Ցեղասպանության հատուցման պահանջատիրական համազգային ծրագիր է հարկավոր

(tert.am) Շուտով կհրապարակվի Հայոց ցեղասպանության հատուցման ուսումնասիրության խմբի ուսումնասիրությունը, ինչը քննարկման բավականին առանցքային նյութ կլինի, որովհետև անհրաժեշտ է, որ մենք ունենանք համախոհություն, թե ինչ ենք պահանջում և ինչպես ենք պահանջելու։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նա նաև հայտնեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման պետական հանձնաժողովի՝ 2015-ի հունվարին կայանալիք նիստում ընդունվելու է միասնական հռչակագիր, որի մեջ նաև պահանջներն են ներկայացվելու։

Հարցին, թե պահանջատիրությունը պետք է ներկայացնեն անհատները, թե Հայաստանը՝ որպես պետություն, Կիրո Մանոյանը պատասխանեց.«Այդ հարցն այդքան պարզ չէ, բավական ծավալուն փաթեթ է պատրաստված, որի մեջ ամեն ինչին անդրադարձ կա՝ անհատական և հավաքական վնասի հատուցումից մինչև պետության ունեցվածքի, և դերակատարություն խնդիրը»։

Ինչ վերաբերում է նրան, թե մասնավորապես, Դաշնակցության համար որոշակի՞ է՝ ինչ և ինչպես պահանջելու հարցը, Կիրո Մանոյանն ասաց.«Մեր մոտեցումները պարզ են, թե ինչ ենք ուզում, ինչպես և ով, դրա վերաբերյալ ավելի ճիշտ կլինի համազգային համախոհություն գոյանա և ոչ թե մի կառույց կամ կազմակերպություն ինչ-որ բան ասի։ Թե ինչ պետք է պահանջվի, Դաշնակցության համար 90 տարուց ավելի է պարզ է։ Մեզ համար հիմնականը տարածքներն են, սակայն ոչ միայն դա։ Կարծում եմ՝ Դաշնակցության համար կարևորն այն ազգային համախոհությունն է, որը պետք է ձևավորվի, քան թե յուրաքանչյուրն առանձնաբար մոտեցումներ ցուցաբերի»։

Կիրո Մանոյանը գտնում է, որ ինչպես Ցեղասպանության ճանաչման հարցում բոլոր տարակարծությունները մի կողմ են դրվել և միաձայնության ենք հասել, այդպես էլ պահանջատիրության հարցում կլինի։ «Ցեղասպանության ճանաչման փորձը, Ղարաբաղի ազատամարտը բավականին հիմք է ասելու, որ մենք այդ հարցով կարող ենք միասնական լինել», -ասաց նա։