«Թեւանիկ»-ը Նոր Ջուղա մեկնեց

Տեղի ունեցաւ Ջիւան Աւետիսեանի «Թեւանիկ» լիամետրաժ ֆիլմի ցուցադրումը «Կոմիտաս»-ում

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Մէկ տարի՝ «Ընդհատւած մանկութիւն» ֆիլմի ցուցադրումից անց, Ջիւան Աւետիսեանը նոյն Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում թեհրանահայ հանդիսատեսի դատին յանձնեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Թեւանիկ»-ը:
«Թեւանիկ»-ը լիամետրաժ ֆիլմ է՝ արցախեան գոյամարտի մեկնարկային շրջանում տիրող իրարանցումների ու մարդկային յարաբերութիւնների դրւագային պատմութեան մասին:
«Թեւանիկ»-ում կիրառւած պատմաոճը զերծ է մնում պատմողական միապաղաղ ընթացքով ուղղուրդւելուց: Գործողութեան զարգացումը դրսեւորւում է հերոսների փոխյարաբերութիւններ եւ դէպքեր վերարտադրող պատկերների միջոցով, որոնք փոքրածաւալ դրւագներով ստեղծագործութիւնը դարձրին ծաւալուն երկ: Այստեղ հարկ կը լինի ընդգծւած նշել նաեւ այն, որ միեւնոյն ժամանակի կտրւածքով Ջիւան Աւետիսեանը պատմութիւնը ցուցադրում է տարբեր հերոսների, ինչպէս նաեւ անկիւններ պատկերած դրւագներով: Գործողութեան զարգացման գագաթնակէտը յանգեցնում է սիւժէի ամենալարւած վիճակին, երբ կողմերի բախումը հասնում է իր ծայրայեղ աստիճանին, ինչը կարծես բոլոր պերսոնաժների սպասելիքը արդարացնելու պարտաւորւածութիւն ունի վերցրած իր ուսերին եւ բնականաբար պէտք է լուծում ստանայ: Իսկ լուծում ստանում է լսարանի ենթագիտակցութեան պաստառում, քանի որ ֆիլմը ինչպէս սովորաբար նման դէպքերում է ասւում՝ չի աւարտւում էկրանին…

Ջիւան Աւետիսեան
Ջիւան Աւետիսեան

Ջիւան Աւետիսեանի նախընտրած հերոսները անսովոր դէմքեր չեն: Նրանք պատմութեան առանցքում են յայտնւել՝ իրենց առօրեայ կեանքը խզւած տեսնելով: Հասարակ մարդիկ, որոնք որոշիչ դեր են խաղում իրենց սեփական «երկի» մէջ, իսկ «Թեւանիկ»-ի կտրւածքով ռեժիսորը ենթադրում՝ մարդկային բնաւորութեան խորը բացայայտում: Ֆիլմը նոյնիսկ նկարագրում է ազգութեամբ ազերի կնոջ կրած ցաւն ու զրկանքը, որը նոյնպէս ներկայացւում է, որպէս՝ համամարդկային ցաւ:
Չհաշւած ֆիլմը տկարացնող պատերազմական երկար ու ձգձգւող եւ ինչ-որ տեղ ռազմա-գիտական առումներով ոչ-ճիշտ պատկերների շռայլումին, Ջիւան Աւետիսեանի «Թեւանիկ»-ը կարելի է համարել յաջողւած՝ կատարւած պատկերային փոխանցումների առումով: «Թեւանիկ»-ը լուսանկար է , որը դրւագում է կարճատեւ երեւոյթի մասին ցուցադրւող չընդհատւող մի պատմութիւն:
Ջիւան Աւետիսեանը ֆիլմի ցուցադրումից յետոյ ունեցած իր ելոյթում նշեց, որ ուրախ է, որ իրանահայ հանդիսատեսի ներդրումը նոյնպէս կայ «Թեւանիկ»-ի պատրաստման գործում: Նա յաւելեց նաեւ, որ ֆիլմում նկարագրւած բոլոր պատմութիւնները վերցւած են իրական դէպքերից եւ կրում են վաւերագրական շունչ:
Ֆիլմի ցուցադրումը, որի նախաձեռնութիւնը՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեանն էր, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում: Բացումը կատարւեց Արցախի հանրապետութեան պետական հիմներգով: Պատւաւոր հիւրերի շարքերում էին նաեւ Իսլ. խորհրդարանում իրանահայութեան ազգընտիր պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Իրանում ՀՀ դեսպան պրն. Գրիգոր Առաքելեանը:
Ջիւան Աւետիսեանի ֆիլմոգրաֆիայի մասին նաեւ պատմող խօսք ընթերցեց Անահիտ Աւետեանը: