան շնորհում են տարվա մարդ կոչումը: ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը առաջին անգամ նախաձեռնեց կայնքի կոչել նման հետաքրքիր ծրագիր, այն է՝ ամեն տարի մեկ հոգու հռչակել տարվա մարդ: Բնականաբար, տարվա մարդ կարող են հռչակվել նաեւ ոչ հայկական ծագում ունեցող մարդիկ: Մեր անդրանիկ նախաձեռնության արդյունքում Արթուր Աղաբեկյանն ընտրվեց տարվա մարդ:

Տարվա մարդ ենք ընտրել Արթուր Աղաբեկյանին, քանի որ հաշվի ենք առել մեզ համար շատ կարեւոր չափորոշիչներ, որով պետք է ունենան բոլոր այն անհատներն, ովքեր հետագայում կկրեն այդ կոչումը: Եւրոպայի Հայ Դատը տարվա մարդ է ընտրել նրան՝ հաշվի առնելով տվյալ մարդու անցած ճանապարհը, նրա վաստակը հայրենիքի կերտման, Արցախի ազատագրման գործում: Հայաստանի բանակի վերակազման գործում նույնպես մեծ ներդրում է ունեցել Արթուրը, ով Հունաստանի սպայական վարժարանի հետ ձեռք բերեց համաձայնություն, որի շնորհիվ մինչ օրս այնտեղ Հայաստանից մեկնած կուրսանտներ են կրթություն ստանում:

Ի դեպ, վերոնշյալ վարժարանում բացի հայերից եւ հույներից, այլ ազգի կուրսանտներ չեն ուսանում: Մենք հաշվի առանք այն հանգամանքը. Արթուրը մինչ Արցախում պաշտոն ստանձնելն էլ էր Արցախում գործունեություն ծավալում: Մենք որոշել էինք որոշ բաներ ինքներս ստուգել եւ միայն չհիմնավորվել լսածներով: Արդեն երկու անգամ է, ինչ նրա նախաձեռնությամբ Ազգային վիճակախաղն է կազմակերպվում Արցախում, ինչը բնականաբար հաջողություն է ունենում: Ստացված հասույթն ուղղվում է երկրի վերականգնման գործընթացին:

Նրա շնորհիվ բացվեցին աշխատատեղեր եւ վերակենդանացվեց Արցախի մշակույթի մի ճյուղը՝ գորգագործությունը: Դա մի գործընթաց է, որն ունեցավ հաջողություն: Գորգագործության ծավալը գնալով մեծացավ, մասնաճյուղեր բացվեցին շրջաններում: Մենք Սփյուռքում ականատեսը եղանք նրա հանդիպումներին, նրա շփումներին, որոնք անցնում էին տարբեր շրջանակներում: Չմոռանանք նաեւ Արաքսի հովտի ծրագիրը, որն ընթացքի մեջ է: Ի դեպ, մարտին կհանձնենք այդ կոչումը Արթուր Աղաբեկյանին:

– Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ եվրոպական երկրներում նոր գրասենյակներ եք նախատեսում բացել, ի՞նչ փուլում է այդ գործընթացը եւ արդյո՞ք ձեր աշխատանքերում ներգրավում եք երիտասարդներին:

– Մենք կարեւորում ենք երիտասարդների ներգրավումը Հայ դատի հանձնախմբերում: Նախորդ տարի եվրոպական մի շարք երկրներում նոր գրասենյակներ ենք բացել եւ մինչեւ տարեվերջ 3-4 նոր հանձնախմբեր նույնպես կունենանք: Եւ ամենակարեւորը՝ այդ հանձնախմբերի շուրջ երիտասարդներ են համախմբված:

Մեր հանձնախմբերի 60-70 տոկոսը երիտասարդներ են: Պետք է փորձենք ամբողջ Եվրոպայում մեր ցանցը տարածել, քանի որ սա մեր ուժն է՝ ի հակակշիռ ադրբեջանա-թուրքական միլիոնավոր դոլարների: Իրենք ունեն իրենց միլիոնները, վարձկանները, սակայն մենք ունենք մեր գաղութները, մեր նվիրյալ հայերը եւ մեր արդար պայքար ունենալու իրավունքը:

Անի Ազատյան