1.5 տարի անց եվրոպացիների նեղացածությունը Հայաստանից անցել է

(1in.am) «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

– Պարոն Դեմիրճյան, Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստի ընթացքում պաշտոնական Բրյուսելը չի բացառել, որ հնարավոր է՝ առաջիկայում Երևանի հետ ստորագրվի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Նիստից հետո «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Եվրամիության Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանն ասել է, որ կողմերն այժմ հենց այդ հարցի շուրջ են բանակցում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հիմա Եվրամիությունը որոշեց նման հնարավորություն տալ Հայաստանին, չէ ՞որ սկսած 2013 թվականի սեպտեմբերի 3-ից՝ հայկական կողմը մշտապես այդ հարցը բարձրացրել է, սակայն, ըստ էության, անպատասխան մնացել:

– Նախ և առաջ նշեմ, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո մենք՝ որպես Եվրոպայի Հայ դատի գրասենյակ, ասել ենք, որ պետք է ստորագրվի գոնե համաձայնագրի քաղաքական հատվածը: Սկզբում եվրոպացիները ինչ-որ չափով նեղացած էին Հայաստանի հետդարձից, բայց Հայաստանին ժամանակ տրվեց, և Հայաստանն էլ ցույց տվեց, որ ուզում է շարունակել իր որդեգրած եվրաինտեգրման քաղաքականությունը՝ գոնե քաղաքական հատվածով: Վստահ ենք՝ երբ ԵՄ-ն համոզվի, որ Հայաստանը, ստորագրելով Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը, ուզում է շարունակել իր հարաբերությունները Եվրոպայի հետ, ապա կստորագրվի այդ համաձայնագրի քաղաքական հատվածը: Մեկուկեստարի այս ուղղությամբ աշխատանք է տարվել, և գոնե դրան հետևողների համար սա անակնկալ չէր: Հայաստանը մշտապես հայտարարել է Եվրոպական միության հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին:

– Դրա հետ մեկտեղ մշտապես նշվել է, որ առանց Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածի՝ փաստաթուղթն անիմաստ է դառնում:

– Չէ, ինչո՞ւ է անիմաստ, բարեփոխումներ կլինեն՝ հաշվի առնելով Հայաստանի նոր պարտավորությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Բարեփոխումներ կլինեն երիտասարդության, արդարադատության, կրթության և մի շարք այլ ոլորտներում: Ինչո՞ւ է անիմաստ, դրանք թերի գնահատականներ են, կամ էլ դրա հեղինակներն իրավիճակի ամբողջական պատկերին չեն տիրապետում: Ամեն դեպքում քաղաքական ասելով՝ նկատի ունենք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում սկսված բարեփոխումների շարունակությունը: Ընդգծեմ, որ այս նպատակով արդեն իսկ բյուջե է հատկացված:

– Ձեր տպավորությամբ՝ համատեղելի կլինի՞ Հայաստանի ընտրած արտաքին քաղաքական մյուս վեկտորը՝ ԵՏՄ-ն, և ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը: Հայաստանը հիմա հայտնվել է մի երկրների ընկերակցության մեջ, որոնք ի տարբերություն Եվրոպայի՝ երբեք չեն փայլել մարդու իրավունքների պաշտպանությամբ, խոսքի ազատությամբ և այլն:

– Բնականաբար, կկարողանա համատեղել, իսկ ինչո՞ւ ոչ: Տպավորություն կա, որ Հայաստանը չի ուզում համատեղել կամ համագործակցել Եվրամիության հետ, բայց այդպես չէ: Սխալ է ասել նաև, որ Եվրոպան մշտապես փայլել է մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ այդպես չէ. մինչև հիմա հարյուրավոր օրինակներ կան՝ կապված դրա հետ: Քաղաքականության մեջ պայծառի ու խավարի հարց չկա, պետք է նայել Հայաստանի ներկայիս կացությանը: Եթե Եվրոպական միությունը չտեսներ, որ Հայաստանն ուզում է բարեփոխումներ իրականացնել Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակներում՝ այս մասին չէր բարձրաձայնի, նման հայտարարություն չէր անի:

– Իսկ մտավախություն չկա՞, որ Հայաստանը, ինչպես նախորդ անգամ, կարող է վերջին պահին ետ կանգնել: Համոզվա՞ծ եք, որ Հայաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը:

– Գնահատական տալը հեշտ չէ: Քաղաքականության մեջ բացարձակ ոչինչ չկա, չկան մշտական «այո»-ներ կամ «ոչ»-եր: Բայց որ նման տրամադրություններ կան՝ դա հաստատ է: Վերջին շրջանում Հայաստանից շատ պատվիրակություններ են եկել Եվրոպա՝ հատկապես Բրյուսել, Ստրասբուրգ: Բացի այդ՝ մարտին այստեղ անցկացվելու է ԵՄ հարևանություն-Արևելք (EURONEST) խորհրդարանական վեհաժողովի նիստը, այնպես որ՝ անհամատեղելի բաներ չկան: