Ցեղասպանության թեմայով ֆորում Մոսկվայում

Ցեղասպանության խնդիրը հրատապ ու սուր է մնում ժամանակակից աշխարհում և հասարակությունը պետք է այդ երևույթին հակազդելու միասնական քաղաքականություն մշակի, հայտարարում են «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» միջազգային ֆորումի մասնակիցները, որը կայացավ Մոսկվայում:

Ֆորումը տեղի ունեցավ նոյեմբերի 28–ին, Պրեզիդենտ-հոթելի մեծ դահլիճում, քննարկումը տևեց յոթ ժամ:

Միջոցառումը համատեղ կազմակերպել էին «Արդար աշխարհ» ինստիտուտը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ընկերակցությունը, Կրոնի և կրոնական հանդուրժողության ուսումնասիրության կենտրոնը (Բելգրադ) ՌԴ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը:

Դրա աշխատանքներին մասնակցեցին Պետական Դումայի պատգամավորներ, գիտնականներ և փորձագետներ, ազգային-մշակութային համայնքների ներկայացուցիչներ: Ֆորումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել. երեք հարյուր տեղանոց դահլիճը լեցուն էր:

Ֆորումի աշխատանքը բաղկացած էր երկու նիստերից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ընդգրկում էր երկուական բաժին:

Զեկուցումներով հանդես եկավ քսանմեկ մարդ: Նրանց զեկուցումներից հետո ներկաները մասնակցեցին ընդհանուր քննարկմանը, որը նվիրված էր ցեղասպանության հետևանքների վերացմանը և ժամանակակից աշխարհում էթնոմշակութային հանդուրժողության ապահովմանը, ժողովուրդների պատմական գիտակցության մեջ ցեղասպանության տեղին, ԶԼՄ-ներում ցեղասպանության թեմայի նկատմամբ ուշադրությանը և ցեղասպանության փաստի ճանաչման իրավա-քաղաքական դիտանկյուններին:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքերով հանդես եկան ՌԴ Պետական Դումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովան և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

«Ցեղասպանության ժխտումը հող է նախապատրաստում այլ ցեղասպանության համար»

Ներկա իրավիճակում շատ կարևոր է ցեղասպանության թեմայով համատեղ ֆորումների անցկացումը, հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Օրոնը: Նա չի թաքցնում իր ափսոսանքը Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման համար: «Ցավոք, իմ երկիրը` Իսրայելը, հրաժարվում է անել դա: Իմ կարծիքով, ցեղասպանության չճանաչումը մեծ սխալ է, – համարում է պրոֆեսորը: Ցեղասպանության ժխտումը հող է նախապատրաստում այլ ցեղասպանության համար»: Քսաներորդ դարում ցեղասպանությունը հնարավոր եղավ միջազգային հանրության ընդհանրական դիրքորոշման բացակայության պատճառով, հայտարարեց ֆորումի մասնակից Լիպարիտ Պետրոսյանը: «Եթե միջազգային հանրությունը քսաներորդ դարում ավելի համախմբված գործեր, կարծում եմ, որ չէին լինի Հայերի ցեղասպանությունը և Հոլոքոստը»,- համարում է նա: Նրա խոսքերով, ցեղասպանության թեմայով միջազգային ֆորումը հնարավորություն է տալիս համախմբել բոլոր մոտեցումները և մշակել այդ երևույթին հակազդելու ընդհանուր գիծ: «Աշխարհը ընդհանուր է, և ցեղասպանությունը` կարևոր չէ հայերի, հրեաների, հույների կամ ասորիների, համախմբում է բոլորին», – ասաց Պետրոսյանը:

«Ցեղասպանությունը կրկնվում է, երբ քաղաքական նպատակահարմարությունը գերակայում է բանականության, իրավունքի և օրենքի նկատմամբ»

Ֆորումի բոլոր մասնակիցների մոտ ձևավորվեց միասնական տեսակետ. նրանք դատապարտում են ցեղասպանության դեպքերը, որպեսզի կանխեն այդ երևույթի կրկնությունը, ասում է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: «Այդ մասին խոսուն կերպով վկայում են զեկուցողները` քաղաքական գործիչները, ակադեմիական և վերլուծական հանրության ներկայացուցիչները և որ շատ կարևոր է` ազգային համայնքների ներկայացուցիչները, հատկապես այն ժողովուրդների, ովքեր այսպես թե այնպես տուժել են տարբեր ժամանակների ցեղասպանություններից», – նշեց նա: Դրա հետ մեկտեղ, չնայած ցեղասպանության կանխման ուղղությամբ մարդկության ջանքերին և բավական ուժեղ իրավական դաշտի ձևավորմանը, մարդիկ այսօր էլ ցեղասպանությունների վտանգի կրկնման ականատեսն են տարբեր տեղերում, այդ թվում և կովկասյան տարածաշրջանից ոչ հեռվում, փաստում է Նավոյանը:

«Երբ քաղաքական նպատակահարմարությունը գերակայում է բանականության, իրավունքի և օրենքի նկատմամբ, մենք ունենում ենք նման հանցագործությունների կրկնման փաստեր: Ցեղասպանության դատապարտումը չի կորցնում իր հրատապությունը և մենք պետք է դեղատոմս գտնենք այդ չարիքի դեմ», – համոզված է ֆորումի կազմակերպիչներից մեկը:

Ֆորումում քննարկվեցին նաև ցեղասպանության փաստի ճանաչման իրավա-քաղաքական դիտանկյունները: «Հայերը տարածված են աշխարհով մեկ, Հայրենիքի մեծ մասը կարսված է, մշակութային ժառանգությանը մեծ հարված է հասցված: Այս հարցի լուծման համար ինչ-որ ելք է պետք գտնել, – նշեց ֆորումի զեկուցողներից մեկը: – Մյուս կողմից էլ, պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև: Ճշմարիտ և իրական հաշտությունը հնարավոր է Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ճանաչման և դրա հետևանքների վերացման միջոցով: Ժխտելով ցեղասպանությունը, ներկա թուրքական կառավարությունը շարունակում է Հայաստանի նկատմամբ վարել ոչ բարյացակամ քաղաքականություն»:

Խոսելով ֆորումի հրատապության մասին, Յուրի Նավոյանը նշեց, որ «ցեղասպանություն» բառը ավելի հաճախ է հնչում պետությունների ղեկավարների շուրթերից, երբ նրանք խոսում են Արևելյան Եվրոպայի, Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին: «Դրանք բոլորը նոր մարտահրավերներ են և ավելի հրատապ են դարձնում մեր այսօրվա թեման»,- հայտարարեց Նավոյանը: Ֆորումի սկզբում նրա մասնակիցները հնարավորություն ունեին ծանոթանալու երեք ցուցահանդեսների: «Երկրորդ աշխարհամարտը և Հոլոքոստը ԽՍՀՄ տարածքում. Հոլոքոստի զոհ երեխաները» ցուցադրությունը պատրաստվել էր «Հոլոքոստ» կենտրոնի և Հրեական ժառանգության ու Հոլոքոստի թանգարանի կողմից` Համառուսաստանյան հրեական կոնգրեսի աջակցությամբ:

«Հայերի ցեղասպանությունը» ցուցահանդեսը պատրաստել էր «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը:

Երրորդ ցուցահանդեսը` «Ասորական ժողովրդի ցեղասպանությունը անցյալի և ներկայի ողբերգությունն է», պատրաստվել էր «Ցարգրադ» հեռուստաընկերության և Արևելքի ասորական եկեղեցու կողմից:

Ելենա Խրուստալևա «Կավկազսկիյ ուզելի» թղթակից