Նիդերլանդների Աշխատավորական Կուսակցությունը (PvDA) իր՝ ծագումով թուրք երկու պատգամավորների հեռացրեց

Նիդերլանդների Աշխատավորական Կուսակցությունը (PvDA) իր՝ ծագումով թուրք երկու պատգամավորների հեռացրեց՝ առաջին հերթին խորհրդարանական խմբակցությունից և ապա նաև կուսակցությունից: Թունահան Կուզուն և Սելջուկ Օզթուրքը կտրականապես դեմ էին Աշխատավորական կուսակցության նախարար՝ Աշերի ծրագրին, որով նա պատրաստվում է ստուգումներ անցկացնել Նիդերլանդներում գործող չորս Թուրքական կազմակերպությունների նկատմամբ: Այս կազմակերպությունները, ըստ նախարարի չունեն թափանցիկ գործնեություն և գտնվում են Թուրքիայի կառավարության խիստ ազդեցության տակ: Թուրք պատգամավորները կարողացել են Աշխատավորական կուսակցության ցանկով խորհրդարան թափանցել, այսպես կոչված «գերադասության քվեներով»: Նիդերլանդների ընտրական օրենքը թույլ է տալիս կուսակցության ցուցակից ընտրել այն անձին, որին գերադասում ես: Հենց այս ձևով էլ նրանք հավաքելով տասնյակ հազարավոր թուրք բնակիչների ձայները անցնում են խորհրդարան:
Թուրքական չորս կազմակերպություններից մեկը «Դիանեթ» կազմակերպությունն է, որն ընդգրկում է Նիդերլանդներում գործող թուրքական մզկիթների կեսը: «Դիանեթ» է կոչվում կրոնական գործերի նախագահությունը Թուրքիայում: Այն մաս է կազմում Թուրքիայի Ներքին Գործերի նախարարության և ղեկավարում թուրքական մուհամեդականությունը: Այն շեշտը դնում սունիստական տեսության՝ «Պետական Իսլամ» գաղափարախոսության վրա: «Դիանեթ»-ը գործում է նաև Թուրքիայի սահմաններից դուրս: Կազմակերպության ղեկավարումը կատարվում է Թուրքիայի դեսպանության կողմից: Այս կազմակերպությունը սպասարկում է նաև հոգևորականներ՝ հավատացյալների համար և մինչև անգամ իմամների ելույթները մզկիթներում գրվում են նրա կողմից:
Հենց այս կազմակերպությունն էր, որ 2014 թվականի հուլիսի մեկին կազմակերպեց Ալմելոյի բազմահազարանոց հակահայ ցույցը, որն ուղղված էր Ալմելոյում Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը: Այս ցույցի կազմակերպիչների նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ ազգամիջյան ատելություն սերմանելու մեղադրանքով, քանի որ ցույցի ժամանակ հնչել են անթյուլատրելի կոչեր, ինչպիսիք են՝ «Ղարաբաղը կդարձնենք հայերի գերեզման»: Քրեական գործը հարուցել են Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան:

Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝
Մասիս Աբրահամյան